Պատմություն ադրբեջանական հիվանդանոցից․ «Լավ է, որ այս ամենը տեսա իմ սեփական աչքերով»
Ադրբեջանում ավելի քան 4 հազար մարդ կարանտինի մեջ է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Նրանց մեծ մասը երկրի քաղաքացիներն են, որոնք արտասահմանից են վերադարձել։
Նիգյարին Թուրքիայից վերադառնալուց անմիջապես հետո հենց Բաքվի օդանավակայանից կարանտինի տակ են առել Ադրբեջանի հարավում գտնվող Ջալիլաբադի կենտրոնական հիվանդանոցում։
«Այսօր կարանտինի 14-րդ օրն է։ Մենք կարծում էինք, որ մեզ այսօր բաց կթողնեն, սակայն կրկին թեստ են արել՝ արդեն երրորդ անգամ։
Մեր օրերը շատ միապաղաղ են անցնում․ մեզ ոչինչ չեն հաղորդում, իսկ ամենամեծ սթրեսն այն է, որ չգիտենք, թե երբ ենք այստեղից դուրս գալու։ Ես աշխատում եմ պինդ մնալ։
Մտնում եմ համացանց, շփվում ընկերներիս հետ, շեղվում։ Այն պահից, երբ այստեղ եմ հայտնվել, բազմաթիվ ծանոթներ և անծանոթ մարդիկ են գրել և սատարել ինձ։ Դա հիանալի է։
Շատ բան է փոխվել այն պահից, ինչ այստեղ եմ։
Օրինակ՝ առաջ մտածում էի, «թե ինչպես այստեղից դուրս գալ»։ Իսկ հետո տեսա, թե ինչ դժվարությունների միջով են անցնում բուժաշխատողները, և սիրտս սկսեց ցավել առողջապահական համակարգի համար։ Չկա ոչ դիմակ, ոչ սպիրտ, նրանք աշխատում են շատ ծանր պայմաններում։ Սակայն, չնայած դրան, հիվանդների վրա դա չի անդրադառնում, նրանց հետ շատ հոգատար և ուշադիր են։ Շատ հաճելի է, երբ նրանք քեզ ասում են «քույրիկ», «աղջիկս»։
Այստեղ ես սովորեցի համբերել։
Չեմ փոշմանել, որ այստեղ եմ հայտնվել․ լավ է, որ այս ամենն իմ աչքերով եմ տեսնում։
Բարոյապես պատրաստվում եմ նրան, որ, եթե հանկարծ վարակվեմ, պետք է վարակի դեմ պայքարեմ։ Չէ՞ որ այժմ բոլորն են ապրում այդ հավանականությամբ։ Գլխավորը տանը հայտնվելուց հետո մյուսներին չվարակելն է։
Այստեղ թույլատրվում է տնից ինչ–որ բաներ ստանալ, սակայն ես չեմ ուզում նեղություն տալ, և տնեցիներին թուլյ չեմ տվել Բաքվից այստեղ գալ։
Սակայն այստեղ է ապրում ընկերուհուս ընկերուհին․ շնորհակալ եմ նրան, այնքան քաղցրավենիք էր երեկ ինձ բերել։ Տարօրինակ և հաճելի էր այստեղ տեսնել նրա գնած խմորեղենը։ Երկար օրերից հետո առաջին անգամ ուրախացա։
Բացի այդ, շատ եմ կարոտում մայրիկիս պատրաստած ուտեստները»։
Լուսանկարը՝ Նիգյար Մուբարիզի