Իրանն ու Իսրայելը հրթիռային հարվածներով են փոխանակվել
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի դիրքերին Գոլանի բարձունքում: Սիրիայից Իրանի զինվորականներն ավելի քան 20 հրթիռ են արձակել իսրայելական դիքերի ուղղությամբ: CNN—ը հաղորդում է, որ այդ հրթիռների մի մասին հնարավոր է եղել հակազդել հակահրթիռային պաշտպանության մարտկոցներով, մնացածներն ընկել են սիրիական տարածքում:
Իսրայելի բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Իրանի արձակած բոլոր հրթիռները կամ խոցվել են իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից, կամ չեն հասել Գոլանի բարձունքին:
Գոլանի բարձունքը վիճելի տարածք է, որը գտնվում է Իսրայելի և Սիրիայի միջև: Երկու երկրներն էլ այն իրենցն են համարում: Գոլանի բարձունքի մեծ մասը ներկա պահին Իսրայելի վերահսկողության տակ է:
Հարվածների հետևանքով զոհերի կամ տեխնիկայի կորստի մասին չի հաղորդվել:
Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչն ընդգծել է, որ մայիսի լույս 10-ի գիշերը հասցված հրթիռային հարվածն Իրանին դիմակայելու գործում Իսրայելի ամենախոշոր ռազմական գործողությունն էր: Հարվածները խոցել են Սիրիայի տարածքում Իրանի գրեթե ողջ ռազմական ենթակառուցվածքները:
Սիրիական բանակի հայտարարության համաձայն՝ գործողության հետևանքով իսրայելական բանակում երեք մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են:
Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Պուտինի հետ զրույցի ընթացքում Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու իրանական ագրեսիայից, և միայն Իսրայելն է որոշում, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել այդ ուղղությամբ: