Լաչինի միջանցքի փակման հետքերով․ ո՞րն է Բաքվի նպատակը
Լաչինի միջանցքը երեք ժամով փակ էր
Նախորդ երկու օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում լարված էր։ Դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին։ Ճանապարհը հնարավոր եղավ բացել միայն երեք ժամ տևած բանակցություններից հետո։
Իսկ հաջորդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել Գետավան համայնքում կանգ առած ադրբեջանցիների և տեղացի հայ երիտասարդների միջև։ Ըստ Արցախի ոստիկանության նախնական տեղեկությունների՝ միջադեպին մասնակցած քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները «ռազմական ոստիկանության ծառայողներ են»: Սա մտահոգություն է առաջացրել ԼՂ-ում, քանի որ «ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ»։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Բաքվի նպատակը իրենց կամ ռուս-թուրքական համատեղ վերահսկողությամբ անցակետ ունենալն է։
Ի՞նչ պատրվակով էր փակվել Լաչինի միջանցքը, ադրբեջանցիների հարձակումը հայ երիտասարդների վրա, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Բնական ռեսուրսների մոնիթորի՞նգ, թե՞ հերթական սադրանք
Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ փաստացի փակելով Հայաստանն Արցախի հետ կապող Լաչինի միջանցքը։
Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել էր, թե նրանք ադրբեջանցի մասնագետներ են, որոնք խաղաղապահների տեղակայման վայր են ուղարկվել «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Թե ինչ օգտակար հանածոների մասին է խոսքը՝ չէր հստակեցվում։
Ի պատասխան՝ Արցախի բնապահպանության կոմիտեն հանդես եկավ հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ պարբերաբար իրականացնում է ուսումնասիրություններ միջազգային փորձագետների ներգրավմամբ․
«Որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ»։
Կառույցը վստահեցրել է՝ «չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին» Արցախը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին, կոմիտեն «պատշաճ կերպով» վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը։
«Վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը»,- ընդգծել է կոմիտեն ու հավելել, որ պատրաստ են բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով հրավիրել նաև «միջազգային փորձագիտական խումբ»։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։
«Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակելու մտադրություն ունի»․ Հայաստանի արձագանքը
Պաշտոնական Երևանը Արցախում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես չի եկել։ Այսօր Մոսկվայում կազմակերպված ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում թեմային անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ «Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար»։
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի մտադրությունները՝ փակելու Լաչինի միջանցքը, որը հումանիտար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար։ Իսկ վերջին օրերին հաճախակի են դարձել ադրբեջանցիների սադրանքները Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող միջանցքի տարածքում»,- հայտարարել է նա։
Սիմոնյանը հիշեցրել է «Լեռնային Ղարաբաղ» անվանումը չօգտագործելու Բաքվի պահանջը, դիրքորոշումը, թե ԼՂ-ի խնդիրը լուծված է։ Ըստ նրա՝ այս ամենը վկայում է այն մասին, որ ԼՂ-ում առկա է «էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիք»։
«Խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունը»
Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ լուրը հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը՝ տեղի ունեցածը որակելով որպես սադրանք․
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար»։
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ընդգծել է՝ հրադադարի հաստատումից հետո ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմանն ուղղված նման քայլեր Բաքուն բազմիցս է ձեռնարկել։
Նրա փոխանցմամբ՝ վերջին շրջանում «ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով»: Պատճառն, ըստ Ստեփանյանի, պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայությունն է։
«Հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»,- հայտարարել է օմբուդսմենը։
Տեղի ունեցածը դատապարտել է նաև Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը «խստորեն դատապարտել Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել՝ սանձելու ագրեսորին»։ Գերատեսչության փոխանցմամբ՝ այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ:
«Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը և նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը»,- ասված է հաղորդագրությունում։
«Հարված է նաև ռուս խաղաղապահներին»
Նման տեսակետ է հայտնել Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։ Ասում է՝ ադրբեջանցիների նման սադրանքներից զարմանալ պետք չէ, «նրանցից ամեն ինչ սպասելի է»։
«Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Բաբայանը։
Նա նույնպես կարծում է, որ դատապարտելուց բացի միջազգային հանրությունը պետք է նաև քայլեր ձեռնարկի, «ճնշի Ադրբեջանին»։
Վիճաբանություն ադրբեջանցի ծառայողների և հայ երիտասարդների միջև
Կիրակի՝ դեկտեմբերի 4-ին հաղորդվեց, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել է ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը, շարասյան մեջ է եղել նաև մեկ մարդատար ավտոմեքենա։
Արցախի ոստիկանության տեղեկացմամբ՝ տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, մարդատար մեքենայից դուրս են եկել քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներ։ Ըստ հաղորդագրության՝ նրանք «սանձարձակ ու սադրիչ վարք» են դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։ Արդյունքում վեճ է ծագել, ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։ Վիճաբանությանը միացել են նաև բեռնատարների վարորդներն ու երիտասարդների հարազատները։
Նշվում է, որ միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, վնասվել է ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ»։
«ԵՄ-ն պետք է հրաժարվի Բաքվի հետ գազային գործարքից»
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի կարծիքով՝ սա է առաջին քայլը, որ պետք է ձեռնարկել Ադրբեջանին զսպելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որԱդրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպքում, եթե նրանց ստիպեն դա անել:
«Այս մշտական սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն։ Կոչ եմ անում եվրոպական կառույցներին և միջազգային հանրությանը՝ հայտնել իրենց խորը մտահոգությունն այս վերջին միջադեպի առնչությամբ, որը վնաս է հասցնում շարունակական խաղաղության և հաշտեցման ջանքերին»,- ասել է պատգամավորը:
Փորձագիտական կարծիք
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ եթե ադրբեջանցիները միանգամից ռազմական գործողությունների գնային, իրավիճակն ավելի կբարդացնեին։ Ասում է՝ ընտրել են իրենց համար ավելի հարմար տարբերակ՝ ճանապարհը փակել բնապահպանական պատրվակով։
«Իրենց սադրանքներին տալիս են արտաքին այնպիսի շղարշ, որ հնարավորինս քիչ քննադատությունների ենթարկվեն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշել է նա։
Ըստ նրա՝ այդ «արտաքին շղարշն» ապահովելու համար ադրբեջանցիներն իրենց հետ նաև լրագրողներ էին տարել։
Հայրապետյանի գնահատմամբ՝ սա մանրակրկիտ ծրագրված գործողություն էր։ Պատահական չի համարում այն, որ միջադեպից օրեր առաջ Բաքուն տեղեկություն էր տարածել, թե, իբր, Իրանի 14 քաղաքացիներ անօրինական ճանապարհով մուտք են գործել Արցախ, բողոքի նոտա հղել իրանական կողմին։
Ադրբեջանագետի խոսքով՝ Բաքվի նպատակը իրենց կամ ռուս-թուրքական համատեղ վերահսկողությամբ անցակետ ունենալն է․
«Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանել, իսկ դա նշանակում է դանդաղ կամ արագ Արցախը հայաթափել»։
Կարծում է՝ Ադրբեջանն այս օրակարգն է փորձելու առաջ տանել։ Հայրապետյանի դիտարկմամբ՝ իրադարձությունների զարգացման ընթացը պարզ կդառնա Մոսկվայում նախատեսված Բայրամով-Լավրով հանդիպումից հետո։
Մյուս կողմից նկատում է՝ ռուսական կողմը դա թույլ տալու «իրավունք չունի», քանի որ «միջանցքի պահանջը» հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Լաչինի միջանցքը երեք ժամով փակ էր