Թուրքիայում չգործող հայկական կաթոլիկ եկեղեցին վաճառքի է հանվել
Թուրքական Բուրսա քաղաքում անհայտ անձը հայկական պատմական կաթոլիկ եկեղեցի է վաճառքի հանել։ Սեփականատերը դրա համար 800 հազար դոլար է պահանջում։ Սա այդ եկեղեցու վաճառքի առաջին դեպքը չէ։
Անշարժ գույքի առք ու վաճառքի կայքերից մեկում հայտարարություն է հայտնվել Բուրսայի հայկական պատմական կաթոլիկ եկեղեցու վաճառքի մասին, գրում է Cumhuriyet հեղինակավոր թուրքական պարբերականը։
- Լեռնային Ղարաբաղ․ ի՞նչ է սպասվում «նոր» և «հին» փախստականներին
- Ֆրանսիա․ նոր զոհեր՝ նախագահ Մակրոնի հայտարարությունների դեմ իսլամական աշխարհում տեղի ունեցած ցույցերից հետո
Հայկական կաթոլիկ եկեղեցին գտնվում է Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում։ Տաճարը կաթոլիկ հայերին է փոխանցվել 1831 թ-ին։
1923 թ-ից՝ Թուրքիան հանրապետություն հռչակելուց ի վեր, եկեղեցու շենքն օգտագործվել է որպես ծխախոտի պահեստ։ Ներկա պահին այն լքված վիճակում է։
800 հազար դոլար՝ եկեղեցու համար
Արդեն 190 տարեկան եկեղեցու վաճառքի մասին հայտարարությունում ասվում է, որ այն կարող է օգտագործվել որպես մշակութային կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։ Վաճառողը եկեղեցու համար վեց միլիոն թուրքական լիր է ուզում [մոտ $800 հազար]։
Եկեղեցին ծխախոտի պահեստի վերածելու պատճառների թվում նշվում է նախորդ դարի 20-ական թվականների սկզբին Բուրսայի հայ կաթոլիկների արտագաղթը։
Տարածքը, որտեղ տեղակայված է եկեղեցին, պատմական ժառանգություն է համարվում և պահպանվում է UNESCO-ի կողմից։
Հինգ տարի առաջ շենքը չի հաջողվել վաճառել
Հայկական կաթոլիկ եկեղեցու վաճառքի առաջին փորձը Բուրսայում ձեռնարկվել է 2016 թ-ին, որն, ըստ Agos պարբերականի տեղեկությունների, պատկանել է Թուրքիայի հայ համայնքին։ Հինգ տարի առաջ գինը համարժեք էր 1,5 մլն ԱՄՆ դոլարին։
Այն ժամանակ կառույցը վաճառել չէր հաջողվել, թեև դրանով հետաքրքրվում էր «մեկ-երկու գնորդ», նշում է պարբերականը։
Եկեղեցու շենքի տերերը ծխախոտի հայտնի վաճառող Սալիհ Քիրաջըբաշիի՝ «Բուրսասփոր» ֆուտբոլային ակումբի առաջին նախագահի ժառանգներն են։
Շենքի տերերը փորձել են եկեղեցին մեկ միլիոն դոլարով վաճառել Բուրսայի բողոքական համայնքին, սակայն այս գործարքը նույնպես չի կայացել։
Agos-ը գրում է, որ ի սկզբանե շենքը կառուցվել է ոչ որպես եկեղեցի։ 1831 թ-ին կաթոլիկ հայերը վերանորոգել են լքված կառույցը, և այն դարձել է նրանց եկեղեցին։ ХХ դարասկզբին Բուրսա քաղաքի այս թաղամասում մեծաթիվ հայ համայնք է բնակվել, հավելում է աղբյուրը։
Մեկնաբանություններ
Սոցցանցերի թուրքական տիրույթում այս լուրն ամենաքննարկվողներից մեկն է։ Մի քանի բնորոշ մեկնաբանություն ենք ներկայացնում․
«Գրված է՝ «Կենտրոնին մոտ է»։ Լավ է՝ չեն գրել․ «Մոտ է ավտոբուսային կանգառին»։ Այս ի՞նչ վերաբերմունք է պատմական շենքերին»։
«Նման բան չի կարելի թույլ տալ։ Պատմական շենքերը, հատկապես՝ կրոններին ծառայող, չեն կարող վաճառել մասնավոր անձինք։ Պետությունը պետք է միջամտի։ Եթե այնտեղ մասնավոր անձի շահեր կան, պետք է փոխհատուցել նրա վնասները, իսկ այսպիսի շենքերը պետք է պահպանել»։
«Պատկերացնում եմ, թե երկրում ինչ արձագանք կլիներ, եթե ինչ-որ տեղ ահա այսպես վաճառքի հանվեր մզկիթի շենք։ Այ դա պատմություն կդառնար»։