Խորհրդավոր ռադիոկայանը Ռուսաստանում հեռարձակում է իրականացնում 35 տարի շարունակ
Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու, ճահիճների մեջ պատով ցանկապատված տարածք կա, որի վրա մի քանի ռադիոաշտարակ կա, լքված շենքեր և այլ շինություններ: Ռադիոաշտարակներից մեկը 1980-ականների սկզբից հեռարձակում է կատարում կարճ ալիքներով 4625 կՀց հաճախականությամբ:
Գրեթե ողջ ընթացքում ռադիոն հեռարձակում է միայն միապաղաղ ձայն: Մինչև այժմ հայտնի չէ, թե ում է պատկանում ռադիոկայանը, որն անվանում են «Խշխշան», գրում է Բի-Բի-Սին:
Մոտավորապես շաբաթը մեկ այդ ռադիոկայանի հաճախականությամբ կարելի է լսել տղամարդու կամ կնոջ ձայն, որը ռուսերեն մի քանի ոչինչ չնշանակող բառ է արտասանում:
Հավանաբար այդ կերպ կապի ստուգում է իրականացվում: Երբեմն այդ ռադիոկայանի միջոցով ծածկագրված հաղորդագրություններ են փոխանցվում, որոնք տառեր, թվեր են պարունակում, սակայն չափազանց կարճ են, որպեսզի համարվեն լրտեսների կամ էլի ինչ-որ մեկի համար ցուցմունք:
«Խշխշանը» կարճ ալիքներով է գործում, ինչպես և բոլոր միջազգային ռադիոկայանները, այդ պատճառով էլ այն կարելի է լսել գրեթե ողջ աշխարհում 4625 կՀց հաճախականությամբ: Այն հեռարձակվում է շուրջօրյա:
Կարճ ալիքները թույլ են տալիս ազդակը փոխանցել բոլոր բնական խոչընդոտների միջով՝ սարերի և օվկիանոսների: Այդ պատճառով էլ հենց դրանք են օգտագործում ինքնաթիռներն ու նավերն ազդանշան փոխանցելու համար:
Մի քանի վարկած կա այն բանի վերաբերյալ, թե ով է ռադիոկայանի տերը և ինչ նպատակներով է այն օգտագործվում:
Դրանց մեծ մասը հանգում է այն եզրակացության, որ «Խշխշանը» պատկանում է ռուս զինվորականներին, թեև նրանք դա երբևէ չեն հաստատել: Սակայն ամենահետաքրքիր վեճերն այն թեմայի շուրջ են, թե ինչի՞ համար է պետք ռադիոկայանը, որը 35 տարվա ընթացքում սովորական մարդուն հասկանալի տեղեկատվություն չի փոխանցում:
Վ արկածներից մեկի համաձայն՝ «Խշխշանը» «մեռած ձեռքի» դեր է խաղում: Եթե միջուկային պատերազմ սկսվի և Ռուսաստանը գրոհի ենթարկվի, այդ ռադիոկայանի հեռարձակումը կդադարեցվի, և ավտոմատ մեխանիզմ կգործի, որը կգործարկի ռուսական միջուկային զենքը:
Ազդանշանի փոխանցման պայմանները մի փոքր փոխվում են՝ կախված օրվա ժամից: Այն փաստը, որը հերքում է «մեռած ձեռքի» տեսությունը, կայանում է նրանում, որ «Խշխշանը» չի փոխում իր հաճախականությունն օրվա ընթացքում, ինչը, եթե ուզում ես, որ քեզ ցանկացած պահի լսեն, պետք է արվի:
Ա ռավել հետաքրքիր և ճշմարտանման է այն ենթադրությունը, թե միապաղաղ ձայնը, որը հանում է «Խշխշանը», ընդամենը նշան է, որը հաղորդում է, որ հաճախականությունը զբաղված է: Այդ վարկածի համաձայն՝ ռադիոկայանն իրոք կարող է պետք գալ արտակարգ իրավիճակներում:
Օրինակ, պատերազմի դեպքում 4625 կՀց հաճախականությամբ ռուսական զինվորական ղեկավարությունը կարող է լրտեսներին ծածկագրված տեղեկատվություն փոխանցել:
Տեղեկատվության փոխանցման այդ մեթոդի առավելությունը կապի առավել հարմար և տեխնոլոգիական միջոցների հանդեպ այն է, որ հնարավոր չէ իմանալ հաղորդագրության հասցեատիրոջը, չէ՞ որ հատուկ ծառայությունների համար այսօր դժվարություն չի ներկայացնում կոտրել էլեկտրոնային նամակագրությունը կամ գաղտնալսել հեռախոսը: