«Սա՞ է «ազատ տեղաշարժի» Բաքվի երաշխիքը»․ իրադրությունը ԼՂ-ում
Լաչինի միջանցքը՝ ամբողջությամբ արգելափակված
«Նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք»,- կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հունիսի 15-ից ԼՂ-ում հումանիտար իրադրությունն էլ ավելի է սրվել։ Ադրբեջանն արգելափակել է ոչ միայն մարդկանց, այդ թվում՝ բուժառուների տեղաշարժը, այլև հումանիտար բեռների մուտքը Արցախ։ Ստեփանակերտից ահազանգում են՝ Բաքուն «անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների»։
Թեման ուշադրության կենտրոնում են պահում նաև ԱՄՆ կոնգրեսականները։ Նրանք նախագահ Բայդենին հորդորել են «դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և աջակցել Արցախին»։
ԼՂ-ը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից։ 2022 թ․-ի ապրիլի 23-ին Բաքուն ճանապարհին՝ Հակարիի կամրջի վրա անցակետ է տեղադրել։
Հունիսի 15-ին նույն կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրելու փորձերից հետո Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է միջանցքը, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։ Տեղաշարժի իրավունքից զրկվել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները, հենց նրանք էին առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղ հասցնում նախորդ կես տարվա ընթացքում։
ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, Երևանի առաջարկած լուծումը, ԱՄՆ կոնգրեսականների գնահատականները
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
- Արգելափակված են բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները,
- արգելափակված է Կարմիր խաչի կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ,
- Արցախի բուժհաստատություններում հունիսի 19-ից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները),
- շուրջ 190 բուժառու, այդ թվում՝ անհապաղ տեղափոխման ենթակա անձինք, սպասում են հայաստանյան բժշկական հաստատություններ տեղափոխվելու հնարավորությանը՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար։
Պաշտոնական տվյալներով՝ Արցախում ապրում է 120 000 մարդ, այդ թվում 30 000 երեխա, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ։
«Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը»
Իր ֆեյսբուքյան էջում նման արձանագրում է արել պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ բոլոր պետությունները պետք է ստանձնեն իրենց բաժին պատասխանատվությունն ու կանխեն վերահաս ողբերգությունը, այլ ոչ թե մեկը մյուսի վրա գցեն պատասխանատվությունը․
«Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ»։
Բեգլարյանը շեշտել է՝ 120 հազար մարդ գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի: Հրապարակել է նաև լուսանկարներ, որոնցում երևում են ճանապարհն արեգալափակած ադրբեջանական զրահամեքենաները։
«Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե, իբր, շրջափակում չկա»,- գրել է նա։
«Բաքուն նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման իր քաղաքականությունը»
Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվի նպատակը Արցախի բնակչությանը գոյատևման նվազագույն միջոցներից միտումնավոր զրկելն է։ Ադրբեջանի գործելաոճը բնորոշել է որպես «պատերազմական հանցագործություն»։ Գերատեսչությունը շեշտել է, որ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակմամբ ադրբեջանական կողմը «փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և որպես այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր նպատակաուղղված քաղաքականությունը»․
«120 հազար մարդկանց, այդ թվում՝ կանանց, ծերերին և երեխաներին գիտակցաբար սովի մատնելը, նրանց ամենօրյա անտանելի տառապանքներ պատճառելը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով սեփական կամքը պարտադրելը միջազգային հանրությունից պահանջում են ձեռնարկել հրատապ և արդյունավետ հարկադրական բնույթի միջոցներ՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները կանխելուն»։
Ստեփանակերտն ակնկալում է, որ՝
- միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները կձեռնարկեն անհրաժեշտ հավաքական և անհատական միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը,
- միջազգային կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ և համարժեք կգնահատեն ստեղծված իրավիճակը և կհորդորեն Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնության և միջազգային պաշտպանության իրավունքը։
«Ընդգծում ենք, որ անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Ինչպե՞ս պետք է կարգավորվի իրադրությունը
Այսօր կառավարության նիստում նման հարց է բարձրացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա պատկերացմամբ՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ՝
- կատարվի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը,
- գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը։
Միջազգային դատարանի որոշման կատարումը նա որակել է որպես «միջազգային օրակարգի», ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարց․ հենց այս մարմինն է լիազորված ապահովելու դատարանի որոշումների կատարումը։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ որոշումը «չկատարելն ու արհամարհելը բերել է հումանիտար ճգնաժամի», արգելված է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը․
«Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները, իբր, միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին»։
«Դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և աջակցել Արցախին»
ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչներ նման բովանդակությամբ բաց նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Պահանջն ուղղված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ Կոնգրեսականներն ակնկալում են, որ վարչակազմը այս քայլերը ձեռնարկելուց բացի նաև դեմ հանդես կգա «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և հակահայկական ագրեսիային»։
Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումներ են ընթացել։ Կոնգրեսականներն ընդգծել են՝ ԱՄՆ-ն չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումներն ու արձանագրել «Ադրբեջանը ԼՂ-ի շուրջ օղակը սեղմում է» սկսած 2020 թվականից։
«Մարդիկ վախենում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ամենաերկարատևն է հետխորհրդային փլուզումից հետո, կարող է պատմության կրկնություն հրահրել»,- նշել է կոնգրեսական Ջիմ Մաքգավերնը՝ հիշատակելով Հայոց ցեղասպանության մասին։
Լսումների ժամանակ միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքն առաջարկել է ներկայացնել ԼՂ-ի Մարդու իրավունքների ակտ, որը հստակորեն կսահմանի Արցախի հայ բնակչության անվտանգությունը պաշտպանելու նվազագույն չափանիշները․
«Քանի դեռ Ադրբեջանը չի վերացրել այդ շրջափակումը, նախագահի, վարչակազմի կողմից պետք է կիրառվեն 907-րդ լրացմամբ նախատեսված պատժամիջոցները։ Եվ դա պետք է տեղի ունենա հիմա»։
ԱՄՆ Կոնգրեսն «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումն ընդունել է 1992 թվականին։ Այն ենթադրում է, որ Նահանգներն Ադրբեջանի կառավարությանը կարող է տրամադրել բացառապես մարդասիրական օգնություն, այլ աջակցություն չպետք է տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002 թվականին, սակայն, 907-րդ լրացման մեջ կատարված փոփոխությամբ թույլատրվել է նախագահի կողմից ակտի կասեցումն ու ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Լաչինի միջանցքը՝ ամբողջությամբ արգելափակված