«Խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները». Փաշինյան-Ռայիսի հանդիպումը
Փաշինյանի կարճատև այցը Իրան
Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին եկել են այն եզրակացության, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծում ստանան տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով:
«Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև խնդիրներն ավելացնում է»,- Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով:
Փաշինյան-Ռայիսի հանդիպման բոլոր մանրամասները, մեկնաբանություններ
Փաշինյանի կարճատև այցը Իրան այսօր առավոտյան էր մեկնարկել: Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել էր երկրի փոխնախագահը՝ Մասուդ Միր Քազեմին: Այնուհետև Հայաստանի ղեկավարն ուղևորվել էր Սաադաբադ պալատ, որտեղ նրան ընդունել էր նախագահ Էբրահիմ Ռայիսին:
«Բոլոր հիմքերը կան այցը հիշարժան համարելու»
Հայաստանի և Իրանի առաջնորդները նախ բանակցել են նեղ, ապա ընդլայնված կազմով: Վարչապետ Փաշինյանի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր՝
- առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորությունները,
- ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ այցը եղել է շատ հագեցած, բոլոր հիմքերը կան այն հիշարժան համարելու: Հայաստանի վարչապետը նշել է, որ Իրանի նախագահի հետ քննարկել են ինչպես տարածաշրջանային օրակարգին, այնպես էլ երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր:
«Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել
Խոսքը Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի մասին է: Այն ստորագրվել է նախքան Փաշինյան-Ռայիսի բանակցությունների մեկնարկը՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Իրանի նավթի փոխնախարարի կողմից:
Հուշագրի ստորագրմամբ երկարաձգվում է էլեկտրաէներգիայի և գազի վերաբերյալ արդեն իսկ գործող համաձայնագրի ժամկետը: Թե քանի տարով՝ չի հաղորդվում:
«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագրի ստորագրումը Հայաստանի վարչապետը որակել է որպես Իրան կատարած այցի «կոնկրետ արդյունք»:
Քննարկվել է նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Մասնավորապես, կարևորել եմ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։ Քննարկել ենք նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը»,- գրել է Սանոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն «առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները»:
«Հսկայական պոտենցիալ կա». տնտեսական փոխգործակցության մասին
Բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանը «իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների համագործակցության ու բարեկամության շատ պայծառ և վառ օրինակ են»:
Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ռայիսի հետ շատ երկար քննարկել են երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացումը, երկուսն էլ կարծում են, որ այստեղ հսկայական պոտենցիալ կա:
«Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել»,- ասել է նա:
Էբրահիմ Ռայիսիի դիտարկմամբ՝ այցի ընթացքում շեշտվել է Իրանի և Հայաստանի միջև կապերի զարգացման կարևորությունը։
«Մենք նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել ենք 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է»,- հայտարարել է Իրանի նախագահը:
Ինչպես Ռայիսին, այնպես էլ Փաշինյանը կարծիք են հայտնել, որ այդ նպատակի իրագործման համար «առկա է համապատասխան ներուժ»:
«Հայաստանը գնահատում է Իրանի դիրքորոշումը». տարածաշրջանի մասին
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը գնահատում է Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Եվ այդ կապակցությամբ ասել է, որ կարևոր է համարում իրանցի գործընկերների տեղեկացվածությունը Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման համատեքստում:
Հայաստանի վարչապետն ասել է, որ Ռայիսիի հետ քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, և այս ուղղությամբ նույնպես երկուսն էլ համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում:
Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանը շատ զգայուն է տարածաշրջանի նկատմամբ, կարևորում է անվտանգության և խաղաղության հաստատումը:
Իրանի նախագահի համոզմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը:
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պատահական չի համարում այն, որ պաշտոնական Թեհրանը Սոչիի բանակցություններից հետո կրկին խոսում է տարածաշրջանային դերակատարների ներգրավվածության մասին:
«Իրանն ակնհայտորեն խոսում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական միջնորդության օգտին»,- կարծում է Սուրենյանցը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Թեհրանի հետ բանակցությունները պետք է վարել այնպես, որ «Հայաստան-Արևմուտք հարաբերությունները չդառնան Իրանի հետ հարաբերությունների պատանդ», ոչ էլ հակառակը տեղի ունենա։ Ասում է՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների հանդեպ էլ Արևմուտքն է շատ զգայուն։
«Շատ կարևոր է, որ Թեհրանի հետ հարաբերության համատեքստում Հայաստանը կարողանա հասկանալի և բավական անկեղծ մակարդակում բացատրել, որ Հայաստան-Արևմուտք շփումները չունեն ռեգիոնում աշխարհաքաղաքական փոփոխություն բերելու նպատակ, ունեն Հայաստանի անվտանգության այն ռիսկերը կառավարելու նպատակ, որոնց մասին հենց Իրանն էլ խոսում է՝ ասելով, որ Հայաստանի անվտանգությունը նաև իր անվտանգությունն է»,- ընդգծել է Բադալյանը:
Փաշինյանի կարճատև այցը Իրան