Հայաստանում 14 կորոնավիրուսով վարակված բուժվել է։ Միաժամանկ խստացվել է արտակարգ դրության ռեժիմը
Մարտի 24-ին Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է երկրում կորոնավիրուսի հաղթահարման վերաբերյալ տվյալներ՝ ժամը 21:00-ի դրությամբ․
«Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները. բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։ [Ավելի վաղ այս մասին իր ելույթում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը]։
Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի թեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից»:
Մինչ այդ արդեն հայտարարվել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 249-ի։ Այս կապակցությամբ ավելի է խստացվել արտակարգ դրության ռեժիմը։
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն երկրի ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Կոչ է արվում առանց անհրաժեշտության դուրս չգալ տանից, իսկ դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժման թերթիկ։
Այս ձևաթուղթը պարտադիր չէ տպագրված լինի տպիչ սարքով, այն կարող է լինել ձեռագիր։ Պարտադիր է միայն լրացնել բոլոր տողերը՝ սովորական թղթի վրա գրիչով, և ստորագրել: Տեղաշարժման թերթիկում պետք է նշել, ելքի և ակնակլվող վերադարձի ժամը, այցելության նպատակը և հասցեն։