Ապրիլի 21-ին կորոշվի, թե ով է դառնալու Ուկրաինայի նախագահ՝ կատակերգու դերասա՞նը, թե՞ երկրի գործող ղեկավարը
Ուկրաինայում ապրիլի 21-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։ Ընտրողները պետք է ընտրություն կատարեն ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյի և քաղաքական ասպարեզում փորձ չունեցող դերասան Վլադիմիր Զելենսկու միջև։ Կանխատեսումների համաձայն՝ Զելենսկու հաղթանակն առավել հավանական է․ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 73 տոկոսը, որոնք արդեն կողմնորոշվել են ընտրության հարցում, Պորոշենկոյի օգտին իր ձայնը պատրաստվում է տալ ընտրողների 27 տոկոսը։ Ապրիլի 19-ի երեկոյան Կիևի Օլիմպիական մարզադաշտում դեբատներ կանցկացվեն երկու թեկնածուների միջև։ Դրանց անցկացման ամսաթվի և վայրի շուրջ շատ էին վիճաբանությունները, սակայն Պորոշենկոն և Զելենսկին կարողացել էին պայմանավորվածության գալ։
•Ընտրություններ ԱՄՆ-ում․ ընտրողները կողմ են քաղաքական գործիչների նոր սերնդին և դեմ են Թրամփին
•Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ
Ո՞վ է Վլադիմիր Զելենսկին
Վլադիմիր Զելենսկին 41 տարեկան է, շոու-բիզնեսում նա մեծ փորձ ունի, սակայն բացարձակ փորձ չունի հանրային քաղաքականության ոլորտում։
Առաջին փուլում Զելենսկու հաջողությունը ոչ ոքի մոտ կասկածներ չէր առաջացնում։ Այժմ շատ հավանական կարելի է համարել նրա հաղթանակը երկրորդ փուլում։ Փորձագետներն ասում են, որ դրան կարող է խանգարել միայն ընտրազանգվածի պասիվությունը։
Ուկրաինայի հնարավոր ապագա նախագահը հայտնի է, առաջին հերթին, «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալով, որն այս պահին դիտել է Ուկրաինայի մոտ 20 մլն բնակիչ։ Նա խաղում է պատմության ուսուցիչ Վասիլի Գոլոբորոդկոյի դերը, որը դեպքերի բերումով դառնում է երկրի նախագահ։ Սերիալի ցուցադրության իրավունքներն արդեն գնել է Netflix-ը։
Զելենսկին հայտնի է նաև «Երեկոյան թաղամաս» և «Երեկոյան Կիև» հեռուստաշոուներին իր մասնակցությամբ, որոնք ուկրաինական հեռուստատեսության ամենապոպուլյար շոուներն են և միլիոնավոր հեռուստադիտող են հավաքում։
Օլիգարխի հետ կապեր և ռուսական փողե՞ր
Զելենսկուն բազմիցս մեղադրել են այն բանի համար, որ նրա թիկունքին ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին է կանգնած։ Թեկնածուի մրցակից Պետրո Պորոշենկոն ասում է, որ Զելենսկուն ընտրելու պարագայում նա գործելու է օլիգարխի ցուցումներով, Զելենսկին դա հերքում է։
Ընտրարշավին ակտիվորեն մասնակցել է «Կվարտալ 95» ստուդիան․ Զելենսկին դրա համահիմնադիրն է։ Ստուդիայի արտադրած շոուները ցուցադրվում են «1+1» հեռուստաալիքով, որը պատկանում է Կոլոմոյսկուն։
Reuters գործակալությունը հետաքննություն է անցկացրել նախագահի թեկնածուի և օլիգարխի միջև կապերի վերաբերյալ և, ուսումնասիրելով տրանսպորտային միջոցների գրանցման տվյալների բազան, պարզել է, որ նախընտրական արշավի առաջատարն ու միլիարդատերը ընդհանուր շատ բան ունեն։
Այսպես, Զելենսկին ու Կոլոմոյսկին ընդհանուր գործընկերներ ունեն․ Զելենսկու անվտանգության աշխատակիցները նախկինում զբաղվում էին Կոլոմոյսկու անվտանգությամբ; Կոլոմոյսկու նախկին խորհրդականն աշխատում է Զելենսկու շտաբում; նախագահի թեկնածուն և նրա շրջապատն օգտագործում են վազագույնը երկու ավտոմեքենա, որոնք պատկանում են Կոլոմոյսկու հետ կապ ունեցող անձանց կամ կառույցներին։ Սակայն Reuters-ն ընդգծում է, որ «այս վկայություններից ոչ մեկը չի խոսում այն մասին, որ Կոլոմոյսկին ֆինանսավորում է Զելենսկու նախընտրական արշավը կամ նրա վրա ազդեցություն է գործում»։
Զելենսկու հասցեին լուրջ մեղադրանքներ են հնչում ռուսական կինոընկերությունների կապիտալում նրա մասնակցության առնչությամբ։ Լրագրողները պարզել էին նաև, որ նա չհայտարարագրված առանձնատուն ունի իտալական Ֆորտե—դեյ—Մարմի քաղաքում, որը պոպուլյար է հարուստ և ազդեցիկ ռուսաստանցիների շրջանում։
Պատերազմ, ՆԱՏՕ և Ռուսաստան
Մեղադրանքները, կարծես, այնքան էլ չեն ազդել նախագահական ընտրարշավի առաջատարի վարկանիշի վրա։
Դառնալով նախագահի ամենահավանական թեկնածու՝ նա շարունակում է մնալ հեռուստասերիալի դպրոցի ուսուցչի հասարակ կերպարում, կարծես կեղտոտ քաղաքականությունից հեռու մեկը լինի, որը պատրաստ է խոստովանել դա։
Զելենսկին չի թաքցնում, որ երկրի առաջ կանգնած բարդագույն հարցերի պատասխանը չունի։ Մասնավորապես, թեկնածուն Ուկրաինայի արևելքում պատերազմն արագ դադարեցնելու պլան չունի։ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հարցը նա առաջարկում է լուծել համաուկրաինական հանրաքվեի միջոցով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Զելենսկին կարծում է, որ նա պարտավոր է Ուկրաինային փոխհատուցել ողջ վնասը, որ պատճառել է վերջին տարիներին․
«Եթե ես հանդիպեմ պարոն Պուտինին, ես նրան կասեմ․ վերջապես դուք վերադարձրիք մեր տարածքները, էլ որքա՞ն եք պատրաստ մեզ գումար փոխհատուցել այն բանի համար, որ խլել եք մեր տարածքներն ու օգնել մարդկանց, որոնք մասնակցել են Ղրիմի և Դոնբասի իրավիճակների սրացմանը, օգնել եք նրանց այդ սարսափելի, դաժան, զզվելի ճանապարհին», — ասել է Զելենսկին՝ պատասխանելով Հրոմադսկոյեի հարցերին։
Պետրո Պորոշենկո՝ նախագահական ընտրարշավի երկրորդ առաջատարը
Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նրա կարողության աղբյուրը հրուշակեղենի արտադրությունն է։
2019թ–ի փետրվարին «Bihus. Info»-ի լրագրողները կոռուպցիոն սխեմա են բացահայտել պաշտպանական համալիրում։ Սխեմայում ներգրավված է նախագահի մտերիմ ընկերոջ՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեգ Գլադկովսկու որդին։ Պորոշենկոն ազատել էր Գլադկովսկուն և կոչ արել հետաքննել «ռեզոնանսային հրապարակումները»։
Պորոշենկոյի ընտրարշավն այն բանի վրա է կառուցվում, որ նրա պաշտոնավարման տարիներին ամրապնդվել է բանակի մարտունակությունը, ստորագրվել է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագիր, իսկ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ինքնավարություն է ձեռք բերել։
Պորոշենկոյի հակառակորդները նրան, նախևառաջ, մեղադրում են կոռուպցիան չհաղթահարելու համար։
Ընտրությունների առաջին փուլից առաջ Պորոշենկոն գլխավորում էր թեկնածուների հակավարկանիշը․ հարցվածների կեսը ասել էր, որ չի քվեարկի գործող նախագահի օգտին ոչ մի դեպքում։
Ի՞նչ են խոսում Արևմուտքում
Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն հիանալի հարաբերություններ ունի արևմտյան իսթեբլիշմենթի հետ։ Ուկրաինական «Հրոմադսկոյե» անկախ հեռուստաալիքի տեսաբանները կարծում են, որ Եվրամիությունը կնախընտրեր «գետանցին ձիերին չփոխել», այդ պատճառով էլ Զելելնսկուն որոշակի զգուշավորությամբ է վերաբերվում։
Սակայն ընտրությունների առաջին փուլի արդյունքները, և մասնավորապես այն, որ Զելենսկին առավելություն է ձեռք բերել Ուկրաինայի շրջանների մեծ մասում և գրեթե նույնպիսի աջակցություն զինվորականների շրջանում, ինչպես և գործող նախագահն, Արևմուտքին հասկացրել են, որ իրենց առջև լուրջ թեկնածու է։
Արևմտյան մեկնաբաններն Ուկրաինայում քվեարկության արդյունքները դիտարկում են որպես համաշխարհային միտման մի մաս։
«Զելենսկու հաջողությունը համընկավ այն բանի հետ, որ ընտրողները ողջ աշխարհում փոխեցին ստատուս քվոն։ Իշխանության են գալիս ուժեր, որոնք դեմ են հանդես գալիս իսթեբլիշմենթին, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իտալական «5 աստղ» շարժումը», – գրել էր Reuters-ն ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո։
Ապագա նախագահի համար գլխավոր մարտահրավերը Ռուսաստանի հետ հակամարտությունն է։ Ներդրողների համար նույնպես կարևոր է, որ հաջորդ նախագահը երկրում անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնի, կարծում են Reuters-ի փորձագետները։
«Ուկրաինայում սկսել է աշխատել իսկական, թեև խնդրահարույց ժողովրդավարություն․ սա, թերևս, ընտրությունների ամենակարևոր կողմն է», – գրում է ամերիկյան The New York Times-ը։
«Ի տարբերություն հարևան Ռուսաստանում և Բելառուսում «պոտյոմկինյան» ընտրությունների՝ Ուկրաինայում մրցակցությունն ընտրողներին իրական ընտրություն է տվել՝ նախապես անհայտ արդյունքով»։