«ԵՄ-ն Հայաստանի դաշնակիցն է խաղաղության օրակարգի հարցում»․ հայ քաղաքագետ
Կարծիք ԵՄ-ՀՀ գործակցության մասին
Եվրամիությունը Հայաստանի դաշնակիցն է խաղաղության օրակարգի հարցում, կառույցի հետ հարաբերությունների զարգացումն ունի կենսական նշանակություն։ Այս կարծիքին է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Քաղաքագետի փոխանցմամբ՝ ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է «խաղաղության աջակցության համապատասխան գործիքներ», բայց Երևանը պետք է անվտանգության ոլորտում սերտորեն աշխատի նաև առանձին մայրաքաղաքների հետ։
Մեհրաբյանը նաև ասել է, որ Երևանը պետք է կատարի նախապատրաստական բոլոր քայլերը, որոնք հնարավորություն կստեղծեն, որպեսզի «Հայաստանն ի զորու լինի լիիրավ անդամակցության հայտ ներկայացնել ԵՄ-ին՝ սկսելով բանակցություններ անդամակցության վերաբերյալ և բարեփոխումներին հաղորդելով պրոեվրոպական ուղղվածություն»։
«ՀՀ-ԵՄ հարաբերությունները ստացել են ռազմավարական բնույթ»
Նման արձանագրում է արել քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նկատել է՝ Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները հետևողականորեն զարգանում են։ Շեշտել է՝ բարեփոխումների օրակարգն իրականություն դարձնելու հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է։
Նրա խոսքով՝ Եվրամիության աջակցությունն անչափ կարևոր է Հայաստանը եվրոպական տիպի պետություն դարձնելու առումով, բայց ոչ միայն։
«ԵՄ-ն չափազանց կարևոր դերակատարում ունի մեր անվտանգության ապահովման հարցում՝ տարածաշրջան ուղարկելով եվրոպացի դիտորդներին, որոնք ամենօրյա առաքելություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Մեհրաբյանը։
Քաղաքագետը կարևորել է տարբեր ուղղություններով աշխատանքը ոչ միայն Բրյուսելի, այլև «առանցքային մայրաքաղաքների»՝ Փարիզի, Բեռլինի և Հռոմի հետ։ Դա, ըստ նրա, «ԵՄ-ի ողնաշարը հանդիսացող մեծ եռյակն» է։
«ՀՀ եվրաինտեգրումը միայն օգուտ կբերի Իրանին»
Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացումն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Կարծում է՝ այն պահից սկսած, երբ Հայաստանը կդառնա ԵՄ-ի լիիրավ անդամ, դա Թեհրանին օգուտից բացի այլ բան չի բերի։
Շեշտում է՝ այսօր Թուրքիան գրավել է իրանական տնտեսության կեսը, ինչը ձեռնտու չէ Թեհրանին։
«Դա ուղղելու հնարավորությունը ձեռք է բերվում հենց ԵՄ-ի հետ հարևանությամբ և այդ հանգամանքի հմուտ օգտագործմամբ»,- պարզաբանել է նա։
Թուրքիայի տնտեսությունը ներխուժում է Իրան, ինչը ձեռնտու չէ Իրանին։ Եվ դա «ուղղելու հնարավորությունը ձեռք է բերվում հենց ԵՄ-ի հետ հարևանությամբ և այդ հանգամանքի հմուտ օգտագործմամբ»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀ եվրաինտեգրման հարցում Երևանի և Թեհրանի «շահերի բախումն անհնար է»։
Չի բացառել, սակայն, երրորդ կողմերի սադրիչ գործողությունների հնարավորությունը, երկրներ, որոնք կփորձեն խոչընդոտել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը։ Մեհրաբյանի խոսքով՝ պետք է կարողանալ նման գործընթացների հակազդել դիվանագիտությամբ։
«Եվրոպական տնտեսությանն ինտեգրվելուն դեռևս պատրաստ չենք»
Անդրադառնալով Եվրամիության հետ տնտեսական համագործակցությանը՝ քաղաքագետը նկատել է՝ այսօր Հայաստանը պատրաստ չէ եվրոպական տնտեսությանն ինտեգրվելուն, թեև ի զորու է իր առջև նման խնդիր դնել։ Խնդիրը ձևակերպելուց հետո, ըստ նրա, պետք է դա դարձնել «ռազմավարական, համազգային նպատակ»․
«Եթե այս պահին մենք ինչ-որ բանի պատրաստ չենք, դեռ չի նշանակում, որ պետք է քաշվենք մի կողմ և ասենք՝ դժվար է։ Այո, միշտ էլ դժվար է լինելու, բայց պետք է հենց այսօրվանից մեր առջև դնենք այդ խնդիրն ու գնանք առաջ»։
Մեհրաբյանի գնահատմամբ՝ եվրաինտեգրումը ենթադրում է հետևողական աշխատանք։ Ընդգծել է՝ նույնիսկ ԵՄ անդամ հանդիսանալու պարագայում անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել ենթակառուցվածքները, ապահովել առնվազն միջին եվրոպական չափանիշներ։
Խոսել է նաև ԵՄ երկրների և ՀՀ միջև վիզաների ազատականացման գործընթացի մասին։ Կարծում է՝ կա երկու կարևոր գործոն․
- ինչպես կկատարենք մեր «տնային աշխատանքը»,
- ինչպես դա կներկայացնի մեր դիվանագիտությունը։
«Անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել այնպիսի ռեժիմով, որ վիզաների ազատականացման գործընթացը մեկնարկի հնարավորինս շուտ»,- ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կարծիք ԵՄ-ՀՀ գործակցության մասին