Ի՞նչ է կատարվում Թուրքիայի և Ռուսաստանի միջև․ մեկնաբանություն Բաքվից
Թուրքիայի և Ռուսաստանի միջև հաճախակի դարձած շփումներն ամենաբարձր մակարդակում և այդ ֆոնին շարունակվող արյունալի մարտերը Ղարաբաղում այն մտքին են բերում, որ այդ երկկողմանի բանակցությունները պատահական չեն։
Ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլին ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է կատարվածը։
«Երեկ օրվա ընթացքում հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Չավուշօղլուի և Լավրովի, ինչպես նաև Էրդողանի և Պուտինի միջև։ Զրույցների գլխավոր թեման Սիրիան է եղել։
Դրանից մեկ օր առաջ ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել «Ֆեյլաք-ուշ Շամ» խմբավորման (որին սատարում է թուրքական կառավարությունը) վերապատրաստման ճամբարին Ջեբել Դուվեյլա կետում, որը Թուրքիայի սահմանից ընդամենը 10 կմ հեռավորության վրա է գտնվում՝ Խաթայիի ավանի մոտ։ Ըստ տարբեր աղբյուրների տվյալների՝ ռմբակոծության հետևանքով զոհվել է իսլամիստական խմբավորման մոտ 80 անդամ և համախոհ։
Իսկ հոկտեմբերի 23-ին երկու բալիստիկ հրթիռներով, որոնք արձակել են Միջերկրական ծովում Լաթաքիայի ափի մոտ կառանված ռուսական ռազմանավերը, ոչնչացվել է նույնպես Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Ջերալբուսի նավթի և նավթամթերքի շուկան։
Դրանից ևս մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 19-ին, թուրք զինվորները նահանջել են Իդլիբի հարավային մասում գտնվող Մորիկեում տեղակայված համար ինը դիտակետից։ Այդ տեղանքն արդեն ավելի քան մեկ տարի Բաշար Ասադի ուժերի շրջափակման մեջ է։ Եթե նախկինում Ռուսաստանն ապահովում էր Թուրքիայի հետ այդ կետի կապը, ապա վերջին շաբաթների ընթացքում այդ կապն ընդհատվել է, Թուրքիան չէր կարողանում այդ կետում (մթերք և ռազմամթերք) ապահովել։
Իդլիբում թուրքական բանակը դեռ վեց ռազմական դիտակետ ունի։ Թուրքական ռազմական կոնտինգենտը կարող է թողնել նաև այդ կետերը, սակայն դա դեռ չի նշանակում հեռացում Իդլիբից։
Ներկա պահին Իդլիբում կենտրոնացված է ավելի քան 10 հազար զինվորական, և նախագահ Էրդողանը կենսականորեն կարևոր է համարում այդ տեղանքն իր վերահսկողության տակ պահպանելը։
Ի՞նչ կապ ունեն այս իրադարձությունները Ղարաբաղի հետ։
Հստակ չենք կարող իմանալ։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը, մեծացնելով ճնշումը Սիրիայում, փորձում է Թուրքիային հակել ղարաբաղյան ճակատում հրադադարի ապահովման դերին։ Քանի որ հենց թուրքական գործոնի պատճառով է Ռուսաստանի նախկին ազդեցությունն Ադրբեջանի վրա թուլացել, և Մոսկվայում կարծում են, որ Անկարան կարող է Բաքվին համոզել կանգնեցնել ռազմական գործողությունները», — գրել է Շահին Ջաֆարլին։