Լարված իրադրություն Լեռնային Ղարաբաղում. ի՞նչ են հաղորդում Երևանն ու Բաքուն
Լարված իրավիճակ Լեռնային Ղարաբաղում
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, սրացումը սկսվել է օգոստոսի 1-ից: Երրորդ օրը հայկական կողմն արդեն հաղորդում է ադրբեջանական զինուժի կողմից ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին։ Արդյունքում երկու զինծառայող է զոհվել, կան վիրավորներ։ Օգոստոսի 3-ին օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ նաև, որ չճանաչված հանրապետության իշխանությունները մասնակի զորահավաք են հայտարարել։
Օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահ առաքելությունը, որը պատասխանատու է ԼՂ-ում անվտանգության ապահովման համար, հաստատել է, որ ադրբեջանական կողմը երեք անգամ խախտել է հրադադարը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հայտնում են, որ պաշտոնական Բաքուն ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է փոխել ԼՂ-ն ու Հայաստանը կապող երթուղին: Առայժմ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը կապ է ապահովում Հայաստանի և Արցախի միջև։ Այսինքն՝ խոսքը նոր ճանապարհի՝ Լաչինի միջանցքի այլընտրանքի մասին է։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:
Ի՞նչ է հայտնի այս պահին՝ բոլոր մանրամասները, նաև իրավիճակի սրման հավանական պատճառները՝ ըստ վերլուծաբանների։
Տեղեկություններ Երևանից
Մինչ այժմ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություններ չի արել։ Սրացման մասին տեղեկություն է հաղորդում միայն ԼՂՀ ՊՆ-ն։ Մասնավորապես, հաղորդվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին։ Ժամը 18:00-ի դրությամբ երկու հայ զինծառայող է զոհվել, 14-ը՝ վիրավորվել։
Լուրերը, թե ԼՂ-ում մինչև օգոստոսի 3-ը թեժ մարտեր են ընթանում, հերքվեցին, միայն հաղորդվեց, որ իրավիճակը կայուն լարված է։ Օգոստոսի 1-ին տեղեկություն է ստացվել նաև մեկ հայ զինծառայողի վիրավորվելու մասին։
Սակայն սրացման երրորդ օրը ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է լարվածության նոր փուլը։
Դրանում Ադրբեջանի գործողությունները որակվում են որպես «հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խախտելու, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու հերթական բիրտ փորձ»։
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։ Արցախահայությունը հաստատակամ է և վճռական՝ իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու մեջ»,- ասված է հայտարարության մեջ։
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի ընդդիմությունը հանդիպում է պահանջում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։
«Մենք տեսնում ենք, որ խաղաղապահները կա՛մ չեն կարող, կա՛մ չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Պետք է խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպում պահանջել, կոնկրետ հարցեր տալ և դրանց պատասխանները ստանալ։ Արցախի ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է սպասվում, որպեսզի համապատասխան եզրակացություններ անի և ձեռնարկի անհրաժեշտ հետագա քայլերը։
Եթե խաղաղապահների ղեկավարությունը հրաժարվի հանդիպումից, ապա հասարակական ճնշում կլինի այդ հանդիպմանը հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Բանակցություններ ռուսական կողմի հետ
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին նախօրեին հեռախոսազրույցներ էին ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ու արտգործնախարարները: Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող հարցեր:
Նշված պայմանավորվածությունների կատարման ընթացքից բացի արտգործնախարարներ Միրզոյանն ու Լավրովը՝
- քննարկել էին տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը,
- մտքեր էին փոխանակել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ՝ կարևորելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը,
- անդրադարձել էին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի:
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին ռուստաստանցի գործընկերները չէին անդրադարձել:
«Շրջել տասնամյակների վեճերի էջը». ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Հայ-ադրբեջանական լարվածության առթիվ մտահոգություն էր հայտնել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներով։ Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- գրել էր Կլաարն իր թվիթերյան էջում:
«Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ». Անվտանգության խորհրդի քարտուղար
Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության իշխանությունների փոխանցմամբ՝ Բաքուն պահանջում է Հայաստան-ԼՂ երթևեկությունը կազմակերպել նոր երթուղով: Այս պահանջն ադրբեջանական կողմը տեղ է հասցրել ռուս խաղաղապահների միջոցով: Ժամկետների մասին որևէ տեղեկություն դեռևս չի հրապարակվել:
Ադրբեջանական կողմը հայտնել է, որ իր կողմում ավարտում է Բերձորը (Լաչինը) շրջանցող ճանապարհի շինաշխատանքները: Այլընտրանքային ճանապարհը հայկական կողմը դեռ նախագծում է, շինարարության մեկնարկն այս ամիս է նախատեսված:
Թե մինչ այդ ինչպես է իրականացվելու Հայաստան-ԼՂ երթևեկությունը, եթե Բաքվի պահանջը բավարարվի, պարզ չէ:
Ստեփանակերտն այս պահանջին դեռևս չի արձագանքել: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:
Գրիգորյանը հիշեցրել է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ըստ որի՝ նոր երթուղու կառուցման պլանը պետք է որոշվի «կողմերի (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում»:
«Իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայն դեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Գրիգորյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ Հայաստանն առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել նոր երթուղու կառուցման պլանը, իսկ այնուհետև առաջ շարժվել ըստ ժամանակացույցի և ճանապարհային քարտեզի:
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ թեև պաշտոնական հաղորդագրության մեջ ԱԹՍ-ների կիրառմամբ ադրբեջանական ոտնձգության ուղղությունը չի հստակեցվում, սակայն խոսքն, ամենայն հավանականությամբ, Բերձորի՝ Լաչինի ուղղության մասին է:
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Ադրբեջանը «կենտրոնացել» է Լաչինի միջանցքի ուղղությամբ:
Ասում է՝ այդ մասին են վկայում նաև Ստեփանակերտից հնչող հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով պահանջ է ներկայացրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ երթևեկությունը կազմակերպել այլ երթուղով:
Բադալյանը նկատում է՝ անցնող ամիսներին ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կառուցում էր այլընտրանքային ճանապարհը, քանի որ Բաքուն ակնկալում է այդ կերպ իր վերահսկողության տակ առնել նաև Բերձորը (Լաչինը).
«Ինչո՞ւ է Բաքուն ներկայումս ներկայացնում այդպիսի պահանջներ, եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրով միանգամայն հստակ է եռամյա ժամկետի սահմանումը: Արդյո՞ք հարցը ամենևին ճանապարհը չէ, այլ իրավիճակը սրելու որևէ առիթը, որ փնտրում է Բաքուն՝ այլ նպատակների համար»:
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Բաքուն այսօր նորից է լարել իրավիճակը, ինչը նշանակում է՝ Շոյգու-Հասանով հեռախոսազրույցը չի անցել համաձայնության մթնոլորտում:
Նախօրեին Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց էին ունեցել և քննարկել անվտանգային հարցեր:
«Այդ զրույցից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտը անդրադարձավ օգոստոսի 1-ի սադրանքին և արձանագրեց, որ Ադրբեջանը երեք անգամ խախտել է հրադադարը, իսկ ռուսական խաղաղապահները թույլ չեն տվել շփման գծի փոփոխություն»,- ընդգծում է Հակոբ Բադալյանը:
Վերլուծաբանը դեռևս անպատասխան հարցեր է բարձրացնում՝ ի՞նչ է իրականում կատարվում ԼՂ-ի շփման գծում և ո՞րն է լարվածության աճի մոտիվը: Ըստ նրա՝ մի բան հստակ է՝ լարվածությունն աճել է դիվանագիտական գործընթացների ինտենսիվացման ֆոնին: Պատահական չի համարում նաև այն, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում օգոստոսի 5–ին Սոչիում նախատեսված Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ շփման գծում լարվածություն ստեղծելով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել ցավոտ զիջումների գնալ:
«Այս էսկալացիային Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում: Ադրբեջանն անընդհատ մեղադրում էր հայկական կողմին Քելբաջարի շրջանի հարավից մինչև Լաչինի շրջանի հյուսիս ձգվող հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, այսինքն՝ ինչ-որ տեղեկատվական ֆոն էր նախապատրաստվում այս գործողությունների համար»,- շեշտել է նա:
Չի կարծում, թե սահմանային լարվածությունը կվերածվի լայնամասշտաբ պատերազմի:
«Բայց այն, որ Ադրբեջանը մոտակա ժամերի և օրերի ընթացքում փորձելու է դիրքային հաջողություններ գրանցել, դա ակնհայտ է»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Գրիգորյանը:
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը
Օգոստոսի 3-ի առավոտյան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել.
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսի 3-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը Լաչինի շրջանի ուղղությամբ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել հայկական անօրինական զինված կազմավորումների անդամների կողմից Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Արդյունքում զոհվել է զինծառայող Քազիմով Անար Ռուստամօղլուն»,- ասվում է փաստաթղթում։
ԱԳՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ «Հայաստանը չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և որ հայկական անօրինական զինված խմբավորումները մինչ օրս դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»։
«Օգոստոսի 3-ի սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտել է եռակողմ հայտարարությունը և միևնույն ժամանակ վնաս է հասցրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Սա նաև միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ Հայաստանի անհարգալից վերաբերմունքի ցուցիչ է։
Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, որը դեռևս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից։
Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանի տարածքների անվտանգությունն ու նրա սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար»,- ասված է արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը
Օգոստոսի 3-ի երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ղարաբաղում այդ օրվա իրադարձությունների վերաբերյալ։
«Ադրբեջանի տարածքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր պատասխանատվության գոտում տեղակայված հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամները, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները, օգոստոսի 3-ին ահաբեկչական-դիվերսիոն գործողություն են իրականացրել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ։ Ահաբեկչության հետևանքով մահացել է զինծառայող Քազիմով Անար Ռուստամօղլուն»,- հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Բացի այդ, հայկական անօրինական զինված խմբավորումների անդամները փորձել են գրավել Քելբաջարի և Լաչինի շրջանների տարածքը ընդգրկող լեռնաշղթայի վրա գտնվող Ղըրխգիզի բարձունքը և այնտեղ նոր մարտական դիրքեր ստեղծել։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված «Հատուցում» պատասխան գործողության արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Ղըրխգիզի, Սարիբաբա բարձունքները և մի շարք այլ կարևոր ռազմավարական բարձունքներ Փոքր Կովկասի ղարաբաղյան լեռնաշղթայի երկայնքով։ Ներկայումս մեր ստորաբաժանումները ինժեներական աշխատանքներ են իրականացնում՝ նոր դիրքեր ստեղծելու և կապուղիների անցկացման համար։
Գործողության շրջանակներում ոչնչացվել են հայկական անօրինական զինված կազմավորումների մի քանի մարտական դիրքեր, ինչպես նաև ավիահարված է հասցվել նախկին Աղդարայի շրջանի Յուխարա Օրաթաղ բնակավայրի զորամասին։ Արդյունքում սպանվել և վիրավորվել են ապօրինի հայկական խմբավորումների անդամներ, ինչպես նաև մի քանի D-30 հաուբիցներ, ռազմական մեքենաներ և մեծ քանակությամբ զինամթերք։
Ադրբեջանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ, ի հակառակ եռակողմ հայտարարության, Հայաստանի զինված ուժերի և հայկական անօրինական զորամիավորումների առկայությունը Ադրբեջանի տարածքներում՝ խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում վտանգի աղբյուր է: Այդ տարածքների ապառազմականացումը, այնտեղից հայկական զորքերի ամբողջական դուրսբերումը և ապօրինի հայկական ավազակախմբերի զինաթափումը Ադրբեջանի զինված ուժերի բացարձակ իրավունքն է։
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրությամբ՝ այսուհետ երկրի ինքնիշխան տարածքներում իրականացված ցանկացած ահաբեկչություն և սադրանք վճռականորեն կճնշվի, իսկ պատասխան գործողություններն էլ ավելի ջախջախիչ կլինեն»,- նշել է նախարարությունը։
Մեկնաբանություն Բաքվից
«Եթե ուշադրություն դարձնեք, Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցավ հերթական սրացում»,- Ղարաբաղում վերջին զարգացումները մեկնաբանում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների քննարկմամբ, խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ, և բացարձակապես կարիք չունի վերջ դնել այդ առճակատմանը։
«Մոսկվան խորհուրդ է տալիս շարժվել միայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,- ընդգծել է նա։
Ջաֆարլին պնդում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը կասկածի տակ կդնի տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը, և, հետևաբար, Մոսկվայի համար կարևոր է կառավարել լարվածությունը՝ երբեմն կողմերին թույլ տալով որոշակի սադրանքներ։
«Հակամարտության իրավիճակի շարունակականությունը անհրաժեշտ է դարձնում խաղաղապահների ներկայությունը և, այսպես ասած, լեգիտիմացնում է այդ փաստը։ Ռուսաստանը մեսիջ է փոխանցում աշխարհին, որ ադրբեջանցիներն ու հայերը պատրաստ են իրար «ողջ-ողջ» ուտել, և եթե ռուսական զորքերը այնտեղ չլինեն, պատկերացրեք, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Տարածաշրջանի իրադրությունը նման կերպ ներկայացնելու արդյունքում Արևմուտքը ստիպված է համաձայնել այն բանի հետ, որ ռուս զինվորն է տարածաշրջանում հայերի անվտանգության երաշխավորը:
Եվ հետևաբար, եթե կողմերն իսկապես ցանկանում են խնդրի լուծում, ապա պետք է հնարավորինս խուսափեն սադրանքներից, չհեռանան բանակցությունների սեղանից և շարունակեն երկխոսությունը։
Բայց իրավիճակը բարդանում է նրանով, որ Ղարաբաղում ապօրինի զինված խմբավորումները չեն ենթարկվում Փաշինյանի իշխանությանը։ Եթե նույնիսկ վաղը հայկական զինված ուժերը դուրս գան Ղարաբաղից, Ռուսաստանը կշարունակի իր սադրանքները «ԼՂՀ բանակի» միջոցով, ինչպես դա արվում է հիմա:
Մյուս կողմից՝ աջակցությունը Փաշինյանի կառավարությանը երկարատև չէ, և երկրի ներսում բավականին մեծ ռեսուրսներ ունեցող ռուսամետ ընդդիմություն կա։ Ռուսաստանը դեռ կարողանում է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և այնտեղ քաոս ստեղծել։ Այդ իսկ պատճառով Փաշինյանի կառավարությունը պետք է շատ զգույշ լինի Ադրբեջանի հետ երկխոսելիս։
Եթե շատ կարճ ամփոփենք, ապա մենք չենք կարող դուրս գալ այս փակուղուց»,- հայտարարել է Շահին Ջաֆարլին։
Լարված իրավիճակ Լեռնային Ղարաբաղում