1991 թվականի սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում հռչակված ԼՂՀ-ն կդադարի գոյություն ունենալ։
Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի վերահսկում էր նաև Ադրբեջանի 7 շրջանները։
2020 թվականի աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցան այդ յոթ շրջանները և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մի մասը։ ԼՂ-ն շարունակեց գոյություն ունենալ Ղարաբաղի այն հատվածի շրջանակում, որը վերահսկվում էր ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը դիմեց ռազմական գործողությունների, դրանք անվանելով «տեղային հակաահաբեկչական գործողություն», որն ավարտվեց Բաքվի պայմանների հիման վրա հրադադարի հաստատմամբ։
2023 թվականի սեպտեմբերի 28-ին նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԼՂՀ գործունեությունը դադարեցնելու մասին։
Հրամանագրի համաձայն՝ «ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների` նրանց տրանսպորտային միջոցներով և ունեցվածքի ազատ, ինքնակամ և անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունվել․
մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով։
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես հրապարակվելու պահից»։