Լեռնային Ղարաբաղի նոր նախագահը ստանձնել է պաշտոնը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը կայացել է մայիսի 21–ին։ Արարողությանը ներկա էր նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։
Արարողությունն անցկացվել է Շուշի քաղաքի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։
Արայիկ Հարությունյանը երդվել է անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։
Նա խոստացել է նաև իր նախագահության ընթացքում ապահովել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։
- Լեռնային Ղարաբաղը նոր նախագահ ունի։ Ի՞նչ սպասել նրանից
- Կորոնավիրուսն ու քաղաքականությունը Ղարաբաղում։ Ընտրությունները կայացան։ Ի՞նչ է լինելու
Մարտի 31–ին Լեռնային Ղարաբաղում միաժամանակ կայացել էին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այն ժամանակ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, նախագահի 14 թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50 և ավելի տոկոսը։
Ապրիլի 14–ին կայացավ ընտրությունների երկրորդ փուլը։ Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Արայիկ Հարությունյանը։
Ի դեպ, նոր նախագահը զգալիորեն ավելի շատ լիազորություններ է ունենալու, քան նախորդները։ Բանն այն է, որ 2017 թ–ին Ղարաբաղում նոր Սահմանադրություն է ընդունվել, որի համաձայն՝ հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է նախագահականի։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա դրանց մասնակցում էր 12 քաղաքական ուժ։ Նրանցից խորհրդարանի նոր կազմ է անցել 1 դաշինք և 4 կուսակցություն։
Ձայների մեծ մասն ընտրողները կրկին տվել էին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դաշինքին։
«Ազատ Հայրենիք»/«Քաղաքացիական միացյալ դաշինք»-ը ստացել էր 40,4 տոկոս ձայն։
Խորհրդարանում ներկայացված կլինեն նաև Դեմոկրատական կուսակցությունը, «Միասնական հայրենիքը», ՀՅ «Դաշնակցությունը»։
Մայիսի 21–ին նաև ընտրվել է խորհրդարանի նոր նախագահը։ Այդ պաշտոնը կզբաղեցնի իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը։