«Զիջումներ պատերազմի հետաձգման դիմա՞ց»․ ԼՂ-ի բանակցային ժառանգությունը
ԼՂ-ի բանակցային փաստաթղթերի հրապարակում
Հայաստանի կառավարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մի շարք փաստաթղթեր։ Փաթեթում տեղ են գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, ինչպես նաև ՌԴ փաթեթային առաջարկները, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, տարբեր գագաթնաժողովներում արված հայտարարություններ։
Փաստաթղթերի փաթեթում ներկայացված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որ գրվել է 2016 թ․-ի ապրիլյան պատերազմից ամիսներ անց՝ օգոստոսի 5-ին։
Կառավարության փոխանցմամբ՝ ներկայացվել են «առանցքային» փաստաթղթեր, որոնք «պատկերացում են տալիս» մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։
Հայ փորձագետները, որոնք քաջածանոթ են հակամարտության պատմությանն ու կարգավորման առաջարկներին, կարծում են՝ հրապարակված փաստաթղթերի մեծ մասը շատ վաղուց հրապարակված է, հետևաբար, չի կարող խոսք գնալ «գաղտնազերծման» մասին։
Միաժամանակ պնդում են՝ ներկայացված փաթեթի հիման վրա հնարավոր չէ ձևավորել «բանակցային գործընթացի ամբողջական և հավաստի պատկեր», քանի որ այն «կիսատ է, թերի»։
«Եթե նպատակ ունենք ամբողջական պատկերացում կազմել առաջարկների վերաբերյալ, ապա պետք է հրապարակվեր ամեն փաստաթուղթ, այլ ոչ ընտրողաբար: Իսկ եթե նպատակը ցույց տալն է, որ նախկիններն են մեղավոր, ապա դա ունի կարճաժամկետ ազդեցություն»,- արձանագրել է ղարաբաղյան հակամարտության հարցերով փորձագետ, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։
JAMnews-ը ներկայացնում է ՀՀ կառավարության ներկայացրած պարզաբանումներն ու քաղաքագետների մեկնաբանությունները։
Հրապարակված փաստաթղթերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
- 44-օրյա պատերազմի մասին զեկույցը բաց ռեժիմով չի քննարկվի. ինչի՞ց է խուսափում ՀՀ իշխանությունը
- «Բաքվում ընտրովի արդարադատություն է իրականացվում»․ հայ գերիների գործի մասին
- Արցախի անկման երկրորդ տարելիցն է, պաշտոնական Երևանը լուռ է
Կառավարություն․ «Բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ ՀՀ հետ միացման մասին»
Գործադիրի կայքում հրապարակվել է «Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը» վերտառությամբ հոդված, որն անդրադառնում է հրապարակված փաստաթղթերին։
Ուշագրավ է, որ անստորագիր հոդվածում որպես հրապարակված փաթեթից արված հետևություններ ներկայացված են պնդումներ, որոնք բազմիցս տարբեր հարթակներում հնչեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես՝ նշվում է, որ՝
- «Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ ՀՀ հետ միացման շուրջ,
- բանակցությունների հիմնական առարկան եղել է այն, որ Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով պետք է վերադարձվեին Ադրբեջանին,
- բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո,
- միջազգային հանրության ընկալմամբ՝ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում Ադրբեջանի կազմում,
- միջանկյալ կարգավիճակը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի 90–ականներից փաստացի հաստատված կարգավիճակի և կառավարման կարգավիճակի կազմալուծում և նոր հայ-ադրբեջանական կառավարման հաստատում,
- ապագա հանրաքվեի գաղափարի քննարկումը նշանակում էր 1991 թ․-ի դեկտեմբերի 10–ին ԼՂ–ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ապալեգիտիմացում»։
«Վարված բանակցային գործընթացի արդյունքում ԼՂ հակամարտությունը բովանդակային առումով հասել էր 1991 թ․-ի զրոյական կետին»,- ասված է հոդվածում։
Նշվում է, որ Պուտինին ուղղված նամակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականները ցույց են տալիս, որ նա՝
- «ունեցել է ռազմական կամ պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության գնահատական,
- արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների բալանսը խախտված է»։
Անդրադարձ է կատարվում նաև 2018 թ․-ի հեղափոխությունից հետո արվող պնդումներին, թե «Փաշինյանը եկել է հողերը հանձնելու»։
«Փաստաթղթերի և Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը տալիս է այդ հարցերի պատասխանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմն այլևս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը՝ առավել քան կանխատեսելի։ Եվ այդ հայտարարությունները հետագայում նրան պետք էին քաղաքական վերադարձի համար»,- ասված է հոդվածում։
Մեկնաբանություններ
«ՀՀ-ն գնալու էր լուրջ զիջումների՝ ստանալով անորոշ հույսեր»
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ հրապարակված փաստաթղթերի մեջ առաջնայինն ու ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ժամկետներն ու շրջանակն են։
«Փաստացի 2016 և 2019 թվականների առաջարկներում բացակայում է մինչ այդ բոլոր առաջարկներում ներառված դրույթն այն մասին, թե ով իրավունք ունի մասնակցել այդ հանրաքվեին` այն է 1988 թվականի դրությամբ ԼՂ֊ում ապրող բնակչությունը։ Բացի այդ, Ադրբեջանը պարբերաբար հետաձգելու էր հանրաքվեի իրականացումը։ Խնդիրը մնալու էր չլուծված, ինչը ձեռնտու էր Ռուսաստանին։ Տարօրինակ չէ, որ հիմքը Լավրովի առաջարկներն էին»,- գրել է նա։
Դալլաքյանի խոսքով՝ ստացվում է` Հայաստանը գնալու էր լուրջ զիջումների` ապագայում ունենալով հանրաքվեի վերաբերյալ անորոշ հույսեր կամ «հետաձգված պատերազմ»։
«Սարգսյանը, նաև Արցախի ղեկավարությունը դեռ 2016 թ․֊ին մերժել է այն առաջարկները, որոնք խորհուրդ էր տալիս ընդունել Փաշինյանին»,- եզրակացրել է նա։
«Սերժ Սարգսյանը պատրաստ էր Պուտինին զիջել ամեն ինչ»
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ամենատհաճը համարում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն ուղղված ՌԴ նախագահին: Այն բնորոշում է որպես «աղերս»։
«Սերժ Սարգսյանը 2016 թ.-ի աշնանն արդեն ամբողջապես պատկերացնում էր, թե ինչ աղետալի վիճակի է հասցրել Հայաստանն ու հայկական բանակը, և հասկանում էր, որ անձամբ իր և իր թիմի կառավարչական-հրամանատարական անգրագիտությունը թույլ չի տալու ելք գտնել այդ իրավիճակից: Հետևաբար, մնում էր աղերսել «տարածաշրջանի տիրակալին», որ նա զսպի Ալիևի ախորժակը»,- նկատել է նա։
Ղևոնդյանի գնահատմամբ՝ երրորդ նախագահը պատրաստ է եղել դրա դիմաց Պուտինին զիջել ամեն ինչ՝ «սկսած արժանապատվությունից մինչև պետության էներգետիկ, տնտեսական և ռազմական համակարգեր»։
«Քի Վեսթի առաջարկն անհետացե՞լ է ԱԳՆ-ից»
Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը երկար տարիներ զբաղվել է ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրությամբ։ Ֆեյսբուքյան էջում նա մի քանի գրառումներ է արել՝ անդրադառնալով հրապարակված փաստաթղթերին։ Ասում է՝ կառավարությունը մասնակի, ընտրողաբար է հրապարակել կարգավորման մի քանի փաստաթղթեր։
Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ փաստաթղթերում ներառված չէ Քի Վեսթի առաջարկը, որը «պաշտոնապես ներկայացվել է կողմերին»․
«Փոխարենը հրապարակել եք երբեք պաշտոնական փաստաթուղթ չդարձած տարածքների փոխանակման [Մեղրիի և ԼՂ-ի] տարբերակը»։
Առաջարկել է բնագրով, ոչ թե հայերենով հրապարակել Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը, ներկայացնել նաև Հայաստանի պաշտոնական գրավոր պատասխանը։
Վերլուծաբանը վստահեցրել է՝ Քի Վեսթի առաջարկ եղել է, այդ անգլերեն փաստաթղթին 2005 թ․-ին ԱԳՆ-ում ծանոթացել են ինքն ու բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը։
«Ինչո՞ւ կառավարությունը չի հրապարակել Քի Վեսթը: Հնարավո՞ր է, որ այն անհետացել է ՀՀ ԱԳՆ-ից: Չեմ բացառում: Իսկ հնարավո՞ր է, որ կառավարությունը ունի այդ առաջարկը, բայց չի հրապարակել: Դա էլ հնարավոր է, հատկապես երբ տեսնում ենք, որ իշխանական շրջանակներն ու նրանց պրոպագանդան տարածում են Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու փաստաթղթից մեկ պարբերություն»,- գրել է Հակոբյանը։
Նյութի հրապարակման պահին Քի Վեսթի առաջարկին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Վեսթի փաթեթ»։
«Բանակցային ժառանգությունը մերժվել է»
Քաղաքագետ, պատմաբան Սուրեն Սուրենյանցը կարծում է՝ փաստաթղթային փաթեթը «կիսատ է և ամբողջականությունից զուրկ»։ Ըստ նրա՝ բացակայում են բանակցային պատմության առանցքային բաղադրիչներ՝ 1994 թ․-ի եռակողմ զինադադարի փաստաթուղթը, ԵԱՀԿ գործող նախագահի 1995 թ․-ի հայտարարությունը, Քի Վեսթի փաստաթղթերը, Պրահյան գործընթացի արձանագրությունները, մի շարք այլ «վճռորոշ» նյութեր։
«Թեպետ հրապարակվել է 2019 թ․-ի կարգավորման նախագիծը, սակայն բացակայում է հայկական կողմի պաշտոնական արձագանքը՝ այն հիմնական փաստաթուղթը, որը ներկայացնում էր Հայաստանի դիրքորոշումն ու բանակցային մտադրությունները»,- արձանագրել է Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ՝ այդ բացը թույլ չի տալիս ճիշտ գնահատել ներկայացված փաստաթղթի քաղաքական արժեքը։
Ասում է՝ նույնիսկ փաստաթղթերի թերի ներկայացումից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի իշխանության օրոք՝
- «մերժվել է բանակցային ժառանգությունը,
- տապալվել կամ անտեսվել են միջնորդական առաջարկները,
- փորձ է արվել զրոյացնել բանակցային ընթացքը,
- Արցախի սուբյեկտությունը փաստացի դուրս է բերվել բանակցային դաշտից»։
«Այս բոլոր քայլերը խաթարել են միջազգային զսպող մեխանիզմները և ստեղծել են լայնածավալ պատերազմի նախադրյալներ»,- կարծում է քաղաքահետը։
Սուրենյանցը եզրակացրել է՝ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի նախադրյալները ձևավորվել են ոչ թե բանակցային գործընթացի տրամաբանությամբ, այլ այդ «գործընթացի հետևողական խաթարմամբ և պետական մտածողությունից զուրկ, արկածախնդիր քաղաքականությամբ»։
«Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԼՂ-ի բանակցային փաստաթղթերի հրապարակում