«Հայաստան-Վրաստան դուետը հեռանկարային է ԵՄ համար»․ կարծիքներ
Կոբախիձեի այցը Հայաստան
Հայաստանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ «առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։ Նմանատիպ արձանագրում է արել նաև ՀՀ վարչապետը։
Բացի այդ, Փաշինյանը հայտնել է, որ իր վրացի գործընկերոջ հետ քննարկել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։
Հայ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է՝ փորձ է արվում տարածաշրջանում հստակ կանոններ մշակել, և այդ կանոնների շրջանակներում գործընթացներ իրականացնել, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ին փորձել Ադրբեջանին ևս բերել այդ կանոնների շրջանակ:
Մինչդեռ վրացի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին հարցնում է՝ որքանո՞վ է ճիշտ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ռազմավարական համարելը։ Նա կարծում է, որ տեղին չէ խոսել երկու երկրների հարաբերությունների նման մակարդակի մասին։
Ի՞նչ հայտարարություններ են արել երկու երկրների վարչապետները, մեկնաբանություններ Երևանից և Թբիլիսիից
Հայ-վրացական ռազմավարական կապերի մասին
Ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2024 թ․-ի հունվարին երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը «հավակնոտ հեռանկար» է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Տեղեկացրել է՝ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել են հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։
ՀՀ վարչապետի գնահատմամբ՝ Վրաստանի հետ գործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի նաև տարածաշրջանում կայունության և փոխշահավետ համագործակցության ապահովելու տեսանկյունից։
Օգտագործելով առիթը՝ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին։ Ըստ նրա՝ դա կարևոր իրադարձություն է, որն «անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան–Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա»։
Վրաստանի վարչապետի գնահատմամբ՝ հռչակագրի ստորագրմամբ երկու երկրներն էլ ավելի բարձր մակարդակի են հասցրել երկկողմ հարաբերությունները․
«Նպատակն է խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը։ Այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա ու արտահայտում է մեր աջակցությունն այդ արժեքներին»։
Կոբախիձեի փոխանցմամբ՝ գործընկերությունը էլ ավելի կզարգանա քաղաքականության, տրանսպորտի, տնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում։
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի երկխոսությունը Բաքվի հետ
Վրաստանի վարչապետը Երևանում հայտարարել է՝ հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Վստահեցրել է՝ Թբիլիսին պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցել ու նպաստել խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում։
«Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին»,- նկատել է Նիկոլ Փաշինյանն ու շնորհակալություն հայտնել Վրաստանի գործընկերներին։
Նա անդրադարձել է նաև տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային և հիշեցրել Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ այն պետք է դառնա ՀՀ և Վրաստանի ռազմավարական գործընկերության «ապագա թեմաներից մեկը»։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Վրաստանի այս իշխանությունները իրենց վարքագծով նմանվում են ՀՀ իշխանություններին, այն է՝ վարում են «զգուշավոր և հնարավորինս իներտ» քաղաքականություն։
«Հայաստանի իշխանությունները ևս փորձում են շատ փոքր քայլերով առաջ գնալ, չդիմել ոչ միայն ավելորդ ռիսկի, այլև հիմնավորված ռիսկի։ Կարելի է ասել՝ Վրաստանի դեպքում էլ կա այս զգուշավորությունը»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա։
Ընդգծում է՝ Թբիլիսին Երևանի հետ շփումներում զգուշավոր էր, որովհետև երկար տարիներ ՀՀ-ն ինքնուրույն որոշումներ չէր կայացնում և ընդամենը ռուսական ֆորպոստ էր հիշեցնում։ Հիմա էլ այդ զգուշավորությունը «իներցիոն ձևով» դեռ պահպանվում է։ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Վրաստանը շահագրգռված է, որ ՀՀ-ն դառնա տնտեսական հանգույց, քանի որ դա մուլտիպլիկատիվ էֆեկտով բերելու է Վրաստանի տնտեսական հզորության ամրապնդման և ավելացման․
«Եթե ՀՀ իշխանությունները շարունակեն այն կուրսը, որը վերցրել են, և մեկ-երկու համարձակ քայլ իրականացնեն՝ իրական քայլ, ոչ թե հայտարարություններ, ապա Վրաստանի կողմից ավելի մեծ վստահություն կլինի առ այն, որ ՀՀ պատրաստ է իր դերակատարումն ունենալ»։
Ասում է՝ ոչ ոք չի կարող ասել, թե հաստատվելիք աշխարհակարգում որ կողմերն են լինելու ավելի ուժեղ ու ազդեցիկ, որ կողմերն են իրենց շահերի մեջ ներառելու նաև Վրաստանի և Հայաստանի ապագա համագործակցությունը: Ղևոնդյանի գնահատմամբ՝ ներկա պահին հայ-վրացական գործակցությունը ձեռնտու է ինչպես երկու պետություններին, այնպես էլ հավաքական Արևմուտքին․
«Լավագույն ապագայի դեպքում՝ եթե Վրաստանին հաջողվի դադնալ ԵՄ անդամ, ապա ՀՀ-ն միայն կշահի դրանից՝ անկախ նրանից՝ ինչպիսի զարգացումներ կլինեն աշխարհաքաղաքական հավասարակշռության առումով»։
Շեշտում է՝ ԵՄ անդամ երկրի հարևան լինելն արդեն իսկ կնշանակի ձգտել ավելի բարձր որակների՝ ԵՄ ստանդարտների հետ մրցունակ լինելու համար։ Դա, ըստ նրա, դրական ազդեցություն կունենա առաջին հերթին Հայաստանի տնտեսության վրա, բայց նաև մյուս ոլորտների։
Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ, Եվրոպայի համար շատ ավելի հետաքրքիր ու հեռանկարային է «Հայաստան-Վրաստան դուետը», քան ՀՀ-ն՝ որպես առանձին գործընկեր։
«ԵՄ-ն խրախուսում է ՀՀ-ի և Վրաստանի միջև փոխհարաբերությունների զարգացումը»,- ասել է նա։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Թբիլիսիի հնարավոր ներգրավվածությանը՝ Ղևոնդյանը նկատել է՝ Վրաստանը կարող է ձեռնարկել «ընդամենը հարթակի տրամադրման» քայլեր։
«Աշխարհաքաղաքական խաղում, որը գոյություն ունի Հարավային Կովկասում, Վրաստանն ունի որոշակի դիրքավորում, բայց այն թույլ չի տալիս, որպեսզի նա դառնա գործոն Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացում»,- պարզաբանել է նա։
«Խաղաղության խաչմերուկի» մասին խոսույթը իրական չի համարում։ Նկատում է՝ այն կռվախնձոր է լինելու աշխարհի գերտերությունների միջև, իսկ այդ դեպքում չի կարելի այն կոչել խաղաղության խաչմերուկ:
«Դա ավելի շուտ տնտեսական խաչմերուկ կարելի է անվանել, որը առողջ մրցակցության, աշխարհաքաղաքական հավասարակշռության դեպքում կարող է մեծ օգուտներ բերել տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին»,- նշել է նա։
Քաղաքագետի փոխանցմամբ՝ Վրաստանը ոչ թե համաձայն է, այլ երկու ձեռքով կողմ է, որպեսզի նման գործընթաց տեղի ունենա․
«Վրաստանը ոչ թուրքական աշխարհով միակ և ամենակարճ ճանապարհն է ԱՄԷ, Հնդկաստանի, նաև Չինաստանի համար՝ Իրանի միջոցով դեպի Եվրոպա հումք արտահանելու և հակառակ ուղղությամբ տեխնոլոգիաներ, պատրաստի արտադրանք արտահանելու համար: Սա նշանակում է, որ այս ճանապարհը շատ հետաքրքիր է երկու կողմին էլ, և իմ նշած պետություններին, և հավաքական Արևմուտքին»։
Մեկնաբանություն Թբիլիսիից
Կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին JAMnews-ի համար մեկնաբանել է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլը։
Կոբախիձեի այցի, «ռազմավարական գործընկերության» մասին
«Վարչապետ Կոբախիձեի այցը Երևան ավելի շատ ֆորմալ բնույթ էր կրում։ Նոր վարչապետը, որպես կանոն, պետք է այցելի բոլոր բարեկամ պետությունները՝ Բրյուսել, Բաքու, Երևան, Անկարա։ Սա անհրաժեշտ ընթացակարգ է բարեկամ պետությունների նկատմամբ հարգանքն արտահայտելու համար։
Այլ հարց է, թե որքանով է ճիշտ օգտագործվում «ռազմավարական» բառը վրացական իշխանությունների կողմից։
Ռազմավարական հարաբերությունների մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ երկու պետությունների հարաբերությունները պայմանավորում են միմյանց բարեկեցությունը։ Ուստի, օրինակ, Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները ինձ հասկանալի են, քանի որ ադրբեջանական նավթն անցնում է Վրաստանով, և դա կարևոր է երկու երկրների համար։ Այսինքն՝ կախված ենք մեկս մյուսից։
Բայց Հայաստանի հետ նման հարաբերություններ չկան։ Մենք Հայաստանի հետ պահպանում ենք արժանապատիվ գործընկերային հարաբերություններ, Հայաստանն օգտագործում է Վրաստանի տարածքը, բնականաբար, միջպետական համաձայնագրերին համահունչ։ Սակայն մենք Հայաստանից այնքան կախված չենք, որքան Հայաստանը Վրաստանից։ Ուրեմն ինչո՞ւ ռազմավարական հարաբերություններ։ Ես չեմ հասկանում։
Մենք Հայաստանի հետ ունենք պատմական, բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ, դրանք նույնիսկ ավելին են, քան ռազմավարական հարաբերությունները։ Բայց դասական իմաստով դրանք ռազմավարական կոչել չի կարելի»։
Եվրաինտեգրման մասին
«Թվում է, թե Հայաստանը ցանկանում է լիովին մեկուսանալ և հեռավորություն պահպանել Ռուսաստանից։ Այդ հեռավորությունը փոխհատուցվում է Եվրամիության հետ հարաբերությունների խորացմամբ։
Թուրքիան նույնպես ունի թեկնածուի կարգավիճակ։ Եթե Հայաստանը Թուրքիայի և Վրաստանի հետ միասին հայտնվի անդամության թեկնածուների ցանկում, ապա ԵՄ-ն կտեսնի գլոբալ տարածաշրջանային համատեքստ։ Եվ դա շատ լավ կլինի Հայաստանի համար։ Դա կնպաստի նաև հայ-թուրքական հարաբերությունների խորացմանը։
Եվրամիության հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ ավելի կխորանա, եթե Հայաստանն ակտիվ քայլեր ձեռնարկի Եվրամիությանն անդամակցելու համար»։
Կովկասում Ռուսաստանի դերի մասին
Հարցին, համաձա՞յն է արդյոք այն կարծիքի հետ, որ Վրաստանն այսօր փորձում է մերձենալ Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը՝ հեռանալ նրանից, Պաատա Զաքարեիշվիլին պատասխանել է.
«Թեև երկկողմ հարաբերություններում այժմ խնդիրներ կան, սակայն Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա դեռևս մեծ է, քանի որ նա այնտեղ մեծ տնտեսական ներկայություն ունի։
Հայաստանը ԱՊՀ անդամ է, Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ, դիվանագիտական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում, Ռուսաստանը փաստացի Հայաստանի տնտեսության տերն է։ Վրաստանում նմանատիպ իրավիճակ չէ:
Ինստիտուցիոնալ, տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական առումներով Հայաստանը դեռ գտնվում է Ռուսաստանի ուղեծրում, իսկ Վրաստանը՝ ոչ։
Վրաստանի դեպքում կարելի է խոսել միայն Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքական ասպեկտի մասին։ Միգուցե շուտով մնացած ամեն ինչ հաջորդի քաղաքականին։ Բայց ընդհանուր առմամբ, դեռ մեծ տարբերություն կա Ռուսաստան հետ կապված Վրաստանի կողմնորոշման և Հայաստանի՝ ՌԴ-ից ոչ այնքան արագ հեռանալու միջև»։
Ո՞րն է լինելու Ռուսաստանի դերը Կովկասում մոտ ապագայում
«Այն պահից, երբ Թուրքիան հայտնվեց Կովկասում, երբ 2020 թվականին նա օգնեց Ադրբեջանին ղարաբաղյան հարցում, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ակնհայտորեն նվազում է։
Ադրբեջանը նույնպես հեռանում է Ռուսաստանից։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան զգուշավոր ադրբեջանամետ քաղաքականություն են վարում։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ասեմ, որ կառավարությունն այժմ վարում է ոչ թե Վրաստանի ազգային շահերի, այլ «Վրացական երազանքի» քաղաքականությունը։ Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության, որի առանցքում հենց Ադրբեջանի և Թուրքիայի պետական շահերն են։
Մենք տեսնում ենք, թե Ադրբեջանը որքան զգույշ և հմտորեն հեռացավ Ռուսաստանից։ Շատ կարևոր է լինելու 2025 թվականը, երբ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի տարածքից։
Ռուսաստանը թուլանում է թե՛ Կովկասում, թե՛ աշխարհում։ Եվ ամոթալի է, որ այս պահին Վրաստանի իշխանություններն ավելի մեծ համակրանք են ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ։ Հուսանք, որ դա պարզ համակրանքից այն կողմ չի անցնի»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կոբախիձեի այցը Հայաստան