«ԼՂ-ից միայն ելք թույլ տալու ուղղությամբ ծրագրեր են մշակվում»․ Փաշինյան
Լաչինի միջանցքի միակողմանի բացում
«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»,- կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով 5000 մարդ դեռևս սպասում է ԼՂ վերադառնալու հնարավորությանը։ Եվս 30 հազարը փախստական են դարձել 44-օրյա պատերազմի հետևանքով։ Նրա խոսքով՝ արցախցիների այս խումբը չի կարողանում տուն վերադառնալ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»։ Ըստ դրա նրանք պետք է վերադառնային են ԼՂ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։
Օգոստոսի 21-ին հաղորդվեց, որ ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և ԼՂ 41 քաղաքացիների տեղափոխություն Հայաստան։ Սա նման առաջին դեպքն էր հունիսի 14-ից ի վեր: Նշվում էր, որ ԼՂ քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են հայաստանյան և արտասահմանյան բուհեր։
Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ «Լաչին» անցակետով Հայաստան է տեղափոխվել 100 մարդ»։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նրանք Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած էթնիկ հայեր են։
Վարչապետի հայտարարությունները՝ Լաչինի միջանցքի միակողմանի բացման, փախստականների՝ ԼՂ վերադառնալու և խաղաղության պայմանագրի մասին
«Հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված»
Խոսելով ԼՂ-ում ստեղծված իրադրության մասին՝ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Նրա խոսքով՝ միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով «բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների» որոշակի շարժ է մեկնարկել Լաչինի միջանցքով։ Հենց այս համատեքստում էլ խոսել է միջանցքի միակողմանի բացման հավանականության մասին։
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է։ Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,- շեշտել է վարչապետը։
2022 թ․-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքն արգելափակված է, իսկ 2023 թ․-ի հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը լիակատար պաշարման է ենթարկվում։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Հայաստանից Արցախ սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ մատակարարվեն։
Հայաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Այն գրեթե մեկ ամիս է, ինչ սպասում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի մոտ՝ Հակարիի կամուրջ տանող ճանապարհին։ Այս նախաձեռնությանը նաև Ֆրանսիան է միացել։ Բաքուն, սակայն, արգելում է բեռների մուտքն ու նշում, որ պատրաստ է աջակցություն տրամադրել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով։
ԼՂ-ն ի սկզբանե կտրականապես մերժում էր այդ առաջարկը։ Նախօրեին լուր տարածվեց, որ Արցախի նախագահն այն քննարկել է խորհրդարանական ուժերի հետ ու խոսել այդ ուղղությամբ գործադրվող ճնշումների մասին։ Թե ինչ որոշում կընդունվի՝ դեռևս պարզ չէ։
«ԼՂ բազմաթիվ բնակիչներ չեն կարողանում վերադառնալ»
Փաշինյանը խոսել է այն մասին, որ շրջափակման արդյունքում Հայաստանում հայտնված արցախցիները, նաև այն մարդիկ, որոնք 2020 թ․-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում փախստական են դարձել, չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խոսքը շուրջ 30 հազար արցախցիների մասին է։
Կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որով նախատեսված է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլև հարակից շրջաններ։
Սա, ըստ նրա, նշանակում է, որ ոչ միայն Մարտակերտի, Հադրութի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը «արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն» պետք է ունենան։
«Այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայությանը էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»,- հայտարարել է նա։
«Բաքուն տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը»
Վարչապետը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման խնդրին և նշել, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը նույնն է․
«Այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»։
Փաշինյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի ունեցած տեղեկությունները վկայում են այն մասին, որ «Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա»։
«Նոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին»
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, խոսել նաև Ադրբեջանի հետ ստորագրվելիք համաձայնագրի մասին։
«Պետք է տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»,- հայտնել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Լաչինի միջանցքի միակողմանի բացում