Հայաստանի կանանց օգնում են դառնալ քաղաքական առաջնորդներ․ «Կատարինե» ծրագրի մասին
Կանանց քաղաքական առաջնորդության ծրագիր ՀՀ-ում
2020 թ․-ից Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացնում է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը: 2020-23 թվականներին ծրագիրն ունեցել է 140 շրջանավարտ։ Երևանում և երեք՝ Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում ծրագիրը կշարունակվի շրջանավարտների տարածքային ցանցերի տեսքով։
Այսօր Վանաձորում կայացել է Լոռու տարածքային ցանցի բացման պաշտոնական արարողությունը։ Ներկա են եղել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Կայացել է նաև պանելային քննարկում «Կատարինե» ծրագրի շրջանավարտների և Հայաստանի կին քաղաքական գործիչների մասնակցությամբ։
«Կատարինե»-ն հնարավորություն է տվել, որ մարզում ապրող կանայք՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, մոտեցումներից, կուսակցական կամ անկուսակցական լինելուց, համախմբվեն մեկ գաղափարի շուրջ՝ ակտիվացնել կանանց քաղաքական և առաջնորդական հմտությունները»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է ծրագրի շրջանավարտներից Գայանե Մարկոսյանն ու ներկայացրել մանրամասներ ցանցի ձևավորման, ծրագրի շարունակականության ապահովման, ինչպես նաև իր անձնական փորձառության մասին։
«Քաղաքական կրթությունը պետք է բոլոր հարթակներում»
Գայանե Մարկոսյանը մասնագիտությամբ լրագրող է։ Հանրային կապերի և լրագրության ոլորտում ունի ավելի քան 17 տարվա փորձ։ 2018-ի «թավշյա» հեղափոխությունից հետո՝ մինչև 21 թվականն աշխատել է տեղական ինքնակառավարման մարմիններում՝ նախ որպես մարզպետի օգնական, ապա՝ փոխմարզպետ։
«Անընդհատ զգում էի, որ պետական պաշտոնյաները քաղաքական կրթության կարիք ունեն։ Ելնելով մեր փորձառությունից, մեր մոտեցումներից, մտածելակերպից ու սկզբունքներից՝ որոշումներ կայացնում էինք, բայց շատ հաճախ դրանցում պակասում էր քաղաքական բաղադրիչը»,- պատմում է նա։
Երեք տարում «Կատարինե»-ն Լոռու մարզից 12 շրջանավարտ է ունեցել։ Նրանցից մեկն էլ Գայանե Մարկոսյանն է։ Ասում է՝ ծրագիրը լավ հնարավորություն էր Հայաստանի կանանց ու աղջիկների համար՝ ստանալու քաղաքական կրթություն, քաղաքական առաջնորդության հմտություններ և ավելի հեշտությամբ անցնելու այն դժվարին ճանապարհը, որը ենթադրում է քաղաքական գործունեությունը։
Ծրագրին մասնակցել է 2022-23 թ․-ին։ Մեկամյա կուրսն անց է կացվել Հայաստանում, կազմակերպվել են նաև հեռավար դասընթացներ։ Ներգրավված են եղել քաղաքական ընտրարշավի ու քարոզարշավի կազմակերպիչներ, հանրային հաղորդակցության, հայեցակարգերի մշակման մասնագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Կանադայից։
Թեև ներկա պահին Գայանե Մարկոյանը չի շարունակում քաղաքական գործունեությունը, սակայն վստահ է՝ ստացած կրթությունն իրեն պետք կգա բոլոր հարթակներում։
«Նախատեսում ենք ծրագիրը դարձնել շարունակական»
Եռամյա ծրագրի ավարտից հետո մեկնարկել է հաջորդ փուլը՝ մարզերում շրջանավարտների ցանցերի ձևավորումը։ Նմանատիպ ցանցեր ձևավորվել են այն մարզերում, որոնց ներկայացրած դրամաշնորհային ծրագրերը հաղթող են ճանաչվել և ֆինանսական աջակցություն ստացել։
«Երեք տարվա շրջանավարտներով համախմբվել ենք նույն գաղափարի շուրջ, այն է՝ զարգացնել մարզերում կանանց քաղաքական առաջնորդության հմտությունները և օգնել նրանց մուտք գործել ակտիվ քաղաքականություն, ներգրավել տարբեր քաղաքական ու առաջնորդական գործընթացներում»,- նկատում է Գայանե Մարկոյանը։
Լոռու տարածքային ցանցը սկսել է գործել այս տարվա հունիսից։ Մարկոյանի փոխանցմամբ՝ մարզում բնակվող կանանց հետ իրականացրել են հեռավար հանդիպում-քննարկումներ տարբեր՝ առաջնորդության, ընտրություններին մասնակցության, արդյունավետ հանրային հաղորդակցության և այլ թեմաներով։
Վստահ է՝ դրանք կանանց հնարավորություն կտան նոր հմտություններ ձեռք բերել և ավելի ակտիվորեն ներգրավվել համայնքային, մարզային և հանրապետական մակարդակի տարբեր գործընթացներում։ Ասում է՝ հմտություններ ստանալուց բացի կանայք կկարողանան նաև միմյանց հետ կիսել սեփական փորձը, հաջողության և դժվարությունների պատմությունները։
Ցանցը ձևավորվել է դրամաշնորհային ծրագրի հիմքի վրա։ Ծրագիրն ավարտվելու է հոկտեմբերին։ Այն ընդգրկում է մարզի 3 խոշոր համայնքներ՝ Վանաձորը, Սպիտակը և Ստեփանավանը։
«Կատարինե»-ի շրջանավարտները հույս ունեն, որ հնարավոր կլինի ապահովել դրա շարունակականությունը;
«Թե Լոռին, թե մեր երկիրը ակտիվ և առաջնորդող, բանիմաց կանանց կարիք շատ ունեն»,— շեշտում է Գայանե Մարկոյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կանանց քաղաքական առաջնորդության ծրագիր ՀՀ-ում