«Չպետք է ծուղակի վերածվի»․ կարծիք Բաքու-Ստեփանակերտ շփումների մասին
Կարծիք Բաքու-Ստեփանակերտ շփումների մասին
Նախօրեին հերթական անգամ ռուս խաղաղապահ զորախմբի շտաբում հանդիպել էին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Ստեփանակերտից հաղորդում են, որ քննարկվել են ոչ թե «Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող», այլ բացառապես «հումանիտար բնույթի հարցեր»։ Սա վերջին օրերին Ադրբեջանի և ԼՂ-ի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր։ Նախորդը կայացել էր փետրվարի 24-ին։
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե վերջին հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու հարցերն ու հնարավորությունները»։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «բացառվում է որևէ ինտեգրացիոն գործընթաց Ադրբեջանի հետ»։
Բոլոր մանրամասները հանդիպման մասին՝ ըստ ԼՂ-ից ստացված տեղեկատվության, նաև քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը հնարավոր զարգացումների վերաբերյալ
Տեղեկատվություն ԼՂ-ից
Արցախի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում են եղել, մասնավորապես` Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումը վերականգնելու, Հայաստանից Արցախը սնուցող էլեկտրական գծի վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության վերաբերյալ հարցեր։
«Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար»,- հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը։
Արցախից հերքում են հանդիպման արդյունքների վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած լուրերը՝ նշելով, որ դրանք «իրականությանը չեն համապատասխանում»։ «Ղարաբաղի շրջանի հայերի վերաինտեգրման» քննարկումների մասին լուրերն ապատեղեկատվություն է որակել նաև Արցախի նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը։ Նա հերքել է նաև Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունը, թե Ադրբեջանի և ԼՂ-ի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ «Գյանջայում և Աղդամում՝ առանց ռուսական խաղաղապահ զորախմբի մասնակցության»։
Ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ մարտի 1-ի հանդիպմանը Արցախից մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Բաքուն հայտնել է, որ Խոջալուում կազմակերպված հանդիպմանը ներկա է եղել Միլի մեջլիսի պատգամավոր, Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը
«Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների շփումները պայմանավորված են ոչ միայն Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով, այլև միջազգային պրոցեսներով, այն աշխուժացմամբ, որը ծավալվում է խոշոր խաղացողների միջև տարածաշրջանի շուրջ։
Տեսնում ենք, որ թեև բանակցային պրոցեսի համատեքստում նման շփումների մասին խոսվում էր արևմտյան հարթակում, հիմա դրանք տեղի են ունենում Ռուսաստանի, ռուս խաղաղապահների միջնորդությամբ։
Տպավորություն է, որ Ռուսաստանը փորձում է վերցնել այդ «միտքը կամ գաղափարը», այդ կերպ ազդել իրավիճակի վրա, ամրապնդել իր դիրքերը՝ Արևմուտքին զրկելով նախաձեռնության հնարավորությունից։
Ակնհայտ է, որ այս հարցը ևս դառնում է ուժային կենտրոնների դիրքային պայքարի, մրցակցության առարկա։ Ինչպիսի՞ հեռանկար կունենա, կախված է լինելու այդ կենտրոնների՝ այլ ուղղություններով մրցակցության ծավալումից։ Այդ ամենը շղթայական փոխազդեցության մեջ է, և Կովկասը, որպես այդպիսին, առանձին տիրույթ չի դիտարկվում և չի էլ կարող դիտարկվել»։
Առանց միջնորդների շփումը բացառվում է
«Հաջորդ հանդիպումներն առանց ռուս խաղաղապահների մասնակցության անցկացնելու մասին հայտարարություններով Բաքուն, ըստ էության, փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ սեպարատ համաձայնության չի գնում Ռուսաստանի հետ և «չի գցում» Արևմուտքին։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե այնպես չէ, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջնորդություններից ընտրել է ռուսականը։
Գործնականում առանց որևէ միջնորդության շփումը բացառվում է։ Միջնորդներն ինքնին այս հանգամանքը դիտարկում են իրենց միջև մրցակցության կամ պայքարի կարևոր տիրույթներից մեկը։
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Բաքուն հազիվ թե կարողանա որևէ մեկին կամ բոլորին դուրս մղել և անմիջականորեն շփվել Ստեփանակերտի հետ։
Սակայն չի բացառվում, որ Արևմուտքում դիտարկեն այդ հնարավորությունը և դեմ չլինեն, եթե Բաքուն այդպիսի դիրքորոշում ունենա, ձգտի ՌԴ-ին դուրս թողնել։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ արևմտյան խաղացողներն ունեն այդ ցանկությունը։ ՌԴ դիրքերի թուլացումը նրանց առանցքային աշխարհաքաղաքական նպատակներից մեկն է»։
Կա ինքնորոշման խնդրի նենգափոխման վտանգ
«Ստեփանակերտ-Բաքու շփումը կարևոր է ընթացիկ խնդիրները լուծելու տեսանկյունից, շատ կարևոր է նաև, որ Ստեփանակերտի համար դա չդառնա քաղաքական ծուղակ, չստեղծվի մի իրավիճակ, որ ասեն՝ «դե, շփումների պրակտիկ միջավայր ձևավորվել է, և ցանկացած հարց արդեն լուծեք այդ շփումներով»։ Սա կնենգափոխի ինքնորոշման խնդիրը, իսկապես կա նման վտանգ։ Հասկանալի է, որ Արցախի համար գերխնդիրը ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելն ու ամրապնդելն է։ Ստեփանակերտը պետք է խնդիրը պահի օրակարգում, նաև միջազգային ուշադրության կենտրոնում։
Եթե խնդիրը նենգափոխվի, կհայտնվի այն տիրույթում, որը փորձում է առաջ տանել Բաքուն, այսինքն՝ «այնտեղ իմ քաղաքացիներն են, դա իմ խնդիրն է, իրենց հետ շփվում, քննարկում եմ, որևէ մեկը ինձ չպետք է խանգարի»։ Սա իսկապես կարող է լինել ծուղակ։ Եվ Ստեփանակերտը պետք է հմտորեն անցնի այդ բարակ լարի վրայով»։
Երևանը շարունակում է աշխատել Արցախի խնդրի ուղղությամբ
«Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտության մասին Երևանի հայտարարությունները հակված եմ դիտարկել ընթացիկ տակտիկական անհրաժեշտությունների շրջանակում՝ ստեղծված իրողություններից ելնելով։ Ոչ միայն 44-օրյա պատերազմից հետոյի, այլև այսօր ուկրաինական պատերազմի թելադրած համաշխարհային իրողություններից ելնելով։
Ըստ իս՝ գործնական քաղաքականության իմաստով Երևանը շարունակում է աշխատել Արցախի խնդրի ուղղությամբ։ Հարցը հետևյալն է՝ Երևանը պարբերաբար շեշտում է այդ շփումներում միջազգային մեխանիզմի առկայության անհրաժեշտությունը։ Այսինքն՝ շատ կարևոր է, որպեսզի այդ շփումները լինեն միջազգային նշանաբանի ներքո, որպեսզի չվերածվեն ներքին խնդրի և չնենգափոխվի արցախյան հարցի էությունը։
Իհարկե, առայժմ շատ բարդ է պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել այդ մեխանիզմները, առավել ևս այսօր, երբ տեսնում ենք, որ գոյություն ունեցող միջազգային որևէ կառուցակարգ չի աշխատում՝ թե Մինսկի խմբի համանախագահությունը, թե այլ միջազգային կառույցներ։
Հետևաբար հռետորաբանության մակարդակում հարցն օրակարգում պահելն ու հարցի շուրջ որոշակի տրամադրվածություն ու մթնոլորտ ապահովելն է խնդիրը, ինչն էլ փորձ է արվում անել։
Իսկ երկարաժամկետ զարգացման իմաստով առայժմ շատ բարդ է պատկերացնել որևէ կայուն հեռանկար, որովհետև այդ ամենը կախված է նրանից, թե ավելի լայն՝ աշխարհաքաղաքական դիմակայությունն ինչպիսի հեռանկար կձևավորի։ Տեսնում ենք, որ այդ դիմակայության մակարդակում առայժմ տեղի է ունենում միայն լարվածության աճ։ Բնականաբար, սա էլ, իր հերթին, ավելացնում է անորոշությունը միջազգային իրավիճակում։ Մնում է միայն դնել որոշակի նշաձողեր և փորձել դրանք հնարավորինս պահել միջազգային ուշադրության կենտրոնում»։
Եվրամիության արձագանքի մասին
«ԵՄ-ի համար իրավիճակի կառավարելիությունը կարող է լինել կարևոր հանգամանք եվրոպական անվտանգության տեսանկյունից։ Բայց արդյո՞ք Եվրամիություն ասելով նկատի ունենք մեկ միավոր, որն ունի միասնական քաղաքականություն։ Սա հարցերից մեկն է։
Հակված չեմ պաշտոնյաների առանձին հայտարարությունները դիտարկել որպես ինչ-որ ուղենշային քաղաքական ազդակներ։
Այդ տեսանկյունից ինձ համար շատ ավելի կարևոր էր, թե ինչպես արձագանքեց ԱՄՆ-ն։ Պետդեպարտամենտի խոսնակի առաջին արձագանքն այն էր, որ իրենք դեռ չեն մեկնաբանի այդ շփումները։ Սա շատ ավելի «նշանային արձագանք» էր, քան Տոյվո Կլաարի հայտարարություններն իրավիճակի վերաբերյալ։
Ադրբեջանի և ԼՂ-ի ներկայացուցիչների՝ մարտի 1-ի հանդիպումը ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հրաժարվել էր մեկնաբանել` նշելով՝ «եթե որևէ արձագանք ունենանք այդ մասով, տեղյակ կպահենք»։ Հանդիպմանն արձագանքել էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ողջունելով հանդիպումը նա շփումների վերաբերյալ ստացվող լուրերը «հուսադրող» էր որակել։
«Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացած են ինչպես անհապաղ մտահոգությունների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա»,- թվիթերյան միկրոբլոգում գրել էր եվրոպացի պաշտոնյան:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կարծիք Բաքու-Ստեփանակերտ շփումների մասին