Լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ տեղեկություններ և մեկնաբանություններ
Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական բախման հետևանքով զոհվել է երեք հայ, մեկ ադրբեջանցի զինծառայող, կան վիրավորներ։
Այս ռազմական բախումը տեղի է ունեցել 2021 թ․ հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումից ուղիղ մեկ տարի անց։ Դա առաջին հանդիպումն էր Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Հայտարարությունում, որը ստորագրվել է հանդիպման ավարտին, խոսվում էր տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաները բացելու որոշման մասին։ Իսկ 2022 թ-ի հունվարի 14-ին նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։ Եվ կարծիք կա, որ լարվածությունը կարող է կապված լինել նաև կայանալիք բանակցությունների հետ։
Տեղեկություններ Երևանից և Բաքվից, ինչպես նաև մեկնաբանություններ երկու երկրներից։
- 2 միջադեպ՝ 1 օրում. «Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը»
- «Սպառնալիքներ ուղղված Ղազախստանի՞ն, թե՞ ՀԱՊԿ-ին». անվտանգության խորհրդի առցանց նիստի մասին
- «ՀԱՊԿ զորախումբը մեկնեց Ղազախստան, իսկ Հայաստան այդպես էլ չեկավ»
Տեղեկություններ Երևանից
Երեք հայ զինծառայող է զոհվել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կրակոցների հետևանքով։ Երկուսը վիրավորվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սահմանի արևելյան հատվածից տագնապալի հաղորդագրություններ են ստացվել հունվարի 11-ի երկրորդ կեսին։ Սկզբից Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հայկական դիրքերի գնդակոծության մասին՝ սկսած ժամը 15:15-ից։ Նշվում էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է դիրքից, որը 2021 թ-ի մայիսից տեղակայվել է Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Այն ժամանակ հաղորդվում էր մեկ վիրավորի մասին։ Այնուհետև, ժամը 17.30-ից ՊՆ մամուլի ծառայությունն արդեն հայտարարեց հրաձգության շարունակման մասին, ընդ որում՝ արդեն հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին երկու զոհված և երկու վիրավոր զինծառայողների մասին։
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է ժամը 21:00-ին։ Սակայն առավոտյան ՊՆ-ն հաղորդեց, որ հայտնաբերվել է ևս մեկ զոհի դի՝ արդեն կեսգիշերից հետո։
Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հայկական բանակի երեք զինծառայողների մահվան փաստի առթիվ։ Նախաքննություն է ընթանում։
ԱԳՆ․ «ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգություններ»
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտմանը՝ Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծել է․
«Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների, որոնք սկիզբ են առել 2021թ․ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակվել պարբերական զինված հարձակումներով։
Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը»:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկնել է հետագա սրացումից խուսափելու հայկական իշխանության առաջարկները․
- հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշում,
- և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկում:
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն ավարտվում է ադրբեջանական իշխանությանն ուղղված կոչով՝ «զերծ մնալ սադրիչ գործողություններից և կատարել Սոչիի եռակողմ հայտարարությամբ և բրյուսելյան հանդիպման արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը»։
Օմբուդսմեն․ «Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իր կատարած հանցագործությունների համար»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ «ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների համար»։ Այսպես է Արման Թաթոյանը գնահատել հունվարի 11-ին ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի մարտական դիրքերը գնդակոծելու հանգամանքը։
«Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելը, նրանց կյանքի իրավունքը խախտելը, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելը մարդկանց նկատմամբ ագրեսիա է»։
Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի «ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով»՝ հրետանու և անօդաչու սարքերի կիրառմամբ:
Հունվարի 12-ին Արման Թաթոյանը հայտարարել է, որ այս իրադարձություններից հետո արտահերթ զեկույց է նախապատրաստելու Ադրբեջանի վարած հայատյաց և այլատյաց քաղաքականության, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ։
Սոցցանցերում
Հայ օգտատերերը սոցցանցերում ակտվորեն քննարկում են սրացումն ու Հայաստանի իշխանության արձագանքը։ Ահա մի քանի կարծիք․
«Պետք է փաստել, որ ոչ մեկը այդպես պրոֆեսիոնալ կերպով չի հեղինակազրկում ՀԱՊԿ-ին, ոնց որ դա մերթ ընդ մերթ անում ա Ադրբեջանը։ Ու այս անգամ էլ հայ-ադրբեջանական սահմանի սրացումը Ռուսաստանի կողմից անտեսելու պարագայում, Մոսկվան կզրոյացնի Ղազախստանում իր ակտիվությամբ ձեռք բերված բոլոր քարոզչական միավորները»։
«ԱԳՆ-ն պահանջում է հայելային եղանակով հետ քաշել զորքերը սահմանից։ Չգիտեմ, թե սա ում «հանճարեղ» միտքն է, ինչի հետևանք է, բայց ի՞նչ է նշանակում հայկական բանակը հետ քաշել հայկական սահմանից։ Ընդհակառակը, ռազմական ներկայությունը պետք է ավելացվի և ուժեղացվի սահմանին՝ հակառակորդին հետ մղելու և նրա փորձերը սաղմնային վիճակում խեղդելու համար, որպեսզի նա չհանդգնի անգամ մտածել մեր դիրքերին մոտենալու մասին։ Ովքե՞ր են մշակում այս քաղաքականությունը։ Որտե՞ղ են նրանք սովորել»։
«Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և հայերի նկատմամբ չդադարող ռազմական հանցագործություն է։ Այդ երիտասարդները չպետք է սպանվեին՝ հանուն բռնապետ Ալիևի»։
«Կարծես, բոլորն էլ հասկանում են, որ թյուրքական աշխարհը չի ուզում համակերպվել Ղազախստանում կրած նվաստացման հետ։ Էրդողանն ու Ալիևը պարզապես լացում են սեփական ինքնասիրությանը հասցված հարվածից․ Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն է, որ զորքեր է մտցրել Ղազախստան։ Չէ՞ որ նրանք արդեն հաղթել են մեզ։ Չէ՞ որ նրանք արդեն Փաշինյանին ստիպել են դավաճանել իր երկրին ու ժողովրդին, կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարություն ստորագրել։
Մի՞թե պարզ չէ, որ նրանք անելու են ամեն ինչ՝ Հայաստանին «իր տեղը» ցույց տալու համար։ Սա օրինաչափություն է։ Այսպես էլ շարունակվելու է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է վարչապետը»։
Տեղեկություններ Բաքվից
ԱԳՆ․ «Հայաստանն է կրում պատասխանատվությունը»
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունվարի 11-ին Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի կողմից շարունակվող ռազմական սադրանքները։
Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկելու փոխարեն պետական սահմանին հերթական արյունալի սադրանք իրականացնելով՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում իրավիճակի սրացման համար», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է պետական սահմանին կատարված իրադարձությունների մասին։
«Հունվարի 11-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։
Բայրամովը պատմել է տարածաշրջանում վերջին զարգացումների, այդ թվում՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման համար Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։
Նախարարն ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է սադրանքի մասին, որը Հայաստանը ձեռնարկել է Ադրբեջանի Քելբաջարի շրջանի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է ադրբեջացի զինծառայող։ Բայրամովն ընդգծել է, որ սադրանքի համար պատասխանատվությունը կրում է անմիջականորեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», — նշել են ԱԳՆ-ում։
Օմբուդսմենի դիմումները միջազգային կազմակերպություններին
Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին․
«Ցավով հայտնում ենք, որ Հայաստանի Զինված ուժերը հունվարի 11-ին հերթական սադրանքն են իրականացրել հայ-ադրբեջանական պետական սահմանի Քելբաջարի հատվածում։ Ադրբեջանական բանակի զինծառայող Նազարով Այազ Ազերօղլուն զոհվել է դիպուկահարի արձակած կրակոցից։
Կտրուկ դատապարտում ենք նման սադրիչ գործողությունների իրականացումը, որոնք հակասում են լիակատար հրադադարի և մարդու հիմնարար իրավունքների դեմ բոլոր ռազմական գործողությունների մասին 2020 թ․ նոյեմբերի 10-ի և 2021 նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին, Հայաստանից պահանջում ենք հարգել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը։
Ես կոչ եմ անում միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, օտարերկրյա օմբուդսմեններին և մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին արձագանքել մարդու իրավունքների խախտումներին, որոնք իրականացնում է Հայաստանը, և վճռորոշ միջոցներ ձեռնարկել՝ նման գործողությունների կանխարգելմանն ուղղված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան, որոնք սպառնալիք են ստեղծում կայուն խաղաղության և զարգացման ապահովմանը»։
ՊՆ․ «Սահմանն ամրապնդվում է»
«Հայաստանի կողմից երկու երկրների սահմանի երկայնքով իրավիճակի լարումը, խախտելով եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորություններն առանց որևէ հիմքի, նպատակաուղղված ռազմական սադրանք է և ռազմական արկածախնդրություն։
Բոլոր դեպքերում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից հակառակ կողմին համաչափ և համարժեք պատասխան է տրվել։
Ներկա պահին նշված ուղղություններում հարաբերական անդորր է։
Օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների վերահսկողության տակ է։
Չբացառելով Հայաստանի կողմից երկու երկրների պետական սահմանի երկայնքով իրավիճակի սրման միտումնավոր փորձերի կրկնությունը՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պահպանում են մեր երկրի ինքնիշխան տարածքներն ու սահմանների անվտանգությունն ուժեղացված ռեժիմով», — ասված է Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունում, որը տարածվել է հունվարի 12-ին։
Քրեական գործ է հարուցվել
Ինչպես նշել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, «երեքշաբթի՝ հունվարի 11-ին, ադրբեջանահայկական սսահմանի Ադրբեջանի Քելբաջարի հատվածում հայկական զինված ուժերի կատարված սադրանքի առնչությամբ, որի հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող, քրեական գործ է հարուցվել»։
«Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինառայող Այազ Նազարովի (1998 թ․ծ․) մահվան փաստով, որը զոհվել է Քելբաջարի շրջանի տարածքում հակառակորդի կրակոցից, շրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ՔՕ 120.2.12 հոդվածով (միտումնավոր սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի հետևանքով), նախաքննություն է ընթանում», — հավելել է գերատեսչությունը։
Մեկնաբանություն
«Հայաստանի բանակը սադրանք է իրականացրել։ Քելբաջարի ուղղությամբ զոհվել է մեր զինծառայողը։ Պատասխան կրակով ավերվել է հայկական բանակի երկու դիրք, հակառակ կողմը կորուստներ է կրել։ Հայաստանի ղեկավարությունը, որպեսզի չվախեցնի հասարակությանը, կորուստների մասին դադարներով է հայտնում։
Նման միջադեպ վերջին անգամ եղել է անցյալ տարվա նոյեմբերի սկզբին, երկու կողմերն էլ այն ժամանակ կորուստներ էին կրել։ Այն ժամանակ իրավիճակը ժամանակավորապես կայունացավ Բաքվի և Երևանի հետ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսային բանակցություններից հետո։ Իսկ նոյեմբերի 26-ին կայացավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը Սոչիում։
Այդ հանդիպման ավարտին ստորագրված հայտարարությունում խոսվում էր ճանապարհների բացման և սահմանազատման կարևորության մասին։ Հայտարարվում էր նաև սահմանազատման հարցերով հերթական եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին», — կատարվածը մեկնաբանում է քաղաքագետ, «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։
«Չնայած դրան՝ դեռևս ոչ մի լուր չկա ոչ ճանապարհների բացման, ոչ էլ այդ եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին։ Սոչիի հանդիպումից երկու շաբաթ անց Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կրկին հանդիպել են արդեն Բրյուսելում՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Սակայն երեկվա սահմանային միջադեպը ցույց տվեց, որ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում։ Եվ քանի դեռ կողմերը խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, քանի դեռ սահմանազատում չի իրականացվել և, ի հեճուկս համաձայնագրերի, չեն բացվել ճանապարհները, լարվածությունը սահմանին չի նվազելու։
Սահմանային սադրանքներով Հայաստանի ղեկավարությունն այլ նպատակ է հետապնդում։ Ոգևորվելով Ղազախստանի իրադարձություններից՝ նրանք որոշել են խաղի մեջ ներքաշել ՀԱՊԿ-ին։ Այս սադրանքներով Հայաստանը ստուգում է կազմակերպության զարկերակը, և չի բացառվում, որ շուտով կդիմի ՀԱՊԿ օգնությանը։ Սակայն զարկերակի այս ստուգումը կարող է թանկ նստել Նիկոլ Փաշինյանի վրա։ Ադրբեջանական բանակն, ի պատասխան սադրանքի, ավերել է Հայաստանի երկու դիրք և ցույց տվել, որ, անկախ նրանից, թե ով է Հայաստանի ընկերը, պատասխանն այսուհետ կարճ է լինելու։
Սակայն, եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չպատասխանեն Երևանի դիմումին, հայ հասարակությունն ու ընդդիմությունը Փաշինյանից հարցնելու է․ «Իսկ ինչո՞ւ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը մեզ չեն սատարում», — նշել է Շահինօղլուն։