«ՀՀ և Իրանի շահերը շաղկապված են, Թեհրանի քաղաքականությունը չի փոխվի»․ դեսպան
Իրանի ընտրություններն ու Հայաստանը
«Հայաստանի և Իրանի անվտանգությունն ու շահերը շաղկապված են միմյանց: Այս սկզբունքային քաղաքականությունը չի կարող փոխվել կառավարությունների փոփոխությամբ»,- վստահեցրել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Իրանում այսօր նախագահական արտահերթ ընտրություններ են։ Հայաստանում բացվել է երեք ընտրատեղամաս։ Մեկը դեսպանատանն է, մյուսը՝ Կապույտ մզկիթում։ Այս տեղամասերում քվեարկում են ՀՀ-ում ապրող Իրանի քաղաքացիները, այստեղ գտնվող իրանցի զբոսաշրջիկները։ Երրորդ ընտրատեղամասը շարժական է։ Այն նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցողների, ինչպես նաև կալանավայրերում գտնվողների համար։
Մեհդի Սոբհանին դեսպանատանը քվեարկելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին, Ադրբեջանի հռետորաբանությանը, Երևանի կողմից Պաղեստինի ճանաչմանը և ոչ միայն։
Իրանի Իսլամական Հանրապետության 14-րդ նախագահական ընտրությունները կազմակերպվել են այն բանից հետո, երբ ուղղաթիռի վթարի զոհ դարձավ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ՝ օրենսդիր և նախկին առողջապահության նախարար Մասուդ Փեզեշկիանը, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամադը, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլը և խորհրդարանի գործող խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
«Հույս ունեմ՝ ընտրությունների արդյունքները կնպաստեն հարաբերությունների զարգացմանը»
Դեսպանը հույս է հայտնել, որ արտահերթ նախագահական ընտրություններում կգրանցվեն այնպիսի արդյունքներ, որոնք ի նպաստ կլինեն ինչպես իրանցի ժողովրդի, այնպես էլ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
«Համոզված եմ, որ Հայաստանում շատ լուրջ և հետևողական են վերաբերվում և հետևում Իրանի նախագահական ընտրություններին»,- հայտարարել է նա։
Սոբհանիի բնորոշմամբ՝ այսօր Իրանի համար ճակատագրական օր է, քվեարկում են հանուն «հզոր, առաջադեմ, երջանիկ և զարգացած Իրանի»։
«Դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»
Դեսպանի փոխանցմամբ՝ Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շատ սկզբունքային է, և ըստ այդմ են գործում այն կառավարությունները, որոնք իշխանության են գալիս։ Շեշտել է՝ Թեհրանի քաղաքականությունը հնչեցվել է երկրի հեղափոխության առաջնորդի կողմից, ընդգծվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին պաշտոնական այցի ընթացքում․
«Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և աջակցում ենք դրան: Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը»։
Սոբհանիի փոխանցմամբ՝ Թեհրանի համար Հայաստանը կարևոր երկիր է, լավ ու ազնիվ հարևան:
«Պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով»
Լրագրողների հետ զրույցում դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի հասցեին հնչող Բաքվի ագրեսիվ հռետորաբանությանը։
«Եթե երկրները խաղաղություն հաստատելու ցանկություն են հայտնում, եթե խոսքը գնում է խաղաղ երկխոսության մասին, նրանք պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն»,- հայտարարել է նա։
Իրանը պատրա՞ստ է ռազմական ոլորտում ՀՀ հետ գործակցության
Մեհդի Սոբհանին խոսել է նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում հայ-իրանական հնարավոր համագործակցության մասին։ Շեշտել է՝ դա կախված է ՀՀ կառավարությունից:
Դեսպանը հնարավոր է համարում գործակցությունը ցանկացած ուղղությամբ և մակարդակում։ Հավելում է, որ այն պետք է հիմնված լինի փոխադարձ պայմանավորվածությունների վրա․
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել փոխադարձ ընկալումների հիման վրա։ Այն, ինչը կբխի մեր երկու երկրների շահերից՝ բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ»։
«Պաղեստինի ճանաչումը քաջ և դրական քայլ էր»
«Մենք ողջունում ենք Պաղեստինը ճանաչելու և նրա ժողովրդին աջակցելու հարցում Հայաստանի որդեգրած այդ դիրքորոշումը և ընդունած որոշումը, ՀՀ կողմից կատարված այս քաջ և դրական քայլը»,— հայտարարել է դեսպանը։
Նրա գնահատմամբ՝ այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինին ու նրա ժողովրդի իրավունքներին, «գտնվում են պատմության ճիշտ կողմում»։
Կարծում է՝ այն բոլոր երկրները, որոնք լռում են Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների մասին և համարում են, որ «Իսրայելի կողմից այդ ամենն արվում է պաշտպանական նկատառումներից ելնելով», մասնակից են այդ հանցագործություններին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իրանի ընտրություններն ու Հայաստանը