«Ժողովրդավարության գրավչությունը բարձրացնելու համար պետք է մեկտեղենք ուժերը»․ ՀՀ վարչապետ
Վերջին 3 տարում հայերը ավտորիտարիզմի փոխարեն ժողովրդավարությունն են ընտրել երկու անգամ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը «Հանուն ժողովրդավարության» համաժողովի ընթացքում։
Առցանց ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի ժողովրդավարացման ու առկա մարտահրավերների մասին։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ժողովրդավարության համար Հայաստանը պայքարել է իր ժամանակակից պատմության ողջ ընթացքում, իսկ վերջին 3 տարում հայերը ավտորիտարիզմի փոխարեն ժողովրդավարությունն են ընտրել երկու անգամ։
«Առաջինը տեղի է ունեցել 2018 թ․-ին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Երկրորդը տեղի ունեցավ 2021 թվականին՝ ավերիչ պատերազմից հետո։ Հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին»,- ընդգծել է Նիկոլ Փաշիյանը։
Հայաստանի վարչապետի համոզմամբ՝ ժողովրդավարության ամրապնդումը մշտական աշխատանք է, որն ընթացքի մեջ է ՀՀ-ում։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառավարությունը ծրագրում է այնպիսի բարեփոխումներ, որոնք հավատ կձևավորեն նաև ՀՀ-ից դուրս՝ արտերկրի գործընկերների շրջանում․
«Մինչև 2026 թվականը մենք նպատակ ունենք հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի, և «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի»։
Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունն ամրապնդելու ջանքերում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնցից ամենամեծը՝ անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։
«Մեկ այլ մարտահրավեր է երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարը: Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք», — ընդգծել է ՀՀ ղեկավարը։
«Հանուն ժողովրդավարության» համաժողովն անցկացվում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ։ Երկօրյա համաժողովին ելույթ են ունեցել ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ։
Հարավային Կովկասի երկրներից հրավիրված էին միայն Վրաստանն ու Հայաստանը։ Մասնակցելու հրավեր չէին ստացել նաև գերտերություններ Չինաստանն ու Ռուսաստանը։ Համատեղ հոդվածում ՌԴ և Չինաստանի դեսպանները նշել են, որ Բայդենի այս նախաձեռնությունը «լիովին տեղավորվում է «սառը պատերազմի» ժամանակների մտածելակերպի մեջ»։