Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է անկախության օգտին
Կատալոնիայի խորհրդարանն ուրբաթ օրը քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին՝ խորացնելով քաղաքական ճգնաժամը, հաղորդում է CNN-ը:
Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի անկախության մասին վիճելի հանրաքվեից մի քանի շաբաթ անց, հենց այն օրը, երբ Իսպանիայի Սենատը քվեարկել էր ինքնավար շրջանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու աննախադեպ միջոցներ կիրառելու օգտին: Սպասվում է, որ հանգստյան օրերին իսպանական կառավարությունը միջոցներ կձեռնարկի Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչդեմոնին և նրա կառավարությունը պաշտոնանկ անելու համար և ուղիղ կառավարում կմտցնի:
REUTERS/Albert Gea
«Ինքնիշխան և անկախ Կատալոնիայի հանրապետության ստեղծման» հարցով կատալոնական խորհրդարանում գաղտնի քվեարկության արդյունքը. 70 «կողմ», 10 «դեմ», երկու «ձեռնպահ»: Ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը քվեարկությունից առաջ:
Այդ իրադարձությունից մի քանի րոպե անց Իսպանիայի վարչապետ Ռախոյն իր Թվիթերում գրել է. «Բոլոր իսպանացիներին կոչ եմ անում հանգստություն պահպանել: Իրավական պետությունը կվերականգնի օրինականությունը Կատալոնիայում»: