Օտարերկրացիներին ՀՀ-ում կարգավիճակ կտրամադրեն նոր կարգով և ավելի բարձր գնով. կարծիքներ
Կացության կարգավիճակի տրամադրման նոր կարգ ՀՀ-ում
Հայաստանում նոյեմբերի 1-ից օտարերկրացիների կացության կարգավիճակի համար դիմելու գործընթացը թվայնացվել է, ավելացել են վճարվող պետական տուրքերը:
ժամանակավոր կացության կարգավիճակի պարագայում գործող 105.000 դրամի փոխարեն օտարերկրացիները պետք է վճարեն 150.000 դրամ։ Մշտական կացության համար վճարվող տուրքը հասցվել է 250.000 դրամի՝ նախկին 135.000 դրամի փոխարեն: Եթե կացության կարգավիճակ տալու դիմումը մերժվի, գանձված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ՀՀ-ում տարեցտարի աճում է օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը։
2026 թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում օտարերկրացիներին տրամադրվել է 10.561 կացության կարգավիճակ՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի 6656-ի համեմատ․ ցուցանիշն աճել է 59%-ով։
Ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական կացության կարգավիճակ ստացողների մեջ գերակշռել են Ռուսաստանի քաղաքացիները:
Վերլուծաբան Արտյոմ Երկանյանի դիտարկմամբ՝ օտարերկրացիների հոսքերի կառավարումը բխում է Հայաստանի շահերից:
ShantTV-ի եթերում նա ընդգծել է՝ քանակից անցնում ենք կատարում որակի: Կարծում է՝ իրականության հետ աղերս չունի պնդումը, թե հնարավոր է՝ Հայաստանն այլևս գրավիչ չլինի ռուսաստանցի ռելոկանտների համար:
«Ռուսաստանցի ռելոկանտների ճնշող մեծամասնության համար այս բարեփոխումը ճակատագրական դեր չի խաղա: Նրանք կկարողանան այս նոր պայմաններին հեշտ հարմարվել»,- հայտարարել է Երկանյանը՝ հիշեցնելով ԵԱՏՄ տարածքում գործող կարգավորումների մասին:
Ժամանակավոր կացության կարգավիճակ կարող է ստանալ այն օտարերկրացին, որը ՀՀ-ում առնվազն 1 տարի բնակվելու հիմք ունի՝ ուսում, աշխատանք, ընտանեկան կապեր, ձեռնարկատիրական գործունեություն, ազգությամբ հայ լինելը կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներ։
Մշտական կացության կարգավիճակ կարող է ստանալ օտարերկրացին, որը Հայաստանում ունի ՀՀ քաղաքացի կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսին կամ մերձավոր ազգական, ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով, առնվազն 3 տարի բնակվել է Հայաստանում։ Նման կարգավիճակ կարող է տրամադրվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ ազգությամբ հայ լինելու հիմքով։
Այս պահին հայտնի մանրամասները, ՆԳ փոխնախարարի դիտարկումները ԵԱՏՄ կարգավորումների մասին, մեկնաբանություն
- «ՀՀ-ին անկախությունից զրկելու հերթական փորձն է նախապատրաստվում»․ Փաշինյան
- «Ուղերձ ծանր հարվածների մասին»․ ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության հնարավոր կասեցումը
- «Երկաթուղու կոնցեսիայի շուրջ քննարկումը վերածվում է ՌԴ հետ բանակցային գործընթացի»․ կարծիք
- Սպառնալի՞ք, թե՞ դատարկ հոխորտանք․ արձագանք ՀՀ-ի «ուկրաինացման» մասին Մեդվեդևի հայտարարությանը
Հատուկ կացության կարգավիճակն այլևս չի տրամադրվի. փոփոխությունների մասին
Նոյեմբերի 1-ից փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն պետական տուրքերը, այլև կացության կարգավիճակների տրամադրման հիմքերն ու դիմումների քննարկման ընթացակարգերը։
ՆԳՆ փոխանցմամբ՝ ժամանակավոր կարգավիճակը կտրվի մինչև 1 տարի, մշտականը՝ 5 տարի ժամկետով։
Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար հիմք կընդունվեն՝
- ազգությամբ հայ լինելը,
- Հայաստանում ներդրում կատարելը,
- ՀՀ-ին բացառիկ ծառայություններ մատուցելը,
- ընտանեկան կապերը կամ ձեռնարկատիրական գործունեությունը՝ օրենքով սահմանված լրացուցիչ պայմաններով։
Այսուհետ կգործեն միայն կացության ժամանակավոր և մշտական կարգավիճակների տեսակները։
Հատուկ կացության կարգավիճակ այլևս չի տրամադրվի, սակայն նախկինում նման կարգավիճակ ստացած անձինք մինչև դրա ժամկետի ավարտը կպահպանեն դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները։
Նախքան 2026 թ.-ի նոյեմբերի 1-ը ՀՀ-ում տրվում էր նաև հատուկ կացության կարգավիճակ՝ 10 տարի ժամկետով։ Այդ կարգավիճակը շնորհվում էր ՀՀ վարչապետի կարգադրությամբ ծագումով հայ օտարերկրացիներին, ինչպես նաև Հայաստանում տնտեսական և մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների։
Նրանց, ում շնորհվում էր հատուկ կացության կարգավիճակ, տրվում էր ՀՀ հատուկ անձնագիր, որով կարելի էր ազատ մուտք գործել ՀՀ տարածք և բնակվել՝ առանց մուտքի վիզայի։
Հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ունեին ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, բացառությամբ ընտրական իրավունքի։ Նրանց վրա չէր տարածվում նաև ՀՀ Զինված ուժերում ծառայելու պարտականությունը։
Դիմումների ներկայացումն ու վարույթները կիրականացվեն միասնական էլեկտրոնային հարթակով։ Որոշումները կկայացվեն դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում։
«ԵԱՏՄ կարգավորումները կշարունակեն գործել». ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում հիշեցրել է՝ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար գործում են առանձնահատուկ կանոններ, որոնք ենթադրում են աշխատուժի ազատ տեղաշարժ։
Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացին մեկ այլ անդամ պետությունում աշխատելու համար հատուկ փաստաթղթեր ստանալու կարիք չունի.
«Այդ կարգավորումը շարունակելու է մնալ։ Այն ժամանակահատվածը, երբ ԵԱՏՄ անդամ պետության (օրինակ՝ ՌԴ կամ Ղրղզստան) քաղաքացին աշխատանքային գործունեություն է իրականացնում ՀՀ-ում, իր աշխատանքային գործունեության ժամկետով անձը համարվում է օրինական բնակիչ»:
Ղազարյանի փոխանցմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները Հայաստանում օրինական բնակվելու վերաբերյալ վկայագիր ստանալուց հետո կշարունակեն օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնք ունեն օրինական հիմքերով ՀՀ-ում բնակվող այլ օտարերկրացիներ:
Բնակության օրինականությունը հավաստող վկայականի արժեքը 30.000 դրամ է։
Փոխնախարարը կարևորել է աշխատանքի և ուսման հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացների թվայնացումը: Ասում է՝ աշխատանքից հետո ուսումը երկրորդ ամենատարածված հիմքն է, որով օտարերկրացիները բնակվում են ՀՀ-ում։
Տեղեկացրել է՝ կառավարությունը նախատեսում է գործող վիզաների տեսակներին (այցելության, պաշտոնական, դիվանագիտական, տարանցիկ) ավելացնել նաև աշխատանքային վիզան։ Նպատակն է բազմազանեցնել Հայաստան մուտք գործելու հնարավորությունները:
Մեկնաբանություն
Վերլուծաբան Արտյոմ Երկանյանի խոսքով՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններն իրենց մաշկի վրա կզգան այն օտարերկրացիները, որոնք Հայաստանում տնտեսական գործունեություն են ծավալում և այդ հիմնավորմամբ են կացության կարգավիճակ ստացել:
Նրա տեղեկություններով՝ եթե մինչ այս կացության իրավունք ստանալու համար օտարերկրացին պետք է գրանցվեր՝ որպես անհատ ձեռներեց և նվազագույն հարկ վճարեր, ապա հիմա՝
- «պետք է ավելի մեծ գումարներ ներդնի բիզնեսի մեջ՝ ոչ պակաս, քան 1 մլն դրամ պետք է ունենա իր հաշվեհամարին կամ վերջին 60 օրերի շրջանառություն ցույց տա,
- իսկ եթե ՍՊԸ համահիմնադիր է, ապա կանոնադրային կապիտալ պետք է ցույց՝ ոչ պակաս, քան 2 մլն դրամի չափով»:
Անդրադառնալով Հայաստան եկող ՌԴ քաղաքացիներին՝ նկատել է՝ նրանք կշարունակեն օգտվել այն առավելություններից, որ գործող օրենքը տալիս է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին: Մասնավորապես՝ 1 տարվա ընթացքում 180 օր ռուսաստանցին կկարողանա լինել Հայաստանում առանց որևէ սահմանափակումների:
«Բացի այդ, եթե նա ՀՀ-ում աշխատում է աշխատանքային պայմանագրով, ապա այլևս որևէ թույլտվության կարիք չի ունենա, ընդամենը կվճարի անհրաժեշտ տուրքերն ու հարկերը»,- հիշեցրել է նա:
Վերլուծաբանը վստահ է՝ անհրաժեշտ խորհրդատվությունից հետո ռուսաստանցի ռելոկանտները կկարողանան համակերպվել և գործել նոր պայմաններում.
«Պետք է ըմբռնումով վերաբերվեն, քանի որ այս ամենը ՀՀ շահերից է բխում: Ի դեպ, ոչ միայն ՀՀ-ն է բարեփոխում իր օրենսդրությունը, այլև, օրինակ, Ղազախստանը, որտեղ այդ կանոնները շատ ավելի կոշտ են»:
Երկանյանի փոխանցմամբ՝ օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման կարգի փոփոխությունը կապված է ինչպես կենսաչափական անձնագրերի անցնելու, այնպես էլ Եվրամիության հետ ընթացող վիզաների ազատականացման գործընթացի, այսինքն՝ ԵՄ պահանջների հետ:
Վերլուծաբանի գնահատմամբ՝ այժմ ողջ աշխարհում ընթանում է պայքար «օրինապաշտ, տնտեսապես ակտիվ, գրագետ, կրթված«» միգրանտների համար:
«ՀՀ-ն այդ իմաստով բավական շահեկան վիճակում է, քանի որ այստեղ եկող ռելոկանտները, ռուսաստանցիները, ինչու ոչ՝ հնդիկներն ու իրանցիները, խնդրահարույց միգրանտներ չեն»,- մանրամասնել է նա:
Ասում է՝ Եվրոպային շատ ավելի լուրջ վտանգ է սպառնում, քանի որ այնտեղ միգրանտներն իրենց հետ խնդիրներ են տանում: Մյուս կողմից, նկատում է՝ միգրանտների հարցին ավելի զգուշորեն պետք է մոտենա նաև Հայաստանը:
«Մինչև վերջերս Ռուսաստանից Հայաստան էին գալիս ինքնաբավ IT ոլորտի մասնագետներ: Եթե ՌԴ-ում իսկապես զորահավաք հայտարարվի, չի բացառվում, որ Հայաստան փորձեն գալ արդեն ոչ բարեկեցիկ մարդիկ, որոնք ավելի շատ խնդիր կբերեն ՀՀ-ին, քան գանձարանը [պետբյուջեն] կհարստացնեն»,- ամփոփել է նա:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կացության կարգավիճակի տրամադրման նոր կարգ ՀՀ-ում