Ուկրաինայի արևմտյան գործընկերները մտավախություններ ունեն, որ ով էլ դառնա նոր նախագահ, հազիվ թե հնարավոր լինի արագացնել երկրում բարեփոխումների անցկացումը" />

Կատակերգու դերասանը կարող է Ուկրաինայի նախագահ դառնալ․ ամեն ինչ՝ մարտի 31-ի ընտրությունների մասին

Ուկրաինայի արևմտյան գործընկերները մտավախություններ ունեն, որ ով էլ դառնա նոր նախագահ, հազիվ թե հնարավոր լինի արագացնել երկրում բարեփոխումների անցկացումը

Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին բավականին էքստրեմալ իրավիճակում։

2013թ-ից Արևելյան Ուկրաինայում զինված հակամարտություն է տեղի ունենում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների շուրջ, որոնց աջակցում է Ռուսաստանը։ Ուկրաինայում կոռուպցիան հասել է մի մակարդակի, որը տեղի և միջազգային տեսաբանները կրիտիկական են համարում։

Այս ընտրություններին իրենց թեկնածությունը ռեկորդային թվով մարդիկ են առաջադրել՝ 43 հոգի: Սակայն իրական թեկնածուներ են համարվում երեքը․

•ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն՝ շոկոլադի կայսրություն ունեցող միլիարդատերը, որին Ուկրաինայում կոչում են «Շոկոլադի թագավոր»

•ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն․ նա երկար տարիներ ակտիվորեն ներգրավված է եղել ռուսական գազի փոխադրման և վաճառքի նախագծերում, մինչև վերջերս նա նույնպես մականուն ուներ՝ «Գազի արքայադուստր»

•կատակերգու դերասան, հեռուստատեսային շոուի հաղորդավար Վլադիմիր Զելենսկին, որը չունի քաղաքական փորձ։

Այս համատեքստում Ուկրաինայի արևմտյան գործընկերները մտավախություն ունեն, որ ով էլ արդյունքում հայտնվի նախագահի աթոռին, նոր նախագահն, ըստ ամենայնի, ի վիճակի չի լինի արագացնել բարեփոխումները, որոնց Արևմուտքն աջակցում է արդեն հինգ տարի։

«Նրանցից յուրաքանչյուրը լուրջ թերություններ ունի։ Չկա գեթ մեկը, որին պարզապես կարելի է վերցնել ու սատարել», -Reuters-ին հայտնել է արևմտյան մի դիվանագետ, որը չի ցանկացել նշել իր անունը։

Հակիրճ՝ թեկնածուների առաջին եռյակի մասին։

Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Զելենսկի։ REUTERS/Վալենտին Օգիրենկո

Շոումեն, դերասան և կատակերգու Վլադիմիր Զելենսկի․ նա 41 տարեկան է, և այս պահին նախընտրական մրցավազքի առաջատարն է․ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ նրա օգտին հենց հիմա պատրաստ է քվեարկել ընտրողների 32,1 տոկոսը։

Զելենսկին Ուկրաինայում հայտնի է դարձել որպես «Ժողովրդի ծառա» սերիալի գլխավոր դերակատար (նախագահ)։ Ավելի վաղ նա երբեք չի մասնակցել քաղաքական կյանքին, պետական ծառայության մեջ չի եղել։

2019թ-ի հունվարին լրագրողական հետաքննություն է հրապարակվել, որում ապացույցներ կային, որ Զելենսկին Ռուսաստանում երեք ընկերություն ունի։ Սակայն, որքան էլ տարօրինակ լինի, այս տեղեկությունն, ըստ սոցիոլոգների, Զելենսկու օգտին է ծառայել։

Այս թեկնածուի գլխավոր կարգախոսներն են պայքարը կոռուպցիայի և օլիգարխների դեմ, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միջազգային բանակցությունների միջոցով։

Նրա բարձր վարկանիշնի պատճառներից մեկն է համարվում երկրում տիրող բողոքի տրամադրություններն ու քաղաքականությունում նոր մարդկանց պահանջարկը։ Վլադիմիր Զելենսկին ունի, առաջին հերթին, երիտասարդության և Ուկրաինայի ռուսախոս շրջանների բնակիչների աջակցությունը։

Պետրո Պորոշենկո

Պետրո Պորոշենկո։ REUTERS/Գլեբ Գարանիչ

52-ամյա գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, ըստ ամենայնի, պոտենցիալ հաղթողների ցուցակում երկրորդն է ըստ սոցիոլոգիական հարցումների՝ այս պահին նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 17,1 տոկոսը։

Պորոշենկոն Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նրա կարողության աղբյուրը հրուշակեղենի արտադրության բիզնեսն է։

2019թ-ի փետրվարին «Bihus. Info»-ի լրագրողները կոռուպցիոն սխեմա են բացահայտել պաշտպանական համալիրում։ Սխեմայում ներգրավված է նախագահի մտերիմ ընկերոջ՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեգ Գլադկովսկու որդին։ Պորոշենկոն ազատել է Գլադկովսկուն և կոչ արել հետաքննել «ռեզոնանսային հրապարակումները»։

Պորոշենկոյի ընտրարշավն այն բանի վրա է կառուցվում, որ իր պաշտոնավարման տարիներին ամրապնդվել է բանակի մարտունակությունը, ստորագրվել է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագիր, իսկ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ինքնավարություն է ձեռք բերել։

Պորոշենկոյի հակառակորդները նրան, նախևառաջ, մեղադրում են կոռուպցիան չհաղթահարելու համար։

Եթե վստահենք հարցումներին, Պորոշենկոն երկրորդ փուլ դուրս գալու բոլոր շանսերն ունի։ Սակայն նա գլխավորում է նաև թեկնածուների հակավարկանիշը․ հարցվածների կեսը ասել է, որ չի քվեարկի գործող նախագահի օգտին ոչ մի դեպքում։

Յուլյա Տիմոշենկո

Յուլյա Տիմոշենկո

Յուլյա Տիմոշենկոյի օգտին, ըստ սոցիոլոգիական հարցումների, այս պահին պատրաստ է քվեարկել ընտրողների 12,5 տոկոսը։

Նա 58 տարեկան է, երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդն է, և երրորդ անգամ է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Տիմոշենկոն ազատազրկման մեջ է եղել նախագահ Յանուկովիչի տարիներին կոռուպցիայի մեղադրանքով։

Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» նույնպես հիշատակվում է «Bihus. Info»-ի հետաքննության մեջ․ այնտեղ խոսվում է կուսակցության ֆինանսավորման ձևական սխեմայի մասին։ Հետաքննության մեջ նշվում է, որ Տիմոշենկոյի կուսակցության գործունեության համար իբր միլիոններ են նվիրաբերում Ուկրաինայի քաղաքացիները, սակայն շատերը կամ չգիտեն այդ մասին, կամ նման միջոցներ չունեն։

Մարտի 13-ին դատարանը թույլատրել է անվտանգության ծառայությանը ստուգել կուսակցության հաշիվները փողերի լվացման գործի շրջանակում։

Սակայն սոցիոլոգները միաժամանակ խոսում են Տիմոշենկոյի ընտրողների «կայունության» մասին այսինքն՝ նրանք պատրաստ են քվեարկելու հատկապես այս թեկնածուի օգտին։

Կանխատեսում

Ուկրաինական օրենքների համաձայն՝ եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքի 50% ձայն, երկրորդ փուլ է նշանակվում։

Այժմ նման սցենարն առավել հավանական է թվում։

Փորձագետները կարծում են, որ, ելնելով այս պահին ունեցած տեղեկություններից, երկրորդ փուլ կանցնի նախագահ Պորոշենկոն և դերասան Զելենսկին։

Թե ինչպես են նման դեպքում քվեարկելու Տիմոշենկոյի և այլ թեկնածուների ընտրողները, ոչ ոք հանձն չի առնում կանխատեսել։


Կարդալ ավելին JAMnews-ում