Ի՞նչ է սպասվում Հայաստանում առաջիկա 5 տարիներին․ կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում
Հայաստանի վարչապետը Ազգային ժողովին ներկայացրեց կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանի ելույթը տևեց երեք ժամ։ Ապա սկսվեց ծրագրի բուռն քննարկումը։ Բանը հասավ ընդդիմադիր պատգամավորից մեկին դահլիճից դուրս հրավիրելուն, ապա և քաշքշուկի ընդդիմության և անվտանգության աշխատակիցների միջև։
Ընդդիմադիր խմբակցություններից միայն մեկը մասնակցեց քննարկմանը։ Մյուսը՝ ի նշան բողոքի, լքեց նիստերի դահլիճը։
Վարչապետին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 21 պատգամավոր։ Հարցերի մեծամասնությունը վերաբերում էր ոչ թե բուն ծրագրին, այլ 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին ու բանակի բարեփոխումների ծրագրին։
Կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ ԱԺ օթյակում բողոքի ակցիա իրականացրին խորհրդարանում հավատարմագրված լրագրողները։ Դրա հիմնական ուղերձն էր՝ «Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել, քան Նիկոլի օրոք»։
Իսկ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցող թեժ քննարկումն այնքան ձգվեց, որ պատգամավորները աշխատանքային օրվա ավարտին չհասան քվեարկության փուլին։ Այն, փաստորեն, տեղի կունենա օգոստոսի 25-ին։ Քանի որ իշխող ուժն ԱԺ-ում ունի բավականաչափ մանդատներ իր որոշումներն անցկացնելու համար՝ ընդդիմադիր պատգամավորները կասկած չունեն, որ քննարկումների ավարտից հետո ծրագիրը կընդունվի։
Քննարկման ընթացքի և ծրագրի առանցքային կետերի մասին՝ մանրամասներով։
- Եվս մեկ կալանավորված պատգամավոր․ «իշխանությունը լռեցնում է ընդդիմությանը»
- Հայաստանի վարչապետը հայտարարել է Ադրբեջանի հետ բանակցություններ վերսկսելու պատրաստակամության մասին
«Պատիվ ունեմ» դաշինքը լքեց նիստերի դահլիճը
Խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ»-ի պատգամվորները դահլիճ կվերադառնան «ժողովրդին հուզող հարցերը բարձրաձայնելու և այդ հարցերի պատասխանները ստանալու, կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձրաձայնելու համար»։
«Հայաստան» դաշինքը մասնակցեց քննարկմանը
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ մնալու են դահլիճում և օգտվելու են հարց տալու և ելույթ ունենալու իրենց իրավունքից, քանի որ ուզում են բացահայտել «խմբակի կատարած ու պլանավորած հանցանքները մեր պետության և ժողովրդի դեմ»։
Ընդդիմադիր պատգամավորը կառավարության ներկայացրած ծրագիրը բնորոշեց որպես «իրականությունը քողարկող կեղծ փաստաթուղթ», քանի որ 2019-ին նույն ամբիոնից իշխանությունը մեկ այլ ծրագիր ներկայացրեց, սակայն «ոչ մի դրույթ կյանքի չկոչվեց»․
«Այլ կիրառվեց այլ՝ գաղտնի ու դավադիր ծրագիր՝ անվտանգության համակարգի, արտաքին քաղաքականության կործանման ու շարունակվող պատերազմի արդյունքներով՝ հազարավոր զոհերով ու կորցրած հայրենիքով»։
Նոր տվյալներ վարչապետից․ պատերազմի զոհերի թիվը
Ծրագրի քննարկումը սկսելուց առաջ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն ներկայացվում է արտառոց բարդ պայմաններում․
«Հայաստանը գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության ու պետականության համար»։
Վարչապետը հայտարարեց 44-օրյա պատերազմի զոհերի նորացված տվյալներ’ 3773 զոհ, 243 անհետ կորած։ Մինչդեռ, արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհետ կորածներինը`268։
«Հայկական կողմը պատրաստ է սահմանազատման»
Վարչապետը հայտարարեց, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ մեկնարկել այս գործընթացը հայ-ադրբեջանական սահմանին։ Նրա խոսքով՝ սահմանազատման սկիզբը գարնանն էր նախատեսված․
«Ցավում եմ, որ քաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել ծրագրված արդյունքի, բայց հայկական կողմը պատրաստ է այժմ սահմանազատման գործընթացը սկսելու»։
Ապաշրջափակման և «միջանցքների» մասին
«Ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա ՌԴ-ի, Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը ՀՀ տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների, Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար», — հայտարարեց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ մինչ այս ստորագրված փաստաթղթերում «որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա» Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին:
Վարչապետի խոսքով՝ ինչ-որ միջանցքների մասին ապակառուցողական և սադրիչ հայտարարություններով հանդես է գալիս ադրբեջանական կողմը, ինչը կարող է «սրել գործընթացը», որն իրականացվում է փոխվարչապետների աշխատանքային խմբի միջոցով․
«Կառավարությունը փոխվարչապետների աշխատանքային խմբի մեջ տեսնում է լրջագույն հնարավորություն՝ ճեղքելու Հայաստանի՝ շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը»:
Կառավարման համակարգի փոփոխության մասին
Վարչապետն անդրադարձավ նաև կառավարության ծրագրում արծարծվող՝ նոր սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների երկընտրանքի թեմային։
«Շատերն են եզրակացրել, որ պատերազմը և դրա արդյունքները ի ցույց դրեցին կառավարման խորհրդարանական համակարգի անպատեհությունն անվտանգային նմանօրինակ միջավայրում գտնվող երկրի համար, և ըստ այդ եզրակացության՝ պետք է վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգի»։
Սակայն, Փաշինյանի կարծիքով, «յոթ անգամ պիտի չափենք, մեկ անգամ կտրենք՝ կառավարման համակարգը փոխելու որոշում կայացնելուց առաջ»։
Բարեփոխումներ բանակում, կանանց ներգրավում
Նախատեսվում է վերանայել ժամկետային զինծառայության տևողությունը, ինչպես նաև բարձրացնել պահեստազորի մարտական պատրաստվածության մակարդակը։
Հայաստանում կանայք պետք է առավել մասշտաբային ներգրավվածություն ունենան ԶՈւ մարտական ստորաբաժանումներում։
Ըստ Փաշինյանի՝ այս պահանջը պայմանավորված է երկրի ժողովրդագրական ցուցանիշներով․ կանայք Հայաստանի բնակչության մեծամասնությունն են․
«Ասվածը չի նշանակում, թե կանայք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, որքան տղամարդիկ։ Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է»։
«Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել»
Կառավարության ծրագիրը ներկայացնելու ընթացքում ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները բողոքի ակցիա իրականացրին։
«Նիկոլ Փաշինյան, էլ լրագրող չես», «Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել, քան Նիկոլի օրոք» և այլ պաստառներով նրանք փորձեցին բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքների մասին։ Վերջին շրջանում իշխանությունները բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են ձեռնարկել, որոնք լրագրողական կազմակերպությունները համարում ազատ խոսքի սահմանափակում։
Իսկ նոր խորհրդարանի աշխատանքի առաջին իսկ օրվանից սահմանափակվել է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների տեղաշարժի իրավունքը։
ՊՊԾ աշխատակիցները չկարողացան խոչընդոտել ակցիայի իրականացմանը։ Լրագրողները նշեցին, որ այս ակցիայով փորձում են գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը և պահանջում են նրա հետ հանդիպում, քանի որ այլ պաշտոնյաներից չեն ստանում իրենց հարցերի պատասխանները։
Թեժ քննարկում
Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը վարչապետին փոխանցեց լրագրողների դժգոհությունը նոր սահմանափակումների հետ կապված։
«Աննախադեպ իրավիճակներ ունենք, կառավարությունը ստիպված է և պետք է, պարտավոր է դրանց անդրադառնալ աննախադեպ քայլերով», — ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ նա մեջբերեց նաև ներկայացվող ծրագրից մի հատված, ըստ որի՝ կառավարությունը թույլ չի տալու, որ ժողովրդավարությունը դիտարկվի որպես ամենաթողության հարթակ։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը բարձրացրեց մեկ այլ հարց, որը հուզում է հայ հասարակությանը։ Դա ԱԺ շենքում Պետական պահպանության ծառայության մեծ թվով աշխատակիցների ներկայությունն է և նրանց կողմից տարվող ուժեղացված անվտանգության ապահովման աշխատանքները։
Մինչդեռ, «թավշյա հեղափոխությունից հետո, իշխանության եկած այս նույն քաղաքական թիմը թույլ տվեց բոլոր քաղաքացիների մուտքը խորհրդարանի տարածք։
«Այս անձնավորությունն ախրանիկներ է դահլիճ բերել իր հետ [խոսքը Փաշինյանի մասին է — JAMnews], որոնք երբևէ ԱԺ չեն մտել» պատգամավորի արտահայտությունից հետո ԱԺ նախագահն ընդհատեց նրա ելույթը։ Խոսափողն անջատեցին, Մկրտչյանին զրկեցին ձայնի իրավունքից։
Միջադեպից հետո ընդդիմադիր և իշխող ուժերը փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին։ Դահլիճում իրարանցում սկսվեց։
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ներս կանչեց անվտանգության աշխատակիցներին, որպեսզի Աննա Մկրտչյանին դուրս հրավիրեն։ Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին թույլ չտալ դա, ինչից հետո պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև քաշքշուկ սկսվեց։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը հանցագործություն է, և իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։
Կրքերը հանգստացնելու համար հայտարարված ընդմիջումից հետո, քիչ թե շատ հանդարտ պայմաններում նիստը վերսկսվեց, բայց սուր քննադատությունը շարունակվեց։
Այն, մասնավորապես, վերաբերում էր իշխող ուժի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում ընդունած որոշումներին։ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ պատերազմից հետո հայտարարել է, ինքն է թիվ 1 պատասխանատուն ու մեղավորը։ Նա նշեց, որ կլինի քննիչ հանձնաժողով, բոլոր հանգամանքները կքննվեն ու կհրապարակվի եզրակացություն․
«Եթե մենք նաև ինչ-որ սխալներ գործել ենք, իսկ մենք սխալներ գործել ենք, դրանցից նաև այն է, որ այն, ինչ պիտի պատշաճ ժամկետներում և ձևով, և կոշտությամբ բացահայտվեր, չի բացահայտվել։ Չեմ կարծում, որ դա անուղղելի սխալ է։ Մենք մեր սխալները կուղղենք»։
Վարչապետն ընդգծեց, որ սխալ է վարվել, որ 2018-ին չի հրապարակել Արցախյան հարցի շուրջ «բանակցված ողջ ժառանգությունը»։
Փաշինյանի խոսքով՝ կարծիք կամ մեկնաբանություն չէ, այլ փաստաթղթավորված իրողություն, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում Հայաստանի որևէ իշխանություն չի վիճարկել հիշատակվող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը։
Վարչապետը հիշեցրեց, որ 2010 թ․-ին Ազգային ժողովն ընդունել է վարչատարածքային բաժանման մասին օրենք, որով այդ տարածքները ճանաչել է «Ադրբեջանի անբաժանելի մաս»։
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարց հնչեցրեց, թե ԶՈւ բարեփոխումներն ինչ վերլուծության հիման վրա են արվում, ինչու են արվում առանց հանրային քննարկման։
«Մենք բանակը, զինված ուժերը, անվտանգության օրակարգը մեր սեփականությունը չենք համարում։ Մենք երբեք չենք ասել՝ մենք ամենալավն ենք դրանից հասկանում, և չենք լսում այլ կարծիքներ և տեսակետներ։ Չենք ասել և չենք էլ ասի», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բարեփոխումների ռազմավարությունն ու ճանապարհային քարտեզը վերջնական ձևավորված չեն, ու չկա որևէ խոչընդոտ․ ընդդիմադիր գործընկերները ևս կարող են դիրքորոշում արտահայտել։
Բացի այդ, բարեփոխումները ենթադրում են նաև օրենսդրական փոփոխություններ, այսինքն՝ Ազգային ժողովը դրանցից անմասն չի մնալու։
«Ուշադիր լսելու ենք բոլոր քննադատությունները՝ անկախ նրանից՝ ինչ տոնայնությամբ կասվեն», — ամփոփեց վարչապետը։