«Ի՞նչ է ուզում Ադրբեջանը»․ բացահայտումներ «Հավաստի աղբյուր»-ի՞ց, թե՞ Հայաստանի վարչապետից
Ի՞նչ են ուզում Ադրբեջանն ու Ռուսաստանը
«Լեռնային Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում, Պաշտպանության բանակի լուծարում, միջանցք Հայաստանի տարածքով, սահմանագծում և սահմանազատում Բաքվի առաջարկած քարտեզներով, անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզում»։ Սրանք են Ադրբեջանի պահանջները Հայաստանից։ Նախօրեին այսպիսի պնդմամբ հոդված էր հրապարակվել «Հայկական ժամանակ» օրաթերթում, որր գլխավոր խմբագիրը Հայաստանի վարչապետի կինն է։ Հրապարակման վերջում հեղինակի անվան փոխարեն գրված է «Հավաստի աղբյուր», ինչը շատերի մոտ տպավորություն է ստեղծել, որ հեղինակն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։
Հոդվածը մեծ աղմուկ է բարձրացրել հայկական մեդիայում։ Մինչ երկրի նախկին նախագահներն արձագանքում են Բաքվի պահանջները բացահայտող հոդվածին, օրաթերթը ևս մեկ հրապարակում է արել՝ արդեն Մոսկվայի ցանկությունների մասին։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը «Հայաստանի տարածքով միջանցքի հիմնական շահառուն է»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ արտահոսքերի նպատակը միայն ազգային կոնսոլիդացիայի կայացումը մերժելը չէ, որն օրերս առաջարկում էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փորձագետն ասում է՝ Փաշինյանը հակված չէ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել և փորձում է հասարակությանը ներկայանալ որպես «կապիտուլյացիայի դեմ հանդես եկող գործիչ»։
Ի՞նչ են ուզում Ադրբեջանն ու Ռուսաստանը, Հայաստանի նախկին նախագահների արձագանքը, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Ի՞նչ է ուզում Ադրբեջանը»՝ ամնողջական ցանկը
Այս վերնագրով հրապարակումը «Հավաստի աղբյուրը» հասցեագրել է Վեհափառ հայրապետին, երեք նախագահներին և փորձագիտական հանրությանը։ Փաստորեն, այսպիսով հեղինակը պատասխանում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին համախմբել բոլոր ուժերը, այդ թվում Հայաստանի նախկին իշխանությունների, երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։ Տեր-Պետրոսյանը նաև նշում էր, որ դժվար է լուծումներ առաջարկել, երբ տեղյակ չես բանակցությունների դետալներին, իսկ դրանք հայտննի են միայն Փաշինյանին։
Եվ հոդվածի հեղինակը պատասխանում է, թե «միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները»։
Այնուամենայնիվ, հոդվածագիրն առանձնացրել է ադրբեջանական կողմի 5 հիմնական պահանջ: Դրանք են․
- ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
- ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
- Միջանցք Հայաստանի տարածքով:
- Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
- Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
«Հավաստի աղբյուրը» շեշտում է, որ կետերը թվարկված են ըստ նրա, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել «Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար».
«Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կամ բավարարել պահանջները, կամ գտնել փոխզիջում, կամ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»։
Հոդվածագիրը շեշտել է նաև, որ «Ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրված հրապարակումը «պատասխան է Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք [նախկին նախագահները, ընդդիմադիրները] չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին»։
«Հայկական ժամանակը» նշել է, որ հաջորդիվ անդրադարձ է լինելու նաև ԱՄՆ-ի, Իրանի և Եվրամիության պահանջներին։
«Հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծն է»
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս հրապարակումը որակել է «մերժողական պատասխան ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին»։
Տեր-Պետրոսյանի գնահատմամբ՝ ներկայացվածը «ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծ»։
Կարծում է՝ նույնպիսի նախագիծ պատրաստել է նաև Հայաստանը, սակայն «մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից»:
«Պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել»,— արձանագրում է Հայաստանի առաջին նախագահը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել են, որ չեն մեկնաբանում անանուն աղբյուրներին հղում անող հոդվածներ, որքան էլ, որ դրանք «հրապարակված լինեն որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»:
«Ի՞նչ է ուզում Ռուսաստանը»
«Հավաստի աղբյուրի» խոսքով՝ Հայաստանն ու Ղարաբաղը տարածաշրջանում «Ռուսաստանի ցանկությունների շղթայի մի օղակն են»․
«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։
Մոսկվայի գործողությունների իմաստը, ըստ հոդվածագրի, Հայաստանի անվտանգային խոցելիությունը ցույց տալն է, որպեսզի «վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար»։
«Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը»,- նշում է հեղինակը։
Հրապարակման համաձայն՝ զենքի մատակարարման պարտավորությունների չկատարումը որպես գործիք օգտագործվել է նաև նախկինում, մասնավորապես ՝ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմից առաջ և հետո։
Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը Հայաստանի տարածքով միջանցքի հիմնական շահառուն է։
Խոսքը Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին, որը Հայաստանի իշխանությունները պատրաստ են տրամադրել և բազմիցս դա հայտարարել են։ Սակայն հայկական կողմը հրաժարվում է տրամադրել «միջանցք», քանի որ այս եզրույթը ենթադրում է սուվերենության կորուստ այդ տարածքի նկատմամբ։ Հայաստանի իշխանություններն այս կապացությամբ հղում են անում եռակողմ հայտարարության տեքստին, որտեղ ամրագրված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, սակայն չկա «միջանցքի» մասին որևէ հիշատակում։
«Թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել»,- շեշտել է «Հավաստի աղբյուրը»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ, պատմաբան Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ բոլորն ունեն լեգիտիմ իրավունք կարծելու, որ այդ «հավաստի աղբյուրը» հենց Փաշինյանն է։ Ասում է՝ վարչապետը գնաց նմանատիպ հրապարակումների, ոչ երկխոսության ճանաարհով, քանի որ «փաստաթուղթ ստորագրելու կամ պրոցեսն արագացնելու մտադրություն չունի»։
«Իմ կարծիքով՝ Փաշինյանը շատ մեծ հույսեր էր կապում արևմտյան կենտրոնների հետ։ Որոշակի հիասթափություն կամ հուսախաբություն ունի այդ պրոցեսներից։ Եվ որոշել է բանակցային մանրամասներ բացահայտել, որովհետև դրանք այլևս արժեքավոր չի համարում»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Սուրենյանցն ասում է՝ վարչապետը փորձում է հասարակության մեջ պատրանք ստեղծել, որ ինքը «կապիտուլյացիայի դեմ հանդես եկող գործիչ» է։
Անդրադառնալով որպես Ադրբեջանի պահանջ ներկայացվող հինգ կետերին՝ քաղաքագետը դժվարանում է գնահատել՝ դրանք արտացոլո՞ւմ են բանակցային գործընթացում առկա իրադրությունը, թե՞ Փաշինյանն ունի «ինչ-որ ներքաղաքական հաշվարկներ»։ Որպես օրինակ է բերում միջանցք տերմինը, որը հիշատակվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի պահանջների վերաբերյալ հրապարակման մեջ։
«Չի մանրամասնել՝ ի՞նչ ասել է միջանցք, ի՞նչ պարամետրերով։ Այն է, ինչ Ադրբեջա՞նն է ասում, այն է, ինչ Օվերչո՞ւկն է ասում, թե՞ մեկ այլ բան է։ Եթե Ադրբեջանն արտատարածքային միջանցք է ուզում, այդ հարցում հաստատ դաշնակիցներ չունի, բայց եթե Բաքուն ուզում է ճանապարհ այն կարգավորմամբ, որը նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, այդ դեպքում Հայաստանը չի կարող հրաժարվել»,- շեշտում է քաղաքագետը։
Փորձագետը 1919, 1920 թվականի քարտեզներով սահմանագծման և սահմանազատման գործընթացի կազմակերպումը հեքիաթի ժանրից է համարում։
«Ադրբեջանի 1919-20 թվականի քարտեզները լեգիտիմ լինել չեն կարող, քանի որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել»,- հայտարարում է նա։
Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ այդ քարտեզների հիշատակումը նշանակում է, որ Բաքուն տարածքային պահանջ ունի առնվազն Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի նկատմամբ։
«Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, սովետական Հայաստանն ու սովետական Ադրբեջանը որոշակի սահմաններով դարձան ՄԱԿ անդամ։ Անկհայտորեն, եթե բան են քննարկում, պետք է որպես ելակետ ընդունեն 1991 թվականի ստատուս քվոն»,- ընդգծում է քաղաքագետը։
Խոսելով «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը» հրապարակման մասին՝ նկատում է՝ այն ոչ թե բանակցային ինֆորմացիա էր, այլ վերլուծություն։
Ասում է՝ ՌԴ-ն դեպի Արևելք ծավալվելու անհրաժեշտություն ունի, ուստի պարզ է, որ Մոսկվան է միջանցքի հիմնական շահառուն։ Բայց թե ինչ պարամետրերով միջանցքի կամ ճանապարհի՝ դեռ կա հստակեցման կարիք։
Միութենական պետության մասին խոսակցությունները տեղին չի համարում։ Ըստ Սուրենյանցի՝ բարդ հարց է, ոչ այնքան պրիմիտիվ, որքան ներկայացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Նկատում է՝ միության լինել-չլինելը կախված է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից։
«Հայկական ժամանակ» օրաթերթի հոդվածագիրը նշում է, թե Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար Ռուսաստանն «օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։ Քաղաքագետի գնահատմամբ՝ նման մեղադրանքները շատ վատ բաների կարող են հանգեցնել։
«Հատկապես իշխանության հետ ասոցացվող ԶԼՄ-ներն ու գործիչները պետք է շատ զգույշ լինեն իրենց գնահատականներում։ Մենք կարող են հակառուսական ալիք առաջացնել երկրում, դրանով խնդիր չլուծել, բայց վնասել մեզ։ Որովհետև դրանով մենք լեգիտիմացնում ենք Ռուսաստանի հակադաշնակցային վարքագիծը»,- ամփոփել է Սուրենյանցը։
Ի՞նչ են ուզում Ադրբեջանն ու Ռուսաստանը