Կկայանա՞ Փաշինյան-Ալիև հանդիպումը, կլինի՞ Բրյուսելը՝ Ստոկհոլմի ձախողումից հետո։ Կարծիքներ
Հայաստանում սպասում են վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը Բրյուսելում, որը նախանշված է դեկտեմբերի 15-ին «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում։ Եվրոպացի գործընկերները հույս ունեն, որ բանակցությունները թույլ կտան խուսափել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական նոր բախումներից և կնպաստեն հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն արդյո՞ք կկայանա Փաշինյան – Ալիև հանդիպումը եվրոպական հարթակում՝ հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները։
«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության նախագիծն է, որի նպատակը նախկին ԽՍՀՄ վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ կապերի հաստատումն ու ամրապնդումն է։
Դեկտեմբերի 2-ին ձախողվել է արտգործնախարարների հանդիպումը, որը պետք է կայանար Ստոկհոլմում, ԵԱՀԿ ՄԽ նախարարական կոնֆերանսի շրջանակում։ Ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպումից։ Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին «սադրանքի» համար, որի պատճառով բանակցությունները տապալվել են։ Խոսքը ԼՂՀ գործընկերների հետ համատեղ լսումների նպատակով Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցի մասին է, որն Ադրբեջանի իշխանությունը որակել է որպես «ապօրինի այց Ադրբեջանի Հանրապետության տարածք»։
Այնուհետև դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանին վերջնագիր է ներկայացրել՝ նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիվը, որի նկատմամբ Հայաստանն ինքնիշխան վերահսկողություն չի ունենա, և որը կկապի Ադրբեջանն ու դրա էքսկլավ Նախիջևանը։ Հայաստանի ԱԳՆ-ն պատասխան հայտարարությունում կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ «սադրիչ հայտարարություններից» և նշել, որ Բաքվի պահանջը հակասում է բոլոր եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2020 թ-ի նոյեմբերի 9-ից՝ Արցախում հրադադար հաստատելուց ի վեր։
Հայ փորձագետների կարծիքներն այն մասին, թե արդյոք կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը, և ինչ սպասել դրանից։
Ալեքսանդր Իսկանդարյան, քաղաքագետ
Բաքվի դեմարշը՝ որպես ճնշում Հայաստանի վրա
«Հայ պատգամավորների այցն Արցախ, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, չի կարող Ստոկհոլմի հանդիպումից հրաժարվելու պատճառ լինել։ Դա ընդամենը առիթ է։
Այսօր փակ ռեժիմով ինչ-որ գործընթաց է գնում եռակողմ ձևաչափով (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան), այդ ձևաչափի շրջանակում փորձ է արվում ինչ-որ արդյունքների հասնել։ Հաշվի առնելով դատարկ հայտարարությունը Սոչիի երեքժամանոց հանդիպումից հետո՝ կարելի է արձանագրել, որ կողմերը դեռ ոչ մի արդյունքի չեն հասել։ Եվ Բայրամովի հարաժարվելը Ստոկհոլմի հանդիպումից՝ Հայաստանի վրա Բաքվի կողմից ճնշում գործադրելու ձևերից մեկն է։
Բրյուսելյան հանդիպումը նույնպես ոչ մի արդյունք չի տա, դա ինչ-որ ակտ չէ, որը կարող է կտրուկ բեկել գործընթացը։
Իսկ իրադարձությունների հետագա զարգացումը կախված է հենց գործընթացից, որը գաղտնի ընթանում է եռակողմ ձևաչափով»։
Եվրոպան անվտանգության գործիքակազմ չունի
«Բրյուսելը կարող է արձանագրել միայն հանդիպման փաստը։ Հնարավոր է, որ ինչ-որ բանավոր հայտարարություն լինի՝ ոչինչ չպարտավորեցնող տեքստով։ Տեսականորեն կարելի է սպասել նաև գրավոր հայտարարություն կամ արձանագրություն, սակայն գործնականում դա քիչ հավանական է։
Բանն այն է, որ խոսքն անվտանգության մասին է, իսկ Եվրամիությունն անվտանգության գործիքակազմ չունի։ Եվրամիությունն ինքը ոչ թե անվտանգության փրովայդեր է, այլ սպառող։
Նա անվտանգությունը ստանում է ՆԱՏՕ-ից։ Իսկ ՆԱՏՕ-ն բոլորովին այլ ձևաչափ է։ Տարածաշրջանում աշխատելու համար Եվրամիությունն անվտանգության ոլորտում գործիքակազմ չունի։ Այն ունի ռեսուրսներ՝ հումանիտար և տնտեսական ոլորտներում աշխատելու համար, որոնք էլ կիրառվում են ժամանակ առ ժամանակ։
Սակայն, այնուամենայնիվ, այն փաստը, որ երկու երկրների առաջնորդների հանդիպման համար ևս մեկ հարթակ է հայտնվել, չի կարելի անտեսել»։
Բաքուն կարող է նոր անակնկալ մատուցել
«Դեմարշի առումով միշտ կարելի է նոր անակնկալներ սպասել Բաքվից։ Եթե մինչև դեկտեմբերի 16-ն Ադրբեջանը չկարողանա ընդհանրապես ոչ մի արդյունքի հասնել, իսկ հայկական կողմի դիմադրությունը բավականաչափ առարկայական լինի, լիովին հավանական է, որ Ալիևը հրաժարվի հանդիպումից։
Խոսքը սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումը որևէ ձևաչափի փոխակերպելու մասին է, որը քիչ թե շատ բաց և երկկողմանի կլինի։
Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ այդպիսի փաստաթուղթ կազմվի, և, ակնհայտ է, որ առանցքային հարցերից մեկը Մեղրիի միջանցքն է, որը նա պահանջում է [Հայաստանի իշխանությունը պնդում է, որ պատրաստ է բացել ճանապարհները, բայց չի տա ճանապարհ, որի վրա չի տարածվի երկրի ինքնիշխան վերահսկողությունը, ինչը ենթադրվում է «միջանցք» եզրի տրամաբանությամբ]»։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Բաժին ունենալու՝ Թուրքիայի պլանները
«Ստոկհոլմի հանդիպումից Բայրամովի հրաժարվելու պատճառն այն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն քաղաքական գործընթացի ձևավորման հարցում, քանի որ դա կարող է նրան պարտադրել որոշակի քաղաքական շրջանակ և զգալիորեն զրկել շանտաժի քաղաքականության կիրառման հնարավորությունից։
Սակայն այստեղ միայն Ադրբեջանի հարցը չէ, այլ նաև Թուրքիայի, որը Բաքվի միջոցով անընդհատ փորձում է ազդել գործընթացների վրա, որոնցում դե յուրե ներկայացված չէ։
Սա վերաբերում է ինչպես եռակողմ ձևաչափին (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան), այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին [որը որպես միջնորդ էր հանդես գալիս հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում մինչև Արցախյան երկրորդ պատերազմը]։ Չնայած նրան, որ տարբեր հարցերում հաշվի է առնվում Թուրքիայի կարծիքը, նա այս ձևաչափերում ոչ մի կարգավիճակ չունի։ Եվ Ադրբեջանի դեմարշն ու ապակառուցողականությունը լավ գործիքակազմ է նրա ձեռքում։
Այդ նպատակով էլ Թուրքիան առաջարկում է «3+3» ձևաչափը [Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան] և բացահայտ ասում է, որ տարածաշրջանային հարցերը պետք է քննարկել տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ»։
Ռուսաստանը Կովկասում հավակնում է հատուկ դերի
«Ռուսաստանն ավելի բաց է խաղում։ Փորձում է ռազմավարական առումով պահել Կովկասը և ուզում է, որ Կովկասում իր առանձնահատուկ դերը ճանաչվի նոր աշխարհակարգի ճարտարապետների շրջանակում։ Իսկ ճարտարապետներ Ռուսաստանը համարում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներին։ Այս ցուցակում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու հենց Ռուսաստանը։
Համենայնդեպս, Պուտինը 2020 թ-ին այդպիսի առաջարկ է արել։ Նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ անդամներին առաջարկել է քննարկել նոր աշխարհակարգի հարցերը, որի վերաբերյայլ մի քանի ամիս առաջ Աֆրիկա կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «աշխարհի ճակատագիրը չպետք է հինգ երկիր որոշի»։
Ռուսաստանի ռազմավարությունն այդ առումով բավականին թափանցիկ է․ հատուկ դերը Կովկասում և միջազգային մակարդակում այդ դերի ճանաչումն օրինականացնում են նրա գործողությունները։
Առանց այդ ճանաչման՝ Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել Թուրքիայի և Իրանի պահանջները «հավասարը հավասարի հետ» սկզբունքով։
Այդ ճանապարհին Ռուսաստանն, իհարկե, շարունակելու է աշխատել Թուրքիայի և Իրանի հետ։ Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը նույնիսկ չի դիմադրում «3+3» ձևաչափին, սակայն նրա այդ դիրքորոշումը պետք է գնահատել որպես մարտավարական գործողություն։ Ռուսաստանը շահագրգռված չէ եռակողմ ձևաչափից անցնել տարածաշրջանային նոր ձևաչափի։
Հենց այդ պատճառով է նա փորձում եռակողմ ձևաչափում ձեռք բերված հաջողությունները կապիտալացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով ԱՄՆ և Ֆրանսիայի հետ [ՄԽ մյուս երկու համանախագահների հետ]։ Ռուսաստանը հասկանում է, որ միայն Մինսկի խումբը լեգիտիմության ուժեղ դաշտ ունի, և միայն դրա թույլտվությամբ կարող է իրեն ուժեղ և վստահ զգալ Կովկասում»։
Բրյուսելը հումանիտար բնույթ է կրելու
«Բրյուսելից հատուկ որոշումներ սպասել չարժե։ Հարցերի հիմնական շրջանակն, ամենայն հավանականությամբ, հումանիտար բնույթի է լինելու։
Եվ պետք է հասկանալ, որ, եթե ինչ-որ բան չի հաջողվում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում (Ստոկհոլմի հանդիպումը), ապա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված ձևաչափում դրան հասնելը գործնականում անհնար է լինելու։
Որոշ հումանիտար հարցեր, օրինակ, հայ գերիների մի մասի վերադարձը, հնարավոր է, որ ստացվի։ Այն էլ՝ միայն գերիների մի մասի, այլ ոչ թե բոլորի։
Չեմ կարծում, որ Բրյուսելում կարող են որևէ քաղաքական հարց քննարկվել։
Շառլ Միշելը նույնպես հասկանում է, որ ինքն էլ անհրաժեշտ ինքնաբավ ռեսուրսներ չունի։ ԵՄ-ն դրանով փորձում է ինչ-որ կերպ ընդգծել կամ բարձրացնել իր քաղաքական դերը տարածաշրջանում «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Այդ պատճառով էլ հանդիպումը պլանավորվում է այդ գագաթնաժողովի շրջանակում, որի քաղաքական դերը փորձում են բարձրացնել»։
Արդյո՞ք Բրյուսել կլինի Ստոկհոլմից հետո
«Ալիևը դեկտեմբերի 6-ին պահանջ է ներկայացրել, որ Հայաստանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հստակ ամսաթիվ նշի, և «այդ ժամանակ խնդիր չի լինի»։ Հատկանշական է, որ Ալիևն այդ մասին հայտարարել է դեկտեմբերի 3-ին, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո։
Հնարավոր է, որ Ալիևի հայտարարությունը զուտ ներքին լսարանի համար է, չէ՞ որ Ադրբեջանի առաջնորդը լուրջ խնդիրներ ունի հասարակության ներսում։ Սակայն այստեղ այլ հարց է առաջանում․ արդյո՞ք Էրդողանը կարողացել է այդ աստիճան խոյահարել Սոչիի գործընթացը [Պուտին-Փաշինյան—Ալիև հանդիպումը նոյեմբերի 26-ին], որ Ալիևն այդպես խստացնի իր դիրքորոշումը։
Ակնհայտ է, որ Էրդողանը դժգոհ է Սոչիի գործընթացից։ Թուրքիայի համար անընդունելի է, որ Ռուսաստանն ինչ-որ միանձնյա զարգացում գրանցի տարածաշրջանում քաղաքական գործընթացների նկատմամբ վերահսկողության հարցում։ Եվ պատահական չէ, որ Սոչիից անմիջապես հետո Էրդողանն Աշխաբադում հանդիպել է Իրանի առաջնորդի հետ այն դեպքում, երբ այդ առումով ոչ մի պայմանավորվածություն չկար։ Եվ նրանք հանկարծ ստորագրում են Ռուսաստանի համար մրցակցային Ադրբեջան-Իրան-Թուրքմենստան գազային համաձայնագիր։
Այս ամենն իրավունք է տալիս ասելու, որ թուրքերն Ադրբեջանի միջոցով թելադրում են իրենց պայմանները։
Այսօրվա դրությամբ դեռևս նախադրյալներ չկան, որ Ալիևը կհրաժարվի Բրյուսելի հանդիպումից, սակայն դեմարշը չի կարելի բացառել»։