Կարծիք․ ի՞նչ է սպասվում Արցախին և Հայաստանին
Ժամկետների համաձայն՝ կատարվել են 2020 թ-ի նոյեմբերի 9-ին Արցախի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ համաձայնագրի հիմնական դրույթները․ դեկտեմբերի մեկի դրությամբ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Լեռնային Ղարաբաղին հարող երեք շրջան։
Ի՞նչ է լինելու։ Հայաստանից, որը պարտություն է կրել Արցախյան երկրորդ պատերազմում, ապագան գունեղ չի թվում։ Քաղաքական տեսաբան Նաիրա Հայրումյանի մեկնաբանությունը JAMnews-ի համար։
Որտեղո՞վ են այժմ անցնելու իրական սահմանները
44-օրյա պատերազմը (2020 թ-ի սեպտեմբերի 27 — նոյեմբերի 9) ամբողջությամբ փոխեց Կովկասում ուժերի հարաբերակցությունը, որը պահպանվում էր վերջին 26 տարիներին՝ «արցախյան առաջին պատերազմից» հետո։
Հայկական Արցախը չկարողացավ դիմակայել ադրբեջանական ուժերի լայնածավալ հարձակմանը, որոնք գործում էին Թուրքիայի, ջիհադիստական վարձկանների և իսրայելական ու թուրքական արտադրության ԱԹՍ-ների ներգործությամբ։
Այն տարածքների գրեթե 70%-ը, որոնք 1991-94 թթ. պատերազմից հետո վերահսկում էին Արցախի հայկական ուժերը, անցավ Ադրբեջանին։ Ընդ որում, գրավված տարածքների մեջ է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի Հադրութի շրջանը, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների մի մասը։ Հանձնվել է և Շուշին։
Այժմ ողջ սրությամբ դրված է իրական սահմաններ գծելու խնդիրը։
Դրանց մի մասի որոշման համար իրավական հիմքեր չկան, փաստացի՝ այդ հարցը լուծվելու է վոլյունտարիստական եղանակով՝ ուժով և դիմադրությամբ։
- Ի՞նչ ստացան Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո
- Մեղրիով՝ Նախիջևան ճանապարհ․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում
- Պուտինը ՀԱՊԿ ռազմական դաշինքի երկրներին կոչ է արել սատարել Հայաստանի վարչապետին
Ոմանք ասում են, որ որպես հիմք պետք է ընդունել խորհրդային տարիներին Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանները։ Սակայն այս դեպքում հարց է առաջանում․ ինչպե՞ս վարվել մարզի այն տարածքների հետ, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։
Մյուսներն առաջարկում են հիմնվել համաձայնագրի ստորագրման պահին ճակատի փաստացի գծի վրա կամ հղում են անում Ռուսաստանին, քանի որ այն իր վրա է վերցրել միջնորդի դերը, թող սահմանային հարցերի դատավորն էլ լինի։
Այս պատերազմից հետո սահմանը խնդիր է դարձել նաև հենց Հայաստանի համար
Արդեն մի քանի միջադեպ է տեղի ունեցել, երբ ադրբեջանցի զինվորականները հավակնություններ են ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ Սոթքում, որտեղ տեղակայված է ոսկու խոշոր հանք, ինչպես նաև Սյունիքի մարզում։
Հայաստանի սահմանները նույնպես ավելացել են հազար կիլոմետրով։
Ըստ 1997 թ․ պայմանագրի, Իրանի և Թորքիայի հետ Հայաստանի սահմանը պահպանում են ռուս խաղաղապահները, Վրաստանի հետ սահմանին հայ սահմանապահներն են, իսկ հայ-ադրբեջանական սահմանին՝ հայկական զորքերը։
Ովքե՞ր են այժմ կանգնելու իրական հայ-ադրբեջանական սահմանին, դեռ պարզ չէ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն պահպանելու է հայկական բանակը, և դա պետք է լինի միջպետական սահման, այլ ոչ թե շփման գիծ։
Փաստացի անիշխանությունը Հայաստանում, որը ստեղծվել է պատերազմից և խայտառակ պարտությունից հետո, հանգեցրել է նրան, որ սահմանի հարցերը լուծվում են հապճեպ, երբեմն՝ զենքի սպառնալիքի տակ։
Արդյունքում՝ Արցախի շատ գյուղերից ռազմական գործողությունների դադարից տասն օր անց հայեր են արտաքսվել, և իրերը հավաքվելու համար նրանց միայն մի քանի ժամ են տրվել։
Ովքե՞ր են լուծելու սահմանագծման և սահմանազատման հարցերը, դեռ պարզ չէ։ Դրա համար պետք է խաղաղության պայմանագիր կնքել, ինչը դեռ շատ հեռու է։
Եվ սահմաններն, ըստ ամենայնի, մեկ անգամ չէ, որ փոխվելու են, քանի որ ակնհայտ է․ եռակողմ համաձայնագիրը վերջնական փաստաթուղթ չէ։
Ռուսաստանը զորքեր է մտցրել Արցախ. արդյո՞ք կարող է դրան հետևել ինտեգրումը կամ ճանաչումը
Պատերազմից հետո վերլուծաբանները փորձում են պարզել հաղթողներին և պարտվողներին։ Մակերեսին է Ադրբեջանի հաղթանակը և հայկական կողմի պարտությունը։ Սակայն շատերն են խոսում այն մասին, որ ամենաշատ բոնուսները Ռուսաստանն է ստացել։
Մոսկվան, վերջապես, զորքեր է մտցրել Արցախ։
Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային մյուս հակամարտություններից տարբերվում էր նրանով, որ դրանում Ռուսաստանի ուղղակի մասնակցությունը չկար։ Մոսկվան չէր ճանաչում Արցախը (ի տարբերություն Հարավային Օսիայի և Աբխազիայի) և չէր կարողանում իր զորքերն այնտեղ մտցնել։
Այժմ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի թիկունքում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնագրից հետո, Արցախը դարձավ «սովորական» ռուսական հակամարտություն։
Այդ պատճառով էլ այժմ կարող է քննարկվել նաև իրադարձությունների համապատասխան զարգացումը։
Մասնավորապես, խոսում են Արցախի համար «աբխազական ուղու» հնարավորության մասին, երբ Ռուսաստանը կարող է ճանաչել նրա անկախությունը։ Կամ զանգվածաբար ռուսական անձնագրեր բաժանել այնտեղ՝ այնուհետև իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։
Մյուս քննարկվող հեռանկարը Հայաստանի ինտեգրացիան է Ռուսաստանին։
Հայկական մեդիան գրում է, որ Ռուսաստանը պատերազմը կանգնեցրել է այն պայմանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել Հայաստանը միացնել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը։
Եվս մեկ հեռանկար կա․ փոխել Արցախի բնակչության էթնիկ կազմն ու այնուհետև կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել։
Դա հնարավոր է, եթե Թուրքիան և Ադրբեջանը սկսեն ամեն կերպ բնակեցնել Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներն, այդ թվում՝ վարձկան սունիներով։
Եթե ադրբեջանական բնակչությունն այնտեղ զգալի տոկոս կազմի, հանրաքվեի դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել Արցախն իր տարածք ինտեգրելու հնարավորությունը։
Մի քանի ամիս է մնացել մինչև ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի 100-ամյակը (1921 թ-ի մարտի 16), որով այդ երկու երկրները բաժանել են Հայաստանն ու Կովկասը։
Եվ ահա Ռուսաստանն ու Թուրքիան կարծես կրկին կիսեցին տարածաշրջանը, երևի թե, հետագա հարյուր տարվա կտրվածքով։
Հայաստանը կարող է կորցնել ինքնիշխանության մի մասը
Եռակողմ համաձայնագրից հետո Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը, որը կապիտուլյացիա է ստորագրել և դավաճանի պիտակի արժանացել, մազից է կախված։
Եվ նա դեռ մնում է իր պաշտոնում, գուցե թե այն պատճառով, որ ընդդիմությունը ոչ մի նոր բան չի առաջարկում։
Ընդդիմադիր 17 կուսակցությունները, համատեղ որոշմամբ, Փաշինյանին ինքնակամ հրաժարական տալու ժամկետ էին տվել մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 12-ը։ Այլապես՝ նրանք խոստանում են ուժով ստիպել նրան դիմել այդ քայլին։
Որպես ժամանակավոր վարչապետ առաջադրվել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Ընդդիմության պլանի համաձայն՝ նա ազգային համաձայնության կառավարություն կստեղծի, իսկ կես տարի կամ մեկ տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնի։
Ընդ որում, ընդդիմությունը․
- չի վիճարկում եռակողմ համաձայնագրի իրավաչափությունը,
- չի բողոքում տարածաշրջան ռուսական զորքեր մտցնելու և Մոսկվայի դոմինանտ դերի դեմ,
- չի հիշում Արցախի անկախության մասին, հատկապես՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման գաղափարի մասին։
Ի դեպ՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ին ընդունվել է վերամիավորման մասին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդների համատեղ հռչակագիրը։
Դրան հաջորդած ավելի քան 30 տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանը ոչ մի անգամ չի քննարկել այս հռչակագրի իրականացման հնարավորությունը։
Այս մասին Երևանին հիշեցրել են թե՛ Ռուսաստանի նախագահ Պուտինը, թե՛ Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը։
Ֆրանսիայի խորհրդարանի Վերին և Ստորին պալատները պատերազմից հետո բանաձև ընդունեցին՝ կառավարությանը կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Սակայն Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնեց, որ Հայաստանը Փարիզին նման խնդրանքով չի դիմել։
Վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանն Արցախի համար պատասխանատվությունը թեթևությամբ իր վրայից գցեց Ռուսաստանի և Ադրբեջանի վրա։ Եվ այժմ կարող է ձեռքերն ազատել տարածաշրջանային համագործակցության և զարգացման համար, ինչին, օտարերկրյա քաղաքական գործիչների պնդմամբ, խանգարում էր ղարաբաղյան խնդիրը։
Տարածաշրջանը կբացվի և կվերսկսվի համակեցությո՞ւնը
Հայկական կողմի համար եռակողմ համաձայնագրի միակ «ձեռքբերումը» Նիկոլ Փաշինյանն անվանում է հենց տարածաշրջանային հաղորդակցության, տնտեսական կապերի վերականգնման և զարգացման հնարավորությունը։
Հայաստանում շատերն են թերահավատորեն վերաբերվում այս հնարավորությանը։
Նախևառաջ, Թուրքիան և Ադրբեջանը, որոնք երկար տարիներ արգելափակում են Հայաստանի սահմաններն ու շփումները, ցանկացած պահի դա կարող են կրկին անել։
Երկրորդ հերթին՝ Հայաստանում մտավախություն ունեն, որ գիշատիչ հարևանները կկլանեն ոչ մեծ հայկական շուկան։
Այսպիսով՝ երկու արմատապես տարբեր կարծիք կա․
- կապի բացումը կհանգեցնի հայկական պետականության կորստի, քանի որ մենք չենք դիմանա մրցակցությանն ու գայթակղություններին,
- Հայաստանն, ի վերջո, կվերադառնա իրական աշխարհ, որտեղ համատեղ ապրում և առևտրով են զբաղվում ամենատարբեր ժողովուրդների և դավանանքի ներկայացուցիչները։
Ըստ ամենայնի՝ միջին մի բան տեղի կունենա․ Հայաստանն իրոք կբացվի մյուս երկրների, այդ թվում՝ ոչ բարեկամական թուրքական և ադրբեջանական կապիտալի համար։ Եվ սա ինչ-որ մակարդակներում իրոք կարող է բերել ինքնիշխան դիրքերի կորստի։
Ընդհանուր առմամբ, և՛ Արցախում, և՛ Հայաստանում մարդիկ ստիպված կլինեն կրկին սովորել «բազմազանության» մեջ ապրել։
Դա այս պատերազմի, թերևս, արդյունքներից մեկը կլինի և տարածաշրջանի ապագայի ձգանը։
1990-ականների սկզբին հակամարտության հետևանքով գրեթե ամբողջական էթնիկ սեգրեգացիա է տեղի ունեցել։ Արդեն 26 տարի է՝ հայերի և ադրբեջանցիների միջև գրեթե շփում չկա, անհետացել է համատեղ ապրելու և համագործակցելու մշակույթը։
Այժմ մարդիկ կրկին պետք է սովորեն միմյանց մեջ ոչ թե թշնամի, այլ հարևան տեսնել։
Եվ սա դժվար է լինելու։