«Ծնողական ժամ» և ճկուն գրաֆիկ. փոփոխություններ Հայաստանի աշխատանքային օրենսգրքում
Լավարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում
Հայաստանում վերանայվում են աշխատանքային պայմաններն ու աշխատաժամերը: Սա հնարավորություն կտա օրենքով կարգավորել հեռավար աշխատանքը, ինչպես նաև մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների համար որոշակի արտոնություններ սահմանել:
Սահմանվելու է «ծնողական ժամ»։ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների համար գործելու է ավելի կարճ աշխատաժամանակ.
- 1 կամ 2 երեխա ունեցողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի 30 րոպեով,
- 3 և ավելի երեխաների դեպքում աշխատաժամանակը կկրճատվի մեկ ժամով։
Օրենքում փոփոխությունների նախագիծը դրված է քննարկման։ Դատելով արձագանքներից՝ այն սպասված է և հասարակության հավանությանն է արժանացել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ ճկուն աշխատանքային գրաֆիկի շնորհիվ գործատուն և աշխատողը կկարողանան իրար հետ գրավոր համաձայնեցնել ճկուն աշխատանքային գրաֆիկ։ Մասնավորապես՝ աշխատանքային օրվա կամ հերթափոխի սկիզբը և ավարտը կորոշվի կողմերի համաձայնությամբ:
Ինչ վերաբերում է «ծնողական ժամ»-ին, փոփոխության նպատակն այն է, որ երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանելու հարցը չմնա գործատուի հայեցողությանը, այլ դառնա աշխատակցի իրավունքը։
- Հայաստանում երիտասարդները ձգտում են առանձին ապրել, ծնողները սկսել են դա խրախուսել
- Փոխնակ մայրություն. պահանջարկը կրկնապատկվել է, ծառայության գինը՝ աճել
- LikeLocal. ընթրիք հայ ընտանիքում՝ Հայաստանը մարդկանցով ճանաչելու հնարավորություն
- Հայրության արձակուրդ. օրենքն ու իրականությունը հետխորհրդային երկրներում
«Հեռավար աշխատանքը պետք է կարգավորել օրենքով». ՏՏ ոլորտի մասնագետ
Հարություն Գալոյանը արդեն վեց տարի է աշխատում է հեռավար, ծառայություններ է մատուցում արտասահմանյան և տեղական տեխնոլոգիական ընկերությունների: Հեռավար աշխատանքը համարում է կարևոր ինչպես աշխատանքի որակի բարելավման, այնպես էլ աշխատաժամանակի ճիշտ պլանավորման տեսանկյունից․
«Այս տարիների ընթացքում աշխատաժամանակի ճիշտ պլանավորմամբ կարողացել եմ խնայել օրական մինչև երեք ժամ։ Եվ դրանք տարբեր տարիների օգտագործել եմ անգլերենի բարելավման, որոշակի մասնագիտական առցանց դասընթացների, ընթերցանության, մարզումների համար: Հրաշալի է հեռավար աշխատանքը։ Դա չի նշանակում քիչ կամ վատ աշխատել։ Հակառակը, դա օգնում է դառնալ արդյունավետ և կատարելագործել մասնագիտական և անհատական որակները»:
Նրա խոսքով, Հայաստանում հատկապես ՏՏ ոլորտում ընդունված է հեռավար աշխատանքը։ Գործատուն կարևորում է աշխատանքի որակն ու արդյունքը, ոչ թե ֆիզիկական ներկայությունը․
«Չեմ ուզում թերագնահատել աշխատավայրում ֆիզիկական ներկայությունը՝ մասնագիտական շփումները, տեղում միասին խնդիրներ հաղթահարելը կամ ուղղակի մարդային հարաբերությունները։ Երևի դա մասնագետին անհրաժեշտ է իր կայացման սկզբնական փուլում: Իսկ երբ արդեն ձևավորվում ես որպես մասնագետ, ձգտում ես էֆեկտիվության։ Իսկ դա չի կարող լինել, եթե աշխատանքի հասնելու և հետ վերադառնալու վրա երկուսից ավելի ժամ ես ծախսում»:
Ժամանակի խնայողություն ասելով՝ Հարությունը նկատի ունի ոչ միայն ճանապարհի վրա ծախսվող ժամերը, այլև աշխատատեղում ընդմիջումները.
«Բացի դրանից, ես ինքս չեմ կարողանում կենտրոնանալ անգամ այն դեպքում, երբ սենյակում ճանճի բզզոց կա։ Իսկ աշխատավայրերում աղմուկը անխուսափելի է»:
Սկսել տնից աշխատել 2020թ-ին՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման ժամանակ։ Հենց այդ օրերին էլ հասկացել է, որ՝ տնից աշխատելով, կարողանում է իր զարգացման համար այդքան սպասված հավելլալ ժամանակ ունենալ․
«Նախկինում, երբ ազատ ժամանակ էր լինում և այլ բանով էի զբաղվում աշխատավայրում, նկատողություն էի ստանում: Հիմա իրավիճակն այլ է, եթե տվյալ պահին անելու գործ չունեմ, կարող եմ հանգիստ երաժշտություն լսել կամ խոհանոցում մի համեղ բան պատրաստել, կարևորը՝ միշտ հասանելի լինել գործատուի համար»:
Գործատուի հետ այսպիսի պայմանավորվածություն ունի․
- հասանելի լինել աշխատանքային ժամերին,
- մասնակցել բոլոր առցանց քննարկումներին,
- անհրաժեշտության դեպքում ներկայանալ գրասենյակ, օրինակ՝ փաստաթղթեր ստորագրելու, թիմային քննարկումների մասնակցելու կամ պարզապես գործընկերների հետ լավ ժամանակ անցակացնելու նպատակով:
Հեռավար աշխատանքի դեպքում Հարությունն ունի նույն իրավունքները՝ արձակուրդի, անձնական կարիքների համար մինչև հինգ աշխատանքային օր բացակայելու, արտաժամյա աշխատանքի դեպքում հավելյալ վարձատրության, պարգևավճարների:
«Այլևս չեմ կարող գրասենյակում աշխատել։ Մի քանի անօգուտ փորձեր ունեցել եմ և հասկացել, որ այս ռեժիմից դուրս գալ ուղղակի չեմ կարող: Օրենքով հեռավարի կարգավորումը մեծ երաշխիքներ կստեղծի այն կազմակերպությունների համար, որոնք նման մտադրություն ունեն: Դա նրանց համար նաև ծախսերի օպտիմալացում է»,- կարծում է նա։
«Այդ «ծնողական ժամ» կոչվածը փրկություն կդառնա». աշխատող մայրիկ
Հռիփսիմե Սարյանն աշխատում է պետական համակարգում, ունի երեք մանկահասակ երեխա։ Երիտասարդ ընտանիքն ապրում է ծնողներից առանձին։ Կենցաղում և երեխաների խնամքի հարցում օգնողներ չունեն:
Ամեն առավոտ Հռիփսիմեն երկու երեխաներին պետք է հասցնի մանկապարտեզ, երրորդին՝ դպրոց:
«Այդ «ծնողական ժամ» կոչվածը փրկություն կդառնա ինձ համար։ Առավոտյան արթնանում եմ վեցին, որպեսզի կարողանամ կազմակերպել օրս: Նախաճաշ եմ պատրաստում և լանչ բոքս մեծ աղջկաս համար։ Հետո մեծիս երկու փոքրիկների՝ 2 և 5 տարեկան երեխաներիս հետ տանում եմ դպրոց։ Այստեղ էլ սովորաբար խնդրում եմ մանկապարտեզի ծնողներից մեկին՝ փոքրերին իր երեխայի հետ տանի մանկապարտեզ, որ ես չուշանամ աշխատանքից», — ասում է նա։
Երիտասարդ մայրիկի խոսքով՝ իր երեխաներին մանկապարտեզ ուղեկցել չկարողանալը մեղքի զգացողություն է առաջացնում, սթրեսներ։
Մյուս կողմից էլ, չի կարողանում դայակ գտնել առավոտյան միայն մեկ ժամվա համար։
«Օրենքի փոփոխության դեպքում կունենամ մեկ ժամ և կարող եմ հանգիստ կազմակերպել երեխաներիս առօրյան։ Կես ժամ ուշ կգնամ աշխատանքի, կես ժամ էլ շուտ կավարտեմ աշխատանքս: Միշտ ահավոր նախանձով եմ վերաբերվել հեռավար աշխատողներին, սակայն դժվար թե պետական համակարգն անցնի այդ գրաֆիկին»,- կարծում է Հռիփսիմեն։
Չնայած սահմանված հստակ աշխատաժամերին՝ մինչև տասը րոպե ուշացումներին աշխատավայրում միշտ ներողամիտ են վերաբերվել։ Ասում է՝ կարողացել է մասնակցել դպրոցի և մանկապարտեզի ծնողական ժողովներին, հանդեսներին և այլ միջոցառումների․
«Սակայն մի բան է, երբ քեզ ասում են՝ երեք երեխաների մայր ես, ընդառաջում ենք, գնա մասնակցիր, այլ է, երբ օրենքով ունենում ես այդ հնարավորությունը: Ամեն անգամ թույլտվություն չես խնդրում, ամաչում կամ անհարմար զգում»:
Հռիփսիմեն կարծում է, որ հայրերին էլ պետք է այս հնարավորությունը տալ, որպեսզի լիարժեք մասնակցեն երեխաների խնամքի և զարգացման փուլերին․
«Այդպես հնարավոր կլինի առողջ և ամուր ընտանիքներ ունենալ։ Իմ ամուսինն աշխատանքի է գնում վաղ առավոտյան՝ ինձանից էլ շուտ։ Իսկ եթե նա էլ ունենա նման իրավունք, մեր տանն իրոք այլ մթնոլորտ կունենանք՝ ավելի առողջ և ներառական»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Լավարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում