Թուրքիայի նոր առաջնորդի կերպարը. համոզիչ, ծայրահեղ ազգայնական և հակաեվրոպական հրետորությամբ առանձնացող
Սակարիայի հանրահավաքը (Ստամբուլից 160 կմ հեռավորության վրա գտնվող նահանգ), որին մենք ներկա գտնվեցինք, Էրդողանի արշավի մի մասն է, որը նա անցկացնում է հաջորդ ամսում նախագահական լիազորությունների ընդլայնման վերաբերյալ կայանալիք հանրաքվեի նախաշեմին:
Քվեարկության են դրվում սահմանադրական փոփոխությունները, որոնք առաջարկում են փոխարինել կառավարման խորհրդարանական համակարգը նախագահականով: Դրանց ընդունումը կդառնա 1923թ-ին Թուրքական հանրապետության հիմնումից ի վեր ամենամասշտաբային քաղաքական վերակառուցումը:
Սակարիայում բազմահազարանոց ամբոխի պարզած դրոշներն ու պաստառները մեկ բառ էին հռչակում՝ «evet», այսինքն՝ «այո»:
Նրա ելույթը, որը դասական «էրդողանական ոճով» էր, համոզիչ էր, անզուսպ-ազգայնական, լի հակաեվրոպական հռետորաբանությամբ:
Այս անգամ նրա զայրույթն ուղղված էր եվրոպական առաջնորդների դեմ, որոնք թույլ չեն տվել նրա նախարարներին իրենց երկրներում ագիտացիա անցկացնել ի աջակցություն հանրաքվեի:
Նախորդ հանգստյան օրերին ոստիկանությունը հոլանդական Ռոտերդամում բռնի կերպով ցրել էր տեղական թուրքական սփյուռքի կազմակերպած հանրահավաքը: Երկու բարձրաստիճան թուրք պաշտոնյաներին արգելել էին Նիդեռլանդներ մուտք գործել այն բանից հետո, երբ այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել էր, որ նրանց այցը կարող է լարել իրավիճակը հոլանդական ընտրությունների նախաշեմին: Կոշտ դիրքորոշումը Ռյուտտեին ձայներ է բերել, որոնք կարող էին անցնել ուլտրաաջ Գիիրտ Վիլդերսին:
«Հեյ, Ռյուտտե, բարձրախոսով գոռում էր Էրդողանը, դու միգուցեև հաղթել ես ընտրություններում, սակայն ի դեմ Թուրքիայի ընկերոջ ես կորցրել»: Ամբոխը հիացած մռնչում էր:
Այնուհետև Թուրքիայի նախագահը հարձակվեց «գերմանացի լրտեսների», «ահաբեկչության եվրոպական պրոպագանդայի» և Արդարության եվրոպական դատարանի վրա աշխատավայրում կրոնական հագուստ, այդ թվում՝ իսլամական գլխաշոր կրելու արգելքին սատարելու համար:
«Նրանք իսլամի դեմ խաչակրաց արշավանք են սկսել, — պնդում էր Էրդողանը: — Թող անիծվեն ձեր եվրոպական արժեքները»:
Նրա կողմնակիցները «կլանում են» այն ամենն, ինչ նա ասում է: Նրանք պաշտում են, երբ իրենց առաջնորդը հակադարձում է Եվրոպային: Հնարավոր է, դա հին Օսմանական կայսրությունից է մնացել թշնամիներից պաշտպանվող Թուրքիայի այդ գաղափարը: Եվ պարոն Էրդողանն այդ գաղափարը հմտորեն զարգացնում է:
Սակայն, ճիշտն ասած, ինչ էլ նա ասի կամ անի, այդ մարդիկ նրան ամեն ինչում կաջակցեն: Թվում է, թե տասնամյակներ շարունակ աշխարհիկ Թուրքիայում իրենց երկրորդ տեսակի քաղաքացի զգացող աստվածավախ թուրքերն այժմ Էրդողանի մեջ իրենց փրկչին են տեսնում: Նրա շնորհիվ նրանք այսօր երկրում գերիշխող ուժ են, և նրանում, թե նա իրեն աստվածացնողներին ինչպիսի հարգանք է ներշնչում, նրան երևի չի հավասարվի ժողովրդավարական ճանապրհով ընտրված առաջնորդներից և ոչ ոք:
«Ես սիրում եմ նրան, որովհետև նրա շնորհիվ ես կարող եմ համալսարան գնալ ծածկած գլխով», — ասել է ինձ Կուբրա Հուսնանը՝ վկայակոչելով Էրդողանի հրամանը, որը հանել է պետական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքը:
Իսկ ի՞նչ կասեք նրա հակաեվրոպական հռետորաբանության մասին, — հարցրի ես: «Ես նույնպես քննադատում եմ Հոլանդիային ու Գերմանիային, — պատախանեց նա: — Նրանք խիղճ չունեն»:
Նրա կողքը կանգնած թոշակառու Էսմա Կոչը համաձայնեց. «Այն ամենն, ինչ նա ասում է ցանկացած թեմայով, ճիշտ է: Ի՞նչ էինք անելու, եթե նա չլիներ»:
Մյուս արևմտամետ, աշխարհիկ թուրքերին վերջին շաբաթվա իրադարձույթունները հուսահատության մեջ են գցում: Ութքու Թուլունգիչը հույս ունի Նիդերլանդների Մաաստրիխտի համալսարան ընդունվել, սակայն վախենում է, որ ներկայիս դիմակայությունը նրա պլաններին կխանգարի:
«Թուրքիան պետք է ավելի եվրոպամետ ուղղվածություն որդեգրի, — ասաց նա ինձ: Նիդերլանդներն այժմ շատ վատ պատկերացումներ ունեն Թուրքիայի մասին, և ես անհանգստանում եմ, թե դա ինչպես կանդրադառա ինձ վրա, եթե ես այնտեղ ապրեմ»:
Այդ ընթացքում թուրքական մամուլը, որը մեծ մասամբ իշխանամետ է, ակտիվորեն հեռարձակում է նախագահի բարձրաձայնած մեսիջը: Թերթերից մեկի առաջին էջն այս շաբաթ լույս է տեսել նացիստական համազգեստով Անգելա Մերկելի նկարով:
Հոլանդիայում թուրքական բողոքի ակցիաների մասնակցին կծող ոստիկանական շան լուսանկարի մեկ այլ գրառում գոչում էր. «Հոլանդական նացիստական շներ»:
Թուրքիայում «այլ կարծիք» ունենալն ավելի ու ավելի բարդ է: Եվ հեռուստաեթերը, և փողոցային գովազդային վահանակները լի են Էրդողանի արշավի օգտին պրոպագանդայով:
Նախագահը հավասարության նշան դրեց «դեմ» քվեարկողների և ահաբեկչության միջև: Ընդդիմության առաջատար թեկնածուները հարձակումների են ենթարկվում, նրանց խանգարում են ագիտացիա անցկացնել:
Նրանց թվում է Մերալ Աքսեները: Նախկինում ներքին գործերի նախարար, ծայրահեղ աջ քաղաքական գործիչ լինելով՝ նա շատերին առավել իրական այլընտրանք է թվում գործող նախագահին: Այն հյուրանոցում, որտեղ վերջերս սահմանադրական փոփոխությունների դեմ ագիտացիայի շրջանակում հանդիպում էր անցկացնում Աքսեները, խորհրդավոր կերպով անջատվեց էլեկտրականույթունը հենց նրա ելույթի ժամանակ:
Նախագահ Էրդողանը բազմիցս հաղթել է ընտրություններում, և չորս շաբաթից կարող է ևս մեկ անգամ հաղթել: Սակայն նրա ղեկավարած երկիրը, որը ՆԱՏՕ-ի կարևոր մասնակից և ԵՄ անդամակցության թեկնածու է, այսօր վտանգավոր կերպով բևեռացված է և այս շաբաթվա իրադարձություններից հետո նա, հնարավոր է, էլ ավելի է հեռացել Եվրոպայից: