Ինչպիսի՞ պետական բյուջե է ունենալու Վրաստանը 2019թ-ին։ Ներկայացնում ենք հակիրճ և պարզ
Վրաստանի խորհրդարանը շուտով կհաստատի 2019թ-ի պետական բյուջեն։
JAMnews-ը կարդացել է 2019թ-ի բյուջեի նախագիծը և հակիրճ ու հասկանալի լեզվով կպատմի, թե ինչ է ասվում երկրի համար ամենակարևոր փաստաթղթի մեջ, ինչպիսին են գալիք տարվա առաջնահերթություններն ու նախորդի հետ գլխավոր տարբերությունները։
Ինչպիսի՞ն են լինելու բյուջեի եկամուտները
Բյուջեի գլխավոր մասը եկամուտներն են։ Թե կառավարությունը որքան փող կունենա ծախսելու համար, կախված է բյուջեի եկամուտներից։
Բյուջեի եկամուտներն իրենց հերթին, կախված են երկրի տնտեսական զարգացումից։
Օրինակ, Գերմանիայի կառավարությունը տարեկան 1 500 միլիարդ դոլար է ծախսում, իսկ Ռուսաստանի կառավարությունը՝ 254 մլրդ դոլար, չնայած որ Ռուսաստանում գրեթե կրկնակի ավելի շատ մարդ է բնակվում, քան Գերմանիայում, իսկ Ռուսաստանի տարածքը Գերմանիայի տարածքից մեծ է 48 անգամ։
•Վրաստանի բնակիչներն աղքատացել են
•Վրաստանում շուտով կսկսեն կենսաթոշակի համար գումար կուտակել։ Դա լա՞վ է, թե՞ վատ
2018 թ-ին Վրաստանի պետբյուջեից ծախսվել է 12.5 մլրդ լարի։
2019թ-ին Վրաստանի կառավարությունը մոտ 13 մլրդ լարի (5 մլրդ դոլար) կծախսի։
Համեմատության համար․Լատվիայի և Էստոնիայի կառավարությունները տարեկան կրկնակի ավել գումար են ծախսում՝ 10-ական մլրդ դոլար, չնայած որ երկու երկրներում միասին այնքան մարդ չի բնակվում, որքան Վրաստանում։
Այսինքն՝ Վրաստանը ցածր եկամուտներ ունեցող աղքատ երկիր է և 2019 թ-ին այդպիսին էլ կմնա։
Ինչի՞ց են կազմվում եկամուտները։ Ըստ նախնական կանխատեսումների՝ Վրաստանի տնտեսությունը 2019 թ-ին կկազմի մոտ 45 մլրդ դոլար։ 10.9 մլրդ լարիի չափով եկամուտ պետական բյուջե կմտնի երկրի տնտեսությունից, իսկ 2,2 մլրդ լարի կտանի պարտքը։
Տնտեսությունից ստացված եկամուտներն ավելի մանրամասն դիտարկելու համար նշենք․ ամենամեծ եկամուտը՝ 9.6 մլրդ լարի, կառավարությունը կստանա հարկերից, ինչը 155 մլն լարիով գերազանցում է 2018 թ-ի ցուցանիշը։
383 մլն լարի բյուջե կմտնի գրանտերից, իսկ 460 մլն լարի՝ այլ աղբյուրներից, որոնք ենթադրում են պետական ձեռնարկությունների եկամուտներ, տուգանքներ, թույլտվություններ և ալյն։
Կառավարությունն ակնկալում է 70 մլն լարի ստանալ սեփականաշնորհումից, իսկ 346 մլն լարի՝ ավելի վաղ տրված վարկերի վերադարձից և ավանդների օգտագործումից։
Ինչի՞ վրա են ծախսվելու փողերը։ 2019 թ-ի բյուջեի գլխավոր առաջնահերթությունները
2019 թ-ի պետբյուջեի ծախսերը 2018թ-ի համեմատ կաճեն 630 մլն լարիով, և ընդհանուր առմամբ կծախսվի 13.1 մլրդ լարի։
1.Ամենամեծ գումարը՝ 2.5 մլրդ լարի, կծախսվի ենթակառուցվածքային (կապիտալ) նախագծերի վրա, ինչը 500 մլն լարիով ավել է ընթացիկ տարվա գումարից։ Դրա մեծ մասը (1.3 մլրդ լարի) կծախսվի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման վրա, մասնավորապես, արագընթաց մայրուղուն կտրամադրվի 813 մլն լարի։ Ջրամատակարարման ենթակառուցվածքների վերականգնման համար 300 մլն լարի կծախսվի, իսկ հանրային դպրոցների վերականգնման-շինարարության վրա՝ 73 մլն լարի և այլն։
2.Երկրորդ տեղում կենսաթոշակային ծախսերն են, որոնք անցյալ տարվա համեմատ կաճեն։ 2019 թ-ի հունվարի 1-ից Վրաստանում կենսաթոշակը կաճի 20 լարիով և կկազմի ամսական 200 լարի (75 դոլար)։ 2019թ-ին կենսաթոշակային ծախսերը կհասնեն 2 մլրդ լարիի։ 2018թ-ին կենսաթոշակների վրա կծախսվի 1.7 մլրդ լարի։
3.Ծավալով երրորդ ծախսը պետական պարտքի մարմանն ուղղված միջոցներն են՝ մինչև 1.6 մլրդ լարի։ Դրանից 934 մլն լարին կուղղվի պարտքի գումարի մարմանն, իսկ 624 մլն լարին՝ տոկոսի սպասարկմանը։
Սակայն դա չի նշանակում, որ 2019 թ-ին երկրի պարտքը կկրճատվի։ Ընդհակառակը, կառավարությունը պատրաստվում է նոր արտաքին պարտք վերցնել 2.2 մլրդ լարիի չափով, քանի որ տնտեսությունից ստացված եկամուտները չեն հերիքի բոլոր ծախսերի մարման համար։ Արդյունքում, պարտքի հիմնական գումարի մարումը հանած, երկրի պետական պարտքը կաճի 1 մլրդ 252 մլն լարիով։
4.Գալիք տարի կրթության ֆինանսավորումը կաճի 129 մլն լարիով, և ընդհանուր առմամբ կծախսվի մինչև 1.4 մլրդ լարի։ Այդ թվում, հանրակրթության ֆինանսավորումը կաճի 48 մլն լարիով, պրոֆեսիոնալ կրթությանը՝ 6 մլն լարիով, բարձրագույն կրթությանը՝ 20 մլն լարիով։ Սա բյուջեի՝ ծավալով չորրորդ ծախսն է։
5.Առողջապահության վրա 2019թ-ին կծախսվի 1.1 մլրդ լարի, ինչը 60 մլն լարիով ավելին է, քան 2018թ-ին։ Դրանցից 50 մլն լարիով կաճի համընդհանուր առողջապահության ծրագրի ֆինանսավորումը, որի բյուջեն ընդհանուր առմամբ կկազմի 754 մլն լարի։
Սակայն եթե հաշվի առնենք, որ 2018 թ-ին համընդհանուր առողջապահության վրա բյուջեից ծախսվել է պլանավորվածից 30-35 մլն լարիով ավելի գումար, ստացվում է, որ առողջապահության ծրագրի ֆինանսավորման իրական աճը գալիք տարի կկազմի ոչ թե 50, այլ 15-20 մլն լարի։
Ո՞ր նախարարությունն ավելի շատ գումար կստանա
Ամենամեծ բյուջեն՝ մինչև 4 մլրդ լարի կունենա օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
Այդ միջոցները հիմնականում ծախսվում են կենսաթոշակների, առողջապահության և սոցիալական օգնության վրա։
Այնուհետև գալիս է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ 2 մլրդ լարի և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը՝ 1.5 մլրդ լարի։
Ի՞նչ է փոխվում նախորդ տարիների համեմատ։ 2019 թ-ի բյուջեի զգալի փոփոխությունները
Գալիք տարի բյուջետային կազմակերպություներում զբաղվածների թիվը 113 613-ից կկրճատվի մինչև 112 072 մարդ, այսինքն՝ 1 541 մարդ կկորցնի աշխատանքը։
Գլխավոր փոփոխություններից մեկը վերաբերում է տեղական ինքնակառավարման միավորներին՝ մունիցիպալիտետներին։
2019թ-ին փոխվում է դրանց ֆինանսավորման կարգը։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ մունիցիպալիտետները պետբյուջեից այսպես կոչված հավասարողական տրանսֆեր չեն ստանա։ Հավասարողական տրանսֆերի միջոցով մունիցիպալիտետները պետբյուջեից միջոցներ էին ստանում իրենց պահանջմունքների համապատասխան։
Դրա փոխարեն, նոր կարգի համաձայն, տեղական բյուջեների մուտքերը կստացվեն ավելացված արժեքի հարկի հաշվին։ Մունիցիպալիտետները կստանան ԱԱՀ 19%-ը, որն, ըստ 2019թ-ի պլանի, կազմում է 947 մլն լարի։
Ըստ հին կանոնի՝ 2019թ-ին մունիցիպալիտետները կստանային 901 մլն լարիով։ Ստացվում է, որ նոր կարգը տեղական մունիցիպալիտետների ֆինանսավորումն ավելացրել է 46 մլն լարիով։
Բացի այդ, եթե նախկինում տեղական բյուջեները միայն անուղղակիորեն էին կապված երկրի տնտեսության աճի հետ, ապա հաջորդ տարվանից դրանք ուղղակիորեն կապված կլինեն այդ աճի հետ, քանի որ տնտեսության աճի հետ մեկտեղ կաճի ԱԱՀ-ից ստացված եկամուտը։ Դա տեղական բյուջեների որոշակի անկախություն է նշանակում կենտրոնական կառավարությունից։
ԱԱՀ-ից ստացված 947 մլն լարին կբաշխվի մունիցիպալիտետների միջև ողջ երկրի մասշտաբով հատուկ բանաձևի միջոցով։
Թե որքան կստանա յուրաքանչյուր մունիցիպալիտետ, կախված կլինի մի քանի գործոնից․ մունիցիպալիտետի մակերեսը, բնակիչների թիվը, մինչև վեց տարեկան երեխաների, 6-18 տարեկան երեխաների և դեռահասների թիվը, թե արդյոք տվյալ մունիցիպալիտետում կան բարձրադիր շրջանների բնակիչների կարգավիճակ ունեցող քաղաքացիներ։
Այս գործոնները հաշվի առնելով՝ 947 մլն լարիի գրեթե 50%-ը (473 մլն լարի) կստանա Թբիլիսին, հինգ տոկոսը (48 մլն լարի)՝ Բաթումը, 3.5%-ը (33 մլն լարի)՝ Քութայիսին և այլն։
Այս նորարարությունը փոփոխություններ է առաջացրել բյուջեի նաև մնացած մասերում։
Քանի որ ԱԱՀ 19%-ն ուղղվելու է մունիցիպալիտետներին, կկրճատվի պետբյուջեի՝ ՀՆԱ-ից ստացվող եկամուտը։
Փոխարենը 687 մլն լարիով կկրճատվեն նաև պետբյուջեի ծախսերը, քանի որ այն ստիպված չի լինի մունիցիպալիտետներին ֆինանսավորել հավասարողական տրանսֆերով։
Գալիք տարում բյուջեում ևս մեկ կարևոր փոփոխություն է լինելու․ 2019թ-ից Վրաստանի նախագահի ընդհանուր ֆինանսավորումը 14.8 մլն լարիի փոխարեն կկազմի 6 մլն լարի։
Անմիջականորեն նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը կկրճատվի 3.8 մլն լարիով։ Մնացած 5 մլն լարին կտնտեսի այն հանգամանքը, որ ամբողջությամբ լուծարվում է նախագահի 5-միլիոնանոց պահուստային ֆոնդը։
Իսկ նախագահի աշխատակազմում 140 մարդու փոխարեն կաշխատի 60 մարդ։
Նախագահի աշխատակազմի հաշվին տնտեսված միջոցները կստանա «Կենսաթոշակային գործակալություն» հանրային իրավունքի իրավաբանական անձը, որը նոր կառույց է և ստեղծվում է կենսաթոշակային բարեփոխման շրջանակում։ Գործակալության ֆինանսավորումը 2019թ-ին կկազմի 3.8 մլն լարի, և դրա աշխատակազմում 50 մարդ կաշխատի։ Միաժամանակ կենսաթոշակային ներդրումներին բյուջեից հավելումներ անելու համար կտրամադրվի 90 մլն լարի։
Նորարարություն է նաև այն, որ գալիք տարվանից նոր դպրոցների վերականգնումը և շինարարությունը կգլխավորի ոչ թե կրթության նախարարությունն, այլ տարածքային զարգացման և ենթակառուցվածների նախարարությունը։ Այդ գործի համար գալիք տարի կտրամադրվի 72.5 մլն լարի։