Կարծիք Բաքվից․ «Մոսկվան ուժեղացնում է ագրեսիան»
Կրեմլի վերջին հայտարարություններն անմիջական կապ ունեն Ռուսաստանի հարևան երկրների հետ։ Հաշվի առնելով Բաքվի և Անկարայի մտերմությունն ու այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը նույնպես մտածելու տեղ ունի։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովը։
- «Վրաստանին փորձում են ներքաշել ՆԱՏՕ-ի մեջ՝ առանց հաշվի առնելու բնակչության կամքը»․ Ռուսաստանի արտգործնախարար
- Ադրբեջանի կրթության նախարարի հայտարարությունները հասարակության վրդովմունքն են առաջացրել
- Ադրբեջանում բնակչության և ընտրողների թվաքանակի տարօրինակ տարբերությունը․ ո՞ւր են 2 միլիոն մարդիկ
«Ռուսաստանն ուժեղացնում է ագրեսիան, և Կրեմլի մեսիջների որոշակի ազդակը նաև Բաքվին է վերաբերում», — կարծում է ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովը։
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանի ագրեսիվ հռետորաբանության միանգամից մի քանի օրինակ կարելի է բերել, որոնք հնչել են վերջին օրերին․
«Առաջինը․ Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը դիվանագիտական լեզվով վրդովմունք է արտահայտել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների բրյուսելյան փուլի առթիվ։ Նրա կարծիքով՝ այդ հանդիպումը բանակցություններ անվանելը չափազանցություն է։
Երկրորդը․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի համար «կարմիր գիծ» է անվանել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը։
Երրորդը․ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հետխորհրդային պետությունների համագործակցությունը հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Եթե հակիրճ ասենք, նա ընդգծել է, որ պետք է հստակեցվի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության և ինտեգրացիայի միջև սահմանը։
Չորրորդը․ Պուտինը սպառնացել է Արևմուտքին։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ իր երկիրը նահանջելու տեղ չունի Ուկրաինայի առումով Վաշինգտոնի պլանների հարցում, և եթե ՆԱՏՕ-ն իր ենթակառուցվածքն ընդլայնի ՌԴ սահմանների մերձակայքում, Մոսկվան համարժեք ռազմական մեթոդներով կպատասխանի»։
Աղշին Քերիմովը կարծում է, որ այստեղ Ադրբեջանը պետք է ուշադրություն դարձնի թվարկված հայտարարություններից առաջինին և երրորդին։
«Ընդ որում, Բաքվի դիվանագիտական գիծը գրեթե նույն հավասար հեռավորության վրա է Մոսկվայից Արևմուտք ձգվող գծից։
Բայց ի՞նչ կարող է ակնկալել Բաքուն։ Բնականաբար, Ադրբեջանը կողմ է եվրատլանտյան դաշինքին անդամակցությանը։ Սակայն միաժամանակ ուզում է պահպանել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։
Մինչ օրս եթե անգամ եղել են Բաքու-Մոսկվա հարաբերություններում լարվածության աճի դեպքեր, երկկողմանի կապերի ընդհանուր ոգին բավարարում է երկու կողմերին։
Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Հակիրճ՝ Թուրքիայի գործոնն առկա է, սակայն կան նաև Բաքվի, Մոսկվայի և Անկարայի ընդհանուր շահերը։
Սակայն հակասությունները դեռևս վտանգավոր ուղղվածություն չունեն։ Միաժամանակ, եթե Մոսկվան ավելացնում է իր ագրեսիան տարածաշրջանի երկրների նկատմամբ, ապա Բաքվի քաղաքականությունը մնում է պրագմատիկ», — հավելել է քաղաքական վերլուծաբանը։