«Խաղաղության օրակարգը հայության «խաղաղ ոչնչացումը» չէ»․ Փաշինյանի արձագանքը Ալիևի ելույթին
Փաշինյանի արձագանքը Ալիևի ելույթին
«Ադրբեջանի նախագահը փորձում է ստեղծել մտացածին հիմքեր Հայաստանի կողմից, իբր, պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ-ի հայությանը շրջափակելու և ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ գլոբալ էներգետիկ օրակարգն է ոգևորել Ադրբեջանի նախագահին, բայց ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոնկրետ միջոցներ ձեռնարկի «տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով»։
Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին։ Ալիևի ելույթը նա տխրահռչակ է որակել, Հայաստանին ուղղված մեղադրանքները՝ կատարելապես անհիմն։
Վարչապետը վստահեցրել է՝ հայկական կողմն իրենից կախված ամեն ջանք գործադրելու է հնարավորինս արագ դելիմիտացիան ավարտելու, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, քանի որ «իրապես և անկեղծ նվիրված է խաղաղության օրակարգին»։
«Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է: Խաղաղության օրակարգը Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ զարգացումն ու համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»,- շեշտել է Փաշինյանը։
JAMnews-ն առանձնացրել է վարչապետի ելույթի կարևորագույն դրվագները։
«Ադրբեջանի խախտումները խրոնիկ բնույթ ունեն»
Նիկոլ Փաշինյանը նման կարծիք է հայտնել՝ խոսելով եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումների մասին։ Նա նաև բերել է մի շարք փաստեր․
- 2020 թ․- դեկտեմբերին ԼՂ-ի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի և հարակից տարածքների ապօրինի օկուպացիան,
- 2022 թ․ մարտին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի ներխուժումը, որն Ադրբեջանի նախագահը վերջին ելույթում հպարտությամբ անվանել է «Փառուխ օպերացիա»,
- ամենօրյա ռեժիմով հրադադարի խախտումները,
- Լեռնային Ղարաբաղի գոյությունը հերքելը այն պարագայում, երբ այն չորս անգամ հիշատակվում է միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում,
- ԼՂ-ի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը,
- Հադրութի և ԼՂ-ի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար պայմաններ չստեղծելը,
- ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը ԼՂ խոչընդոտելը,
- ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ դրույթը չկատարելն ու նրանց կալանքի տակ պահելը։
«Այս և նմանատիպ մի շարք գործողություններ և հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է ԼՂ-ի հայության ցեղասպանությունը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ Բաքվի նման մտադրության մասին է վկայում նաև «առանց ԼՂ-ի հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը»։
«Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական միությանը: Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն անկասկած կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը»,- համարում է Փաշինյանը:
«Խաղաղապահները տեղակայված են անժամկետ»
Փաշինյանի խոսքով՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով՝ հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ հնգամյա ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե կողմերից որևէ մեկը ժամկետը լրանալուց վեց ամիս անց անհամաձայնություն չհայտնի։
«Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»,- ընդգծել է նա։
Հայաստանի վարչապետը նշել է, որ տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում խաղաղապահների «անկյունաքարային, կարևոր ներդրումը» ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մատնանշել է 2021 թ․-ի նոյեմբերի 26-ի և 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունները։
«Ավելին, ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը»,- հավելել է Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա»
Այս արձանագրումն անելուց հետո Փաշինյանը հավելել է, որ կա ԼՂ-ի պաշտպանության բանակ, որը «լուրջ խոչընդոտ» է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կյանքի կոչման համար:
Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում Ալիևին առաջարկել է հարցի պարզաբանման համար դիտորդական առաքելություն ուղարկել ԼՂ։ Առաջարկն Ադրբեջանը մերժել է․
«Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»։
Ապառազմականացման առաջարկներ Ստեփանակերտից և Երևանից
Վարչապետի փոխանցմամբ՝ Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, այն է՝ ԼՂ-ի շուրջ միջազգային երաշխիքներով ստեղծել ապառազմականացված գոտի, ինչի արդյունքում «նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ»: Կարծում է՝ առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ:
«Ապառազմականացման առաջարկ արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թ․-ին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի»,- նշել է Փաշինյանը։
Ասում է՝ այդ առաջարկն ուժի մեջ է, Հայաստանը նախօրեին Ադրբեջանին է փոխանցել դրա «նորացված տարբերակը»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք լինել չի կարող»․ ապաշրջափակման մասին
Ասում է՝ Ադրբեջանը մանիպուլյատիվ խոսույթ է զարգացնում նաև Լաչինի միջանցքի շուրջ՝ փորձելով զուգահեռներ տանել դրա և տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև [նկատի ունի, այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»]։ Այնինչ, ըստ նրա, գործող կարգավորումները «նման զուգահեռների տեղ չեն թողնում»։
Փաշինյանն ընդգծել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել։
Նա վստահեցրել է՝ պայմանավորվածություն ասելով, պետք է նկատի ունենալ հենց հայտարարությունը, քանի որ «այլ պայմանավորվածություն լինել չի կարող»։
Վարչապետն ասել է՝ Ադրբեջան-Նախիջևան կապի ապահովումը ապաշրջափակման գործընթացի մաս է ու հավելել՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է այն ապահովել։ Հիշեցրել է՝ հենց այդ նպատակով կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին․
«Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը։ Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից»։
Խոսելով նոր երթուղու կառուցման մասին՝ Փաշինյանը շեշտել է՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նման հնարավորություն նախատեսում է «կողմերի համաձայնության պարագայում»։
«Հայաստանը պատրաստ է տալ իր համաձայնությունը: Իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով. Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»,- ասել է նա։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահը 2021 թ․-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնել է սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Մի քանի օր անց, սակայն, հրաժարվել է ստորագրել այդ պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը։
«Պատրաստվում ենք նոր առաջարկ ներկայացնել»․ նոր երթուղու մասին
Փաշինյանը հայտնել է, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին հայկական կողմը գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել «նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկ»․
«Մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Ընդ որում, մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք»։
Ինչո՞ւ է Ադրբեջանը գործընթացը մտցնում փակուղի
Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը դրժում է՝
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021 թ․-ի դեկտեմբերին Բրյուսելում,
- ԼՂ-ի կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թ․-ի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ,
- 2021 թ․-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա,
- 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ ամենավտանգավոր հատվածներում պետք է իրականացվեր զորքերի հայելային ետքաշում:
«Իսկ ինչո՞ւ է այսպես վարվում, ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը»,- հայտարարել է նա։
«Իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է»
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրեր, սպառնալիքներ հնչեցնում, բարձրախոսներով իսլամական աղոթքի հրավեր միացնում։ Նրա խոսքով՝ հիմա նման գործելակերպի հեղինակները ուզում են Հայաստանին մեղադրել «հակաիսլամական գործելակերպի» մեջ»․
«Իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող Ալ Քաիդային և Իսլամական պետությանը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի արձագանքը Ալիևի ելույթին