Կոռուպցիայի կասկածանքով Սաուդյան Արաբիայում արքայազններ են կալանավորվել
Սաուդյան Արաբիայում կալանավորվել է 11 արքայազն և տասնյակ պաշտոնյաներ: Այդ էքստրաօրդինար որոշումը կայացրել է նախօրեին իր աշխատանքը սկսած կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն: Այն ղեկավարում է արքայազն Մոհամեդ Բին Սալմանը: Կազմակերպությունն իրավունք ունի կասկածյալներին երկրից դուրս չթողնելու և նրանց կալանավորելու թույլտվություն տալ:
Սաուդյան Արաբիայից դուրս քչերն են լսել Բին Սալմանի գոյության մասին մինչև այն պահը, երբ նրա հայրը թագավոր դարձավ 2015թ-ին: Սակայն այդ պահից ի վեր նա դարձավ երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, հաղորդում է Բի-Բի-Սին:
2016թ-ին Մոհամեդ Բին Սալմանը հայտարարեց բարեփոխումներ սկսելու մասին, որոնք պետք է սոցիալական և տնտեսական փոփոխություններ բերեին երկիր, որը համաշխարհային առաջատար է նավթի արտահանման ոլորտում: 2017թ-ի ամռանը նա թագավորի ժառանգորդ հայտարարվեց:
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է օգնի Բին Սալմանին իր իշխանությունն ամրապնդելու հարցում, սակայն քաղաքական էլիտայում այդպիսի մասշտաբային զտումները Սաուդյան Արաբիայի համար բնորոշ երևույթ չէ: Հասարակության պահպանողական մասը կարող է չհասկանալ իշխանությունում տեղի ունեցող այդ կտրուկ փոփոխություններն, ասում են շատ փորձագետներ:
Կալանավորվածների ինքնությունները դեռևս չեն բացահայտվում: Սակայն, ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկատվության, նրանց թվում է արքայազն ալՎալիս բին Թալալը: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Բին Թալալի կարողությունն, ըստ Forbes-ի կազմում է մոտ 19 մլրդ դոլար:
Նախօրեին Սաուդյան Արաբիայի թագավորը նույնպես աշխատանքից ազատել է Ազգային գվարդիայի ղեկավարին և նավատորմի հրամանատարին: Ոչ մի պաշտոնական մեկնաբանություն այդ առթիվ դեռ չի արվել: