Ղարաբաղյան նոր պատերազմի առաջին «անտունները» ֆուտբոլիստներն են
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով Ադրբեջանի և Հայաստանի հավաքականներն իրենց տնային խաղերը կանցկացնեն հայրենիքի սահմաններից դուրս։ Դրանից չի խուսափել նաև Վրաստանի՝ հակամարտ կողմերի հարևան երկրի հավաքականը։
• Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլային թիմերի հեռակա մրցամարտում հաղթել է «Ղարաբաղը»
• Կիպրոս-Ադրբեջան խաղն անցնելու է դատարկ տրիբունաներով․ ինչո՞ւ է դա լավ երկրպագուների համար
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշել է Ադրբեջանի և Հայաստանի հավաքականների մասնակցությամբ խաղերը դուրս բերել սեպտեմբերի 27-ին սկսված զինված հակամարտության գոտուց։ Երկու երկրներում էլ ռազմական դրություն է սահմանվել։
Այսպիսով, Հայաստանի և Վրաստանի հավաքականների խաղը, որը պետք է կայանար Երևանում հոկտեմբերի 11-ին, որոշվել է անցկացնել նույն օրը, Լեհաստանում։ Հարևան երկրների ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան Տիխի լեհական քաղաքում։
Ադրբեջանի հավաքականը հոկտեմբերի 13-ին Բաքվում պետք է ընդուներ Կիպրոսի ազգային հավաքականին։ Սակայն խաղը տեղափոխվել է Ալբանիա։ Այժմ ադրբեջանցիներն ու կիպրոսցիներն ուժերը կչափեն Էլբասան ալբանական քաղաքում։
Երկու խաղերն էլ առանց հանդիսատեսի են անցկացվելու։ Սակայն այստեղ Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակը կապ չունի։ ՈՒԵՖԱ-ի բոլոր խաղերը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվում են դատարկ տրիբունաներով։
Առաջին թիմը, որը տուժեց Լեռնային Ղարաբաղում լարվածության սրացումից, «Արարատ-Արմենիա» հայկական ակումբն էր։ Հոկտեմբերի 1-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆի շրջանակում երևանյան թիմը ստիպված էր խաղալ սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ Կիպրոսում։ Այդ խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ Սերբիայի թիմի։