Ինչպես օծանելիքագործ դարձավ երիտասարդը, որը չգիտեր՝ ինչ է լավ օծանելիքը։ Տեսապատմություն
Ինչպե՞ս դառնալ օծանելիքագործ․ տեսապատմութուն
Պարզվում է՝ մարդը, որը երբեք չի հետաքրքրվել օծանելիքներով և նույնիսկ չի ապտկերացրել, թե ինչով են դրանք իրարից տարբերվում, կարող է դառնալ օծանելիքագործ։ Ներկայացնում ենք 23-ամյա Լևոն Ղազարյանի պատմությունը, ով հանկարծ այնքան է տարվել բույրերով, որ այժմ ստեղծում է դրանք գիտնականի ճշգրտությամբ և արվեստագետի երևակայությամբ։
- Հայաստանում երիտասարդները ձգտում են առանձին ապրել, ծնողները սկսել են դա խրախուսել
- Հայ կանայք բիզնեսում. ի՞նչ ուղղություններ են ընտրում և որքանո՞վ են հաջողում
- Ռեստորանային բում Հայաստանում. պահանջարկը ստեղծել է առաջարկ
Օծանելիքագործի աշխատատարածք մտնելուն պես առաջինը բույրերն են դիմավորում։ Օդը ծանր է, հագեցած ամենատարբեր բույրերով՝ ծաղիկներ, ցիտրուս, փայտ․․․ Երբ խորը շունչ ես քաշում, դրանք առանձին-առանձին զգացվում են, հերթով ներկայանում են՝ կարծես մրցակցելով ամենագրավիչը լինելու պայքարում։
Տարածքում տարբեր չափերի ապակե սրվակներ, կոլբաներ, փոքրիկ փորձանոթներ կան, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ մի գաղտնիք է պահում։ Որոշները լցված են թափանցիկ հեղուկով, մյուսներում՝ ոսկեգույն, սաթի երանգով կամ գրեթե անգույն յուղեր են։ Կան կաթոցիկներ, չափիչ անոթներ, տարաներ, որտեղ արդեն պատրաստված, բայց դեռ անանուն բույրեր են։
Այս ամենի կենտրոնում օծանելիքագործն է՝ Լևոն Ղազարյանը։ Լիովին կենտրոնացած նա խառնում է հոտերն ու շնչում՝ կարծես սպասում է ինչ-որ հրաշքի։ Հերթով բացում է սրվակները, մոտեցնում քթին, մի պահ լռում, հետո գրի առնում ինչ-որ բան։ Երբեմն երկար մտածում է, երբեմն՝ առանց տատանվելու ավելացնում մեկ այլ բաղադրիչ։ Բայց շատ զգուշությամբ է դրանք լցնում կշեռքի վրա դրված ապակե տարայի մեջ, որովհետև մեկ կաթիլն անգամ կարող է փոխել պարֆումի ողջ բնավորությունը։
Լևոնը խոստովանում է, որ պարֆումեր դառնալու մասին մանկուց չի երազել։
Սկսել է հետաքրքրվել, երբ դեռահասության տարիներին օծանելիքներ է նվեր ստացել։
«Երբ ինձ նվիրում էին կամ ինձ համար գնում էին, ասում էին՝ սա լավ օծանելիք է։ Ու ես չէի հասկանում, թե որն է լավ ու վատ օծանելիքի տարբերությունը։ Սկսեցի հետաքրքրվել, որ հասկանամ, իսկ հետո առաջացավ ցանկություն՝ պատրաստել։ Ներսումս արտիստ արթնացավ։ Չգիտեմ, ոնց որ մեջս արթնացավ մեկը, ով ուզում էր այդ ամենը խառնել, ստեղծագործել, փորձարկել»,- պատմում է նա։
Լևոնի խոսքով՝ օծանելիքագործ դառնալու ճանապարհն իրեն բարդ է տրվել, որովհետև Հայաստանում չկա «դպրոց», որտեղ երիտասարդները կկարողանան սովորել։ Ինքն արդյունքի է հասել ինքնուրույն։
«Մեկ տարի չէի կարողանում պատրաստել, որովհետև այս գործում գաղտնիքները շատ են։ Յուրաքանչյուր պարֆումեր իր գաղտնի ֆորմուլաներն ունի, ու դրանք հասանելի չեն մարդկանց։ Համացանցում բազմաթիվ ուսումնական նյութեր կան, բայց դրանք կիսատ են, կարծես մի բան չի ասվում, թաքցվում է։ Դա էր պատճառը, որ այդ ֆորմուլաներով պատրաստել չէր հաջողվում։ Ես գտա աղբյուրներ, հավաքեցի 2000 հայտնի օծանելիքի բաղադրատոմս ու սկսեցի հերթով վերլուծել, նայել, թե ինչ մոլեկուլներ են, ինչի հետ են խառնած․․․ Այս գործը պարզապես հոտ խառնելը չէ։ Կարող է բույրը ստանաս, բայց ինքը չպահպանվի մարդու վրա, շլեյֆային չլինի, չտարածվի։ Օճառի նման հոտ կարող է լինել, որ էդ պահին զգաս ու վերջ։ Այդ գաղտնիքները պետք են հենց դրա համար, որ բույրը պահպանվի»,- բացատրում է Լևոնը։
Պարֆումերն ասում է, որ արդեն կարողացել է ստեղծել իր ուրույն ոճն ու ձեռագիրը։
Համոզված է՝ եթե անգամ որևէ մեկի ձեռքի տակ հայտնվեն իր ֆորմուլաները, դրանք անհնար կլինի կրկնել, քանի որ դրանցից բացի ինքն ունի յուղերն իրար խառնելու ուրույն տեխնոլոգիա։
Երիտասարդ օծանելիքագործի խոսքով՝ ինքը սիրում է աշխատել այն բույրերի հետ, որոնք «բացվում են» համադրվելու շնորհիվ։ Ասում է, որ անտեսանելի կապ կա դրանց մեջ, որը երևում է միայն ճիշտ համադրության շնորհիվ։
Պարֆումեր դառնալու ճանապարհին դժվարություններ ունեցած Լևոնն ասում է, որ ստեղծել է Պարֆումերների հայկական ասոցիացիա։ Այդպիսով ցանակացել է համախմբել բույրերի սիրահարներին, ապագա պրոֆեսիոնալներին, օգնել նրանց թե՛ նյութերի ներկրման, թե՛ պատրաստման հարցերում։
Բացի արդեն իսկ պատրաստի օծանելիքներով հետաքրքրվողներից Լևոնի մոտ գալիս են նրանք, ովքեր ցանկանում են անհատական պատվեր գրանցել, ստեղծել իրենց բույրը, որն աշխարհում միայն իրենք կունենան։ Նշում է, որ իրեն հաճախ այցելում են այն շզբոսաշրջիկները, որոնք սիրում են ճանապարհորդությունից իրենց հետ տանել բույրեր։ Նրանց համար ստեղծված բույրը պետք է հիշեցնի Երևանը։
Բայց երեկոյան Լևոնի դուռը այցելուների համար փակվում է, գալիս է արարելու պահը՝ երիտասարդ վարպետը շարունակում է փնտրել նոր համադրություններ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ինչպե՞ս դառնալ օծանելիքագործ․ տեսապատմութուն