Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 30-ի
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: 300 մարդ, ով շփում է ունեցել վարակվածների հետ, մեկուսացված են։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․
«Նրանցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»։
Կառավարությունում ժամը 15:00-ին տեղի կունենա արտահերթ նիստ, կքննարկվի Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն մտցնելու հարցը:
«Նիստը կլինի դռնբաց, կհեռարձակվի ուղիղ եթերով»,- հայտնել է վարչապետ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում:
• Կորոնավիրուս․պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ սպասել
• Կորոնավիրուս․այլևս ոչ մի գրկախառնություն, ողջույնները՝ միայն արմունկներով և կոշիկներով։ ՏԵՍԱՆՅՈՒԹ
• Ամեն ինչ՝ կորոնավիրուսի մասին
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:
Տասն օր շարունակ նա կորոնավիրուսով միակ հիվանդն էր։
Իրավիճակը փոխվեց մարտի 11–ին, երբ տեղեկություններ հայտնվեցին վարակման միանգամից երեք նոր դեպքի մասին, մարտի 13–ին նրանք արդեն ութն էին:
Մարտի 15-ի ընթացքում վարակվածների թիվն աճեց և հասավ 28-ի։ Միաժամանակ պարզվեց, որ առաջին պացիենտը, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, արդեն առողջ է և կարող է տուն վերդառնալ։