Կենսաթոշակային նոր համակարգի «կողմ» և «դեմ» բոլոր փաստարկները " />

Վրաստանում շուտով կսկսեն կենսաթոշակի համար գումար կուտակել: Դա լա՞վ է, թե՞ վատ

Կենսաթոշակային նոր համակարգի «կողմ» և «դեմ» բոլոր փաստարկները

2019թ-ի հունվարի 1-ին Վրաստանում կգործարկվի կուտակային կենսաթոշակային համակարգը: Բացատրելով կենսաթոշակային բարեփոխման անհրաժեշտությունն՝ իշխանությունը երկու փաստարկ է բերում. նոր համակարգը թոշակառուներին թույլ կտա ավելի արժանապատիվ կենսաթոշակ ստանալ, ապահովված ծերություն ունենալ և միաժամանակ բեռնաթափել պետական բյուջեն:

Սխեման հետևյալն է. կենսաթոշոկային ֆոնդ պետք է փոխանցվեն գումարներ գործատուից, աշխատողից և պետությունից: Աշխատողը ֆոնդին է փոխանցում իր ամսական աշխատավարձի 2%-ը (առանց հարկերը հանելու, այսինքն՝ ոչ այն փողերից, որոնք առձեռն է սստանում): Երկուական տոկոս էլ ֆոնդին են փոխանցում տվյալ քաղաքացու գործատուն և պետությունը:

Համակարգը մասնակիորեն ստիպողական սկզբունքով է կառուցված: 40-ն անց քաղաքացիներին թույլ է տրվում ինքնուրույն ընդունել կենսաթոշակային նոր համակրգի հետ համագործակցության որոշումը: 40 տարեկանից ցածր անձինք ընտրություն չունեն. օրենքը թելադրում է սեփական ապագա կենսաթոշակը կուտակելու անհրաժեշտությունը:

Հարկային սխեմայում ինքնաբերաբար կներառվեն բոլոր աշխատող քաղաքացիները: Մասնակցությունը կենսաթոշակային բարեփոխմանը կամավոր կլինի ինքնազբաղված քաղաքացիների համար: բարեփոխումն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ:

JAMnews-ն առաջարկում է երկու տարբեր դիրքորոշում:

____________________

Դեմ

Զուրաբ Չիաբերաշվիլի՝ առողջապահության նախկին նախարար, պատգամավոր, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ

Փաստարկ 1. համակարգն ընտրույթուն չի թողնում

Կուտակային կենսաթոշակային համակարգ պետք է լինի: Բայց կամավոր հիմունքներով: Մարդը պետք է պետք է փող կուտակի, եթե նման հնարավորություն և ցանկություն ունի: Նա ինքը պետք է որոշի, թե ում վստահի իր խնայողություններն ու և ինչպես դրանք տնօրինի, որ առավելագույնս շահեկան լինի. փողը փոխանցի պետական կենսաթոշակային ֆոնդ, ոսկի գնի, կրիպտոարժույթ կամ տուն ձեռք բերի: Նոր համակարգը մարդկանց զրկում է այդ հնարավորությունից:

Փաստարկ 2. կուտակային համակարգն արժանապատիվ ծերության երաշխիքներ չի տալիս

Պարտադիր կուտակային համակարգն արդարացված կլիներ, եթե քաղաքացիների արժանապատիվ ծերությունն ապահովեր: Սակայն խնդիրը հենց այն է, որ հենց այդ սխեմայով մարդն արժանապատիվ կենսաթոշակ չի ստանալու: Որպես օրինակ դիտարկենք ISET միջազգային տնտեսագիտական դպրոցի հաշվարկը. 40-ամյա կինը, որն այսօր առձեռն 600 լարի աշխատավարձ է ստանում, 20 տարի անց որպես հավելում բազային կենսաթոշակին (այսօրվա դրությամբ՝ 180 լարի) ամսական կստանա ևս 70 լարի: Մի՞թե այսօրվա չափանիշներով 250 լարին կարող է արժանապատիվ կյանք ապահովել: Տվյալ սխեման ներդնելով՝ մենք, ըստ էության, մարդկանց ասում ենք. այսօր դու աղքատ ես, իսկ կենսաթոշակի անցնելիս էլ ավելի աղքատ կլինես:

Փաստարկ 3. կենսաթոշակային ֆոնդում կուտակված գումարները պաշտպանված չեն ռիսկերից

Եվս մեկ խնդիր է այն, թե որտեղ են պահվելու կենսաթոշակային ֆոնդի գումարները: Ըստ կառավարության առաջարկած սխեմայի՝ կենսաթոշակային ֆոնդը պետք է գանձապետական պարտատոմսեր ձեռք բերի: Դա նշանակում է, որ այդ փողերն օգտագործվելու են կառավարության կողմից, և ոչ ոք չի իմանալու, թե ինչ գումար է սպասվում կենսաթոշակի անցած մարդուն:

Դրանից զատ, ամբողջ աշխարհում մի շարք օրինակներ կան, թե ինչպես են թալանվել կենսաթոշակային ֆոնդերի գումարները: Այսպես, 2016թ-ին Բրազիլիայում համաներդրումային ֆոնդի տնօրենը կալանավորվել է կենսաթոշակային ֆոնդից 2 մլրդ դոլար գողանալու համար: Բավականին լուրջ գումարներ են «տարել» կենսաթոշակային ֆոնդերի ղեկավարները Ղազախստանում և Կորեայում: Խնդիրներ կան նաև այն երկրներում, որտեղ կրիմինալ չկա, և կենսաթոշակային ֆոնդերի միջոցները քիչ թե շատ նորմալ են տնօրինվում: Այսպես, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի կենսաթոշակային ֆոնդերի պարտավորությունները եռակի գերազանցում են այդ պետությունների տնտեսությունները: Այդ պատճառով էլ այդ երկրների կառավարությունները ստիպված են կամ բարձրացնել կենսաթոշակային տարիքը, կամ ֆոնդերի միջոցների պակասը լրացնել պետբյուջեից: Իսկ դա արդեն ճանապարհ է դեպի քաղաքական լարվածություն ու տնտեսական ճգնաժամ:

Փաստարկ 4. նոր համակարգը կավելացնի աղքատությունը

Ըստ պաշտոնական տվյալների՝ 824 հազար մարդ  զբաղված է աշխատավարձով աշխատանքով: Նրանցից 577 հազարի աշխատավարձը չի գերազանցում 600 լարին: Եվ այժմ այդպիսի ոչ մեծ եկամտով մարդիկ մշտապես աճող կոմունալ վճարումներին, սննդամթերքի ծախսերին զուգահեռ պետք է խնայողություններ անեն ապագա կենսաթոշակի համար: Բարեփոխումը կվատթարացնի նրանց ներկայիս վիճակը:

Պետության կողմից առաջարկված կենսաթոշակային սխեման նախատեսում է աշխատող մարդու աշխատավարձի 2 տոկոսի փոխանցում կենսաթոշակային ֆոնդ, ևս երկուական տոկոս փոխանցում է գործատուն և պետությունը: Երբ մենք գործատուին ստիպում ենք կենսաթոշակային ֆոնդ փոխանցել իր վարձած աշխատակցի աշխատավարձի 2 տոկոսը, նա այդ 2 տոկոսը կկտրի այդ աշխատակցի աշխատավարձից կամ պարզապես չի բարձրացնի նրա աշխատավարձը: Այս ամենից մարդիկ ոչ մի լավ բան չեն ստանա վատթարացող սոցիալական պայմաններում:

Փաստարկ 5. կաճի գործազրկության մակարդակը

Այս կենսաթոշակային սխեմայի գործարկումը կհանգեցնի նրան, որ կաճի գործազուրկ երիտասարդության թիվը: Ըստ պաշտոնական տվյալների՝ գործազրկության մակարդակն առավել բարձր է մինչև 40 տարեկան անձանց շրջանում: Քանի որ նոր կենսաթոշակային սխեման գործատուին ստիպում է կենսաթոշակային ֆոնդին փոխանցել մինչև 40 տարեկան յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձի 2 տոկոսն, ապա նա ակնհայտորեն ձգտելու է աշխատանքի վերցնել 40-ից բարձր տարիքի մարդկանց և ազատ լինել այդ 2 տոկոսի վճարումից:

Փաստարկ 6. համակարգից դուրս են մնում այսօրվա թոշակառուները

Բարեփոխումը ոչինչ չի տալիս ներկայիս թոշակառուներին: Չգիտես ինչու, թոշակառուներից շատերը կարծում են, որ բարեփոխումն ավելացնելու է նրանց կենսաթոշակները: Իրականում, այն մարդիկ, ովքեր արդեն անցել են թոշակի, ոչինչ չեն ստանա: Խորհրդարանին ներկայացված օրինագծի մեկնաբանությունում ասված է, որ թոշակառուների թիվն անընդհատ աճում է, և բազային կենսաթոշակը պետության համար դանռում է ուժերից վեր բեռ, այդ պատճառով էլ մարդիկ իրենք պետք է իրենց համար կեսանթոշակ կուտակեն: Դրա տակ հեշտությամբ ընթերցվում է կառավարության քողարկված հայտարարությունն այն մասին, որ այսօրվա բազային կենսաթոշակը չի բարձրացվելու: Կամ աճն աննշան է լինելու՝ 10-20 լարի, ինչը, հաշվի առնելով գնաճային գործընթացները, նույնպես ոչինչ չի տա:

Կողմ

Միրիան Գոգիաշվիլի. Գործընկերային ֆոնդի խորհրդականների խորհրդի անդամ, ֆինանսների նախկին նախարար

Փաստարկ 1. սա այլընտրանք չունեցող համակարգ է, որը փոձարկվել է բազմաթիվ երկրներում

Կուտակային կենսաթոշակային համակարգն այլընտրանք չունի: Դա կենսաթոշակային ապահովման և երկրում «երկար փողերի» ստեղծման լավագույն մոդելն է: Թոշակառուների համար շատ շահեկան է կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը: Թեև սա բնավ սպեղանի չէ, և միայն կենսաթոշակային ֆոնդն ի վիճակի չէ մարդկանց արժանապատիվ և երջանիկ կյանք ապահովել: Դրա համար դեռ շատ բան է պետք անել, սակայն անհրաժեշտ բարեփոխումների շարքում կենսաթոշակային համակարգը կարևորագույնն է:

Փաստարկ 2. վրացիները խնայողություններ անել չգիտեն, այդ պատճառով էլ նրանց պետք է ստիպել դա անել

Կուտակային կենսաթոշակային համակարգը չի կարող կամավոր լինել ոչ հիմա, ոչ ապագայում: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ Վրաստանի բնակչությունը հիմնականում ծախսում է փողերը և խնայողություններ չի անում: Այդ պատճառով էլ կուտակային կենսաթոշակային համակարգ մարդկանց ներգրավելը պետք է պարտադիր լինի, ինչպես պարտադիր վճարը: Ինչպես ցույց է տալիս փորձը, դա լավագույն ելքն է:

Փաստարկ 3. կենսաթոշակային համակարգը լիբերալ է և ծանր բեռ չի լինի աշխատող մարդկանց համար. փողերը կենսաթոշակային ֆոնդ են փոխանցվելու նաև գործատուի և պետության կողմից:

Պետությունն անհրաժեշտ ամեն ինչ արել է, որպեսզի կենսաթոշակային ֆոնդի վճարումները մարդկանց համար ծանր բեռ չլինեն: Հենց այն պատճառով, որ աշխատողների մեծ մասի աշխատավարձը բարձր չէ, լիբերալ սխեմա է մշակվել: Աշխատողը վճարում է աշխատավարձի 2 տոկոսը, երկուական տոկոս էլ ավելացնում են գործատուն և պետությունը: Ավելի լիբերալ սխեմա դժվար է պատկերացնել: Ինձ այս բարեփոխման մեջ հենց այդ հատվածն է դուր գալիս:

Փաստարկ 4. կենսաթոշակային նոր համակարգը ոչ մի կերպ չի արտացոլվի աշխատաշուկայի վրա և գործազրկության աճ չի առաջացնի

Այն փաստարկը, թե գործատուն շահագրգռված կլինի 40-ից բարձր տարիքի աշխատողների ընդունել կենսաթոշակային ֆոնդին այդ երկու տոկոսը չվճարելու համար, քննադատության չի դիմանում: Եթե մարդը պատրաստ է աշխատել ավելի պակաս գումարով, քան այսօր, դա կենսաթոշակային բարեփոխման սխալ չէ: Պահանջները պետք է ներկայացնել աշխատակցի որակավորմանն ու աշխատաշուկային: Եթե գործատուն տեսնում է, որ աշխատակիցը պատրաստ է 1000 լարիի փոխարեն աշխատել 800 լարիով, նա անպայման կկտրի նրա աշխատավարձը, և առանձնապես նշանակություն չունի, դա կլինի կեսաթոշակային բարեփոխման, թե այս կամ այն ընկերության վճարային քաղաքականության փոփոխության պատճառով: Եթե մարդն այլընտրանք ունի, հնարավորություն ունի ավելի լավ վարձատրվող աշխատանքի տեղափոխվել, նա կտեղափոխվի: Եթե գործատուի համար ավելի շահեկան է 40-ից բարձր տարիքի մարդու ընդունել աշխատանքի, նա այդպես էլ կվարվի՝ անկախ նրանից, գործարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգը, թե ոչ: Այդ պատճառով էլ այս փաստարկն անընդունելի է:

Փաստարկ 5. կենսաթոշակային ֆոնդի միջոցները ավելի մեծ հուսալիության համար պահվելու են բանկում

Այժմ անդրադառնանք նրան, թե կենսաթոշակային ֆոնդի միջոցների կառավարումը պաշտպանված չէ ռիսկերից: Բիզնեսն ու տնտեսությունն ընդհանուր առմամբ ցիկլիկ են աշխատում, և բոլոր գներն անկայուն են. տնտեսությունում կան վերելքի և անկման փուլեր: Որոշակի ցիկլի ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ: Տնտեսական ճգնաժամերը սովորաբար մասշտաբային են լինում, և ինչպես ազգային արժույթով, այնպես էլ արտարժույթով խնայողությունները հաճախ կարող են «փչանալ»: Խնայողությունների հուսալիությունն այդպիսի դեպքերում կախված է այն խմբերի որակավորման մակարդակից, որոնց վստահվել են խնայողությունները: Եթե ղեկավարվենք այն փաստարկով, թե պետությունն ունակ չէ ճիշտ կառավարելու միջոցներն, ապա այդ դեպքում հարկ էլ պետք չէ վճարել: Կարևորն այն գիտակցությունն է, թե ինչ ենք մենք ուզում ստանալ, և հետո այդ արդյունքը ստանալու համար ճիշտ տնօրինել ռեսուրսները: Ինձ համար անընդունելի է այն փաստարկը, որ երաշխիքներ չկան, թե կենսաթոշակային ֆոնդ փոխանցված գումարները չեն արժեզրկվի: Իսկ մենք ունե՞նք երաշխիքներ, որ դոլարը, ֆունտ ստերլինգը կամ ոսկին չեն արժեզրկվի:  Ռիսկերից կենսաթոշակային ֆոնդի միջոցների առավելագույն պաշտպանության համար դրանք պետք է բանկ գցել: Բանկային համակարգը վրացական տնտեսության առավել զարգացած հատվածներից մեկն է: Միջազգային վարկանիշային ընկերությունները բարձր են գնահատում մեր առևտրային բանկերի գործունեությունը:

Իմ կարծիքով՝ կենսաթոշակների մասին օրենքի գլխավոր թերություններից մեկը տվյալ փուլում այն է, որ կենսաթոշակային ֆոնդի միջոցներն առաջին մի քանի տարում բանկային համակարգում են լինելու: Ցավոք, տվյալ փուլում այլ ուղի չի նշմարվում: Բարեփոխումն անպայման է պետք իրականացնել: Ֆոնդերի միջոցներն առանց ռիսկերի այսօր կարող է կառավարել միայն բանկային հատվածը: Այսօրվա դրությամբ դա օպտիմալ ընտրություն է, որը կարող էր անել պետությունը:


Կարդալ ավելին JAMnews-ում