Կորոնավիրուսի հետևանքով ութերորդ մահը և վարակման 11 նոր դեպք Հայաստանում
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ութերորդ հիվանդը։ Վարչապետն ինքն է հաղորդել այդ մասին․
«Մեր քաղաքացիներից ևս մեկն է մահացել կորոնավիրուսից։ Նա 68 տարեկան էր»։
Այս հիվանդի, ինչպես և նախորդների այն պացիենտների, որոնց չի հաջողվել փրկել, ուղեկցող քրոնիկական հիվանդություններ են եղել։ Կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբից բացի՝ նա շաքարախտ, զարկերակային հիպերտենզիա, գլխուղեղի արյան շրջանառության խնդիրներ է ունեցել։
Կորոնավիրուսը Կովկասում։ 18 նոր դեպք Վրաստանում։ Թարմացվում է
Կարծիք․ COVID-19–ն արժանի է մարդկության հարգանքին
Վարակվածների թվի վերաբերյալ թարմացված վիճակագրությունն այս պահին հետևյալն է․ ընդհանուր առմամբ, 833 վարակված կա, բուժում է ստանում 763 հիվանդ։ Ապաքինվել է 62–ը։ Ապրիլի 5–ին անցկացված 263 թեստերից դրական է եղել միայն 11–ը։ Վերջին շաբաթում սա առաջին ցածր ցուցանիշն է։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 7–ի առավոտյան հնարավոր կլինի լիովին գնահատել, թե որքան է նվազել վարակի տարածման տեմպը։
«Եթե հայտնաբերվի, որ մենք իրոք կրճատել ենք վարակման նոր դեպքերի քանակն, ապա սահմանափակման միջոցները, որոնք մեր քաղաքացիներին բազում անհարմարություններ են պատճառել, դրական արդյունք են տվել։ Դա, իր հերթին, ավելացնում է շանսերը, որ հաջորդ երկուշաբթի օրվանից մենք կսկսենք թուլացնել ռեժիմը»։
Հայաստանում այժմ 25 հիվանդ է բուժում ստանում թոքաբորբից, որն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով։ Նրանցից երեքը միացված են արհեստական շնչառության սարքերին, մեկի վիճակը գնահատվում է՝ ծայրահեղ ծանր։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն: