Լավրովը գովաբանել է Վրաստանի կառավարությանը «Արևմուտքի ճնշմանը դիմադրելու համար»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ գովաբանել է Վրաստանի կառավարությանն ու ասել, որ երկիրը «դիմադրում է Արևմուտքի ճնշմանը»։
«Մենք տեսնում ենք, որ Վրաստանը, ինչպես և գրեթե մյուս բոլոր երկրները, գտնվում է Արևմուտքի ճնշման տակ։ Արևմուտքը պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Եվ այն փաստը, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունը համարձակություն ունեն հայտարարելու, որ առաջնորդվելու են իրենց և սեփական տնտեսության շահերով, հարգանքի է արժանի»,— հայտարարել է Լավրովը։
Լավրովը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը կվերականգնվի և հավելել, որ Վրաստանի տնտեսության 10 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի հետ ունեցած կապերով.
«Ուրախ եմ, որ մեր ժողովուրդների միջև հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։ Ինձ ասացին, որ անցյալ տարի Վրաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 10 տոկոսով, հիմնականում զբոսաշրջության, Ռուսաստանի հետ առևտրի հաշվին։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի վերականգնել ուղիղ օդային հաղորդակցությունը»։
- «Սաակաշվիլիի խոշտանգման հետևում Պուտինն է կանգնած»․ «Մագնիտսկու օրենքի» հեղինակ
- Ուկրաինայից՝ Ռուսաստանի տարածքով․ ուկրաինացի փախստականների ճակատագիրը Վրաստանում
- Ուկրաինան, Հայաստանը/Ադրբեջանը, Իրանը՝ 2023 թ․-ի վտանգավոր հակամարտությունների շարքում
Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները գովաբանում են Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի և Արևմուտքի նկատմամբ նրա վերաբերմունքի համար։
Անցյալ տարվա մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը նույնպես գովաբանել էր Վրաստանի իշխանություններին ուկրաինական հարցում իրենց դիրքորոշման համար։ Կարասինը «հավասարակշռված» էր անվանել Վրաստանի արձագանքը Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին ու ընդգծել, որ Ռուսաստանում «այդ փաստն աննկատ չի մնա»։
Կարասինը վերլուծել էր ռուս-վրացական հարաբերությունների պատմությունը։ Նա հայտնել էր, որ 2012 թվականից՝ «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո, Ռուսաստանը դարձել է Վրաստանի երկրորդ կարևոր առևտրային գործընկերը, վրացական ապրանքների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները հանվել են, իսկ Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 14 անգամ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի կառավարությունը հրապարակեց ոչ բարեկամ երկրների ցուցակը, որում Վրաստանը ներառված չէր։ Ըստ Կրեմլի՝ ռուս անհատները և ընկերությունները կկարողանան ռուսական ռուբլով մարել իրենց պարտքերը վարկատուներին, որոնք «ոչ բարեկամ պետություններ» են։
Փետրվարին Վրաստանը չմիացավ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից ահմանված պատժամիջոցներին։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, քանի որ դա հակասում է երկրի ազգային շահերին, և պատժամիջոցները չեն կարող դադարեցնել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունները։