«Առանց Վրաստանի ՀՀ-ն չի կարող ունենալ արևմտյան ինտեգրացիա»․ կարծիք
Իվանիշվիլիի վերադարձը
Վրաստանում օլիգարխիկ շրջանակների ազդեցության, իշխանության ավելացումը խնդիր է նաև Հայաստանի համար։ Անդրադառնալով Բիձինա Իվանիշվիլիի՝ վրացական քաղաքականություն վերադառնալու որոշմանը՝ նման կարծիք է հայտնել հայ քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Կարծում է՝ Վրաստանում ժողովրդավարության ամրապնդումը պետք է կարևոր լինի նաև ՀՀ համար, քանի որ «առանց Վրաստանի Հայաստանը չի կարող ունենալ արևմտյան ինտեգրացիա»։
JAMnews-ի հետ զրույցում քաղաքագետ Արեգ Քոչինյանն ու Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը խոսել են այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Իվանիշվիլիի վերադարձը հայ-վրացական հարաբերությունների, ինչպես նաև երկու երկրների եվրոպական ձգտումների վրա։
Վրաստանի ստվերային կառավարիչ համարվող Բիձինա Իվանիշվիլին 2023 թ․-ի դեկտեմբերի 30-ին հայտարարեց՝ որոշել է քաղաքականություն վերադառնալ։ Նա ընտրվել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ։ Հատկանշական է, որ Իվանիշվիլին նման որոշում կայացրեց 2024 թ․-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։
«Ընդդիմությունը փլուզվել է, և չափազանց ուժեղ իշխող կուսակցությունը պետք է պաշտպանված լինի մարդկային սխալներից։ Ես կդառնամ նոր հակակշիռը, ծանրության կենտրոնը»,- ասել էր միլիարդատերը։
Արեգ Քոչինյան, քաղաքագետ
«Ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում։ Իրական, ֆունկցիոնալ իշխանությունը դառնում է պաշտոնական։ Մարդը, որի ձեռքում, ըստ էության, կենտրոնացած էր իշխանությունը, հանրայնորեն է ստանձնում այդ իշխանությունը։ Սա ավելի ազնիվ և գործընկերային մոտեցում է թե՛ ընտրողների, թե՛ միջազգային հանրության նկատմամբ։
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, դրանք այն որակի և խորության են, ունեն որոշակի շերտ, որն իր բովանդակությունը չի փոխելու՝ անկախ միջազգային կոնյուկտուրայից, միջազգային հարաբերությունների որակից և ձևից։ Բացի այդ, Վրաստանն ու Հայաստանը հանդիսանում են ոչ միայն Հարավային Կովկասի, այլև մեծ տարածաշրջանի միակ ժողովրդավարությունները։ Դա ևս փաստ է, որի հետ հնարավոր չէ չաշխատել, հատկապես՝ մեր արևմտյան գործընկերների համար։
Մեզ համար, իհարկե, շատ կարևոր է Վրաստանում ժողովրդավարության որակը, դրա խորությունը։ Օլիգարխի, հատկապես ՌԴ-ում իր հարստությունը կուտակած մարդու ակտիվ քաղաքական գործունեությունը և իշխանության մեջ կարևորագույն պաշտոններ ստանձնելը պարզապես չի կարող համարվել ժողովրդավարական ձեռքբերում։ Սա խնդիր է, որի հետ պետք է փորձենք աշխատել։
Արևմուտքի կողմից հիմնական աշխատանքային մոտեցումն է լինելու հենվել միաժամանակ Հայաստանի և Վրաստանի վրա։ Ուստի, որքան կարևորում ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու ժողովրդավարության խորացումը ՀՀ-ում, նույնքան պետք է կարևորենք նաև Վրաստանում։ Հայաստանը չի կարող ունենալ արևմտյան ինտեգրացիա առանց Վրաստանի»։
Ջոնի Մելիքյան, Վրաստանի հարցերով փորձագետ
«Իվանիշվիլիի վերադարձը կապում եմ Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների հետ։ Թիրախը հետևյալն է՝ ձևավորել կամ ամրացնել իշխող կուսակցության շարքերը։
Ընդ որում, պաշտոնը [«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ] սիմվոլիկ չէ։ Վերջին փոփոխություններից հետո Իվանիշվիլին կարող է առաջադրել նաև վարչապետի թեկնածություն։ Բավականին որոշիչ ձայն ունի և շարունակելու է գործոն մնալ։
Հայ-վրացական հարաբերություններում որևէ կտրուկ փոփոխություն չեմ սպասում։ Կա թիմ, քաղաքականություն, որը 2012 թ․-ից առ այսօր չի փոխվել։ «Վրացական երազանքի» իշխանության օրոք և 2018 թ․-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկու երկրների էլիտաների միջև հարաբերություններն էլ ավելի են ջերմացել։ Հարաբերությունների խորացման հիմք են հանդիսանում այն միտումները, որոնք կան երկու երկրներում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն։
Միգուցե 2024-25 թթ․ տեսնենք խորացող հարաբերությունների նոր՝ թարմացվող օրակարգի ձևավորում, ու երկրներն իրենց նոր ռազմավարություններում հարաբերությունները ֆիքսեն որպես ռազմավարական, ինչպիսին են Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Եթե նախկինում ՀՀ պաշտոնյաներն էին խոսում, հիմա արդեն Վրաստանի վարչապետն է խոսում Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իվանիշվիլիի վերադարձը