Արցախի բնակիչների անվտանգությունը և եռակողմ համաձայնագրի իրականացումը. Լավրովի երևանյան այցի արդյունքները
Ռուսաստանի արտգործնախարարը Երևան է ժամանել նոյեմբերի 21-ի առավոտյան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սերգեյ Լավրովի հանդիպման հիմնական շեշտը դրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի պարտավորությունների կատարման վրա: Խոսքը գնում է ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղապահ օպերացիայի իրականացման մասին:
«Բոլորը գիտակցում էին, որ այս հայտարարությունը [նոյեմբերի 9-ին ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից]՝ մի քանի շաբաթ առաջ շատ սուր բնույթ ստացած իրավիճակի կարգավորման անվիճելի միջոց է: Միաձայն շեշտվել է, որ անընդունելի են այս հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրում», — ասել է Լավրովը:
Նա շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել լիարժեք իրականացնել բոլոր պայմանավորվածությունները և «հաստատել են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ընթացքը»:
- Լավրովն ու Շոյգուն արդեն Երևանում են․ «Եկել ենք ընդարձակ ծրագրով»
- Կադրային փոփոխություններ Հայաստանի կառավարությունում. պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ժամերի ընթացքում
Հայաստանի վարչապետը հանդիպմանը խոսել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության մասին, ինչի առթիվ պետք է կրկին ճշտել երկու երկրների «ռազմավարական տեսլականը»: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ ապագային վերաբերող տեսակետներն ու ծրագրերը համընկնում են:
Լավրովի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը բարձրացրեց նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության համար առաջնահերթ խնդիրը ներքին տեղահանված անձանց վերադարձն է.
«Արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի, ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։
Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»: