Վրաստանը խորհրդարան է ընտրում, որը կղեկավարի երկիրը առաջիկա չորս տարիներին
2020թ. հոկտեմբերի 31-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հիմնականում հանգիստ են անցնում: Արձանագրվել են մի քանի խախտումներ, հիմնականում խնդիրներ են առաջացել՝ կապված ընդդիմության դիտորդների՝ որոշ տեղամասերում ընդունելու և քվեաթերթիկներ տրամադրելիս ընթացակարգը ոչ ճիշտ պահպանելու հետ:
Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, ուստի այս ընտրությունները շատ կարևոր են երկրի համար. հաղթողը լինելու է իրական ղեկավարը առաջիկա չորս տարիներին:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարը՝ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, որին անվանում են Վրաստանի ստվերային կառավարիչ, ընտրատեղամասից դուրս գալիս, որտեղ քվեարկում էր կնոջ հետ միասին, լրագրողներին ասել է.
«Վրացական երազանքը» կստանա առնվազն 100 պատգամավոր 150 տեղանոց խորհրդարանում: Բնակչության մեծ մասն ունի համամարդկային արժեքներ, ուստի մենք նորից կհաղթենք։
Ընտրվում է տասներորդ գումարման խորհրդարանը: Առաջին անգամ ընտրություններն անցկացվում են նոր համակարգով: Պատգամավորների հիմնական կազմը` 150-ից 120-ը, կլինեն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ (համամասնական ընտրակարգ): Մնացած 30 տեղերը կբաշխվեն այն մեծամասնության ներկայացուցիչների միջև, ովքեր կհաղթեն մեկ անդամ ունեցող 30 ընտրատարածքներում:
Խորհրդարան մտնելու համար կուսակցությունը պետք է հավաքի ձայների մեկ տոկոսից ավելին: Կուսակցությունների բլոկը պետք է ստանա ձայների առնվազն այնքան տոկոս, որքան տվյալ բլոկում կան սուբյեկտներ:
Նոր ընտրական համակարգը համաձայնեցվեց 2020-ի գարնանը՝ 2019-ին գրեթե վեց ամիս տևած զանգվածային փողոցային բողոքի ցույցերից և կառավարության ու ընդդիմության երկար բանակցություններից հետո՝ արևմտյան դիվանագետների միջնորդությամբ:
Հիմնական ընդդիմադիր ուժերը ստորագրեցին նախընտրական համաձայնագիր և առաջադրեցին միասնական մեծամասնական թեկնածուներ Թբիլիսիում: