Անկարան սպառնում է, Երևանն՝ արդարանում․ «Նեմեսիս» հուշարձանի բացումը
Թուրքիայի արձագանքը «Նեմեսիս» հուշարձանի բացմանը
Հայաստանն ու Թուրքիան շարունակում են քննարկել Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման թեման: Անկարան այն սադրանք էր որակել, նշել, որ նման քայլն անհամատեղելի է «հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգու» հետ: Թուրքական կողմը փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ մեկնող հայկական օդանավերի համար: Նախօրեին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ սպառնացել է՝ Թուրքիան կձեռնարկի նաև այլ քայլեր:
Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս թեմայով հայտարարությամբ հանդես չի եկել: Փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ «չմոռանանք այնտեղ ընտրական գործընթացներ են, և շատ հայտարարություններ պետք է դիտարկել այդ տեսանկյունից»։ Վարչապետ Փաշինյանն ու խորհրդարանի խոսնակը, սակայն, շտապել են արդարանալ՝ նշելով, որ որոշումը կայացրել է ոչ թե կառավարությունը, այլ քաղաքային իշխանությունը:
Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ Թուրքիան չի ուզում Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, իսկ արձանի տեղադրումն «ուղղակի առիթ է գործընթացը ձախողելու»:
Մինչ այս պահը հայտնի բոլոր մանրամասները՝ հուշարձանի բացումը, հայտարարություններ Երևանից և Անկարայից, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Այն, ինչ արեց «Նեմեսիս»-ը, բոլորի համար արդարացի էր»․ հուշարձանի բացումը
Ապրիլի 25-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ օրը Երևանի Օղակաձև այգում բացվեց «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը: Այն նվիրված է «Նեմեսիս» գործողությունն իրականացրած հայերին:
Բացման արարողությանը մասնակցել էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել էր, որ «Նեմեսիս»-ի պատմությունը հայ ազգի կամքի, արդարության վերականգնման մասին է: Ավինյանի դիտարկմամբ՝ գործողությունն արձանագրումն է այն բանի, որ «պատմության ընթացքում ոճրագործություններն անպատիժ չեն մնում»:
«Բոլորի համար ընկալելի էր այն, ինչ արեց «Նեմեսիս»-ը, բոլորի համար արդարացի էր, սակայն մեր նպատակը պետք է լինի կանխել հնարավոր ոճրագործությունները, ստեղծել մեխանիզմներ ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Դա պետք է լինի մեր հիմնական ուղերձը»,- ասել էր փոխքաղաքապետը, ով վարչապետի թիմակիցն է և հավակնում է առաջիկայում ղեկավարել մայրաքաղաքը:
1919-22 թվականներին իրականացված «Նեմեսիս» գործողության նպատակն էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովը նման որոշում էր կայացրել 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Գործողությունը կոչվում էր «Հատուկ գործ»: Սակայն այն հանրությանն ավելի հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով:
Գաղտնի խմբի անդամները, գործելով ԱՄՆ-ից, Եվրոպայից մինչև Թուրքիա, ոչնչացրել են մոտ երկու տասնյակ Հայոց ցեղասպանությունն իրականացնողների:
1918 թ.-ին Թուրքիայի նոր կառավարությունն ինքն էր որոշել իրավական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին ու «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին Օսմանյան կայսրությունն Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար: Վերջին օրերին պատմության այս դրվագը հաճախ է շրջանառվում հայաստանյան մեդիա տիրույթում: Հայերը հիշում են նաև, որ «Նեմեսիսի» կարկառուն ներկայացուցիչներից մեկին` Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանին 1921 թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը արդարացրել է։
Երևանում բացված հուշարձանի վրա այդ գործողությունն իրականացրած հայերի անուններն են: Նշվում է, որ կոթողը նվիրված է «Ազգային արժանապատվության ասպետներին»:
Ի պատասխան Թուրքիայից հնչող հայտարարությունների՝ քաղաքային իշխանությունները նշել են, որ արձանը քանդելու մտադրություն չունեն:
«Ասել ենք՝ մոռացե՛ք կարգավորման մասին, եթե չհեռացնեք այն»
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նման հայտարարություն է արել՝ հերթական անգամ անդրադառնալով հուշարձանի տեղադրմանը: Նա նշել է, որ այդ թեմայով ուղերձներ են փոխանցվել հատուկ բանագնացի միջոցով, ինչպես նաև այլ ուղիներով՝ առանց մանրամասնելու: Թուրք դիվանագետի փոխանցմամբ՝ Անկարան ձեռնարկելու է նաև այլ միջոցներ, դրանք ներկայացվելու են նախագահ Էրդողանի հավանությանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նա ասել է, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկել, իսկ Երևանն արձանի տեղադրմամբ «ցույց է տվել իր ոչ անկեղծ լինելը»:
«Մենք նախապայման չենք դրել, այսպես ասած, ցեղասպանության հետ կապված, և նրանք չեն դրել․ մենք չենք կարող այդ հարցի շուրջ համաձայնության գալ, դրա համար այն դրել ենք փակագծերում, սակայն արձանի տեղադրումը մեզ համար անընդունելի է»,- շեշտել է Չավուշօղլուն:
«Նեմեսիս» հուշարձանի տեղադրումից օրեր անց՝ ապրիլի 29-ին առանց նախապես զգուշացնելու Թուրքիան փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար։ Ավելի ուշ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ նման որոշում են կայացրել հենց կոթողի բացման պատճառով՝ այդ քայլը որակելով որպես սադրանք:
Հայաստանի ներքին հա՞րցն է, թե՞ սխալ որոշում
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Նեմեսիս» հուշարձանի բացումը բնորոշել է որպես «Հայաստանի ներքին հարց» ու հավելել, որ «որևէ մեկն իրավունք չունի այդ հարցին խառնվել»:
Թեև ԱԽ քարտուղարը պնդում է, թե դա երկրի ներքին խնդիրն է, Հայաստանի վարչապետն ու խորհրդարանի նախագահն ավելի վաղ արդարանում էին՝ նշելով, թե տեղադրման որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «կայացվել է սխալ որոշում» ու հավելել, որ «ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է»․
«Դա տեղի է ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ»:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը թեմային անդրադարձել էր խորհրդարանում: Նա հարց էր հնչեցրել՝ եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր և ի՞նչ կշահեր Հայաստանը: Վարչապետն ասել էր, որ արձանի տեղադրման նախաձեռնությունները եղել են 2020 թ․ դեկտեմբեր — 2021 թ․ ապրիլ շրջանում:
«Եվ բոլորը մտածել են, որ այդ «դավաճանության» ընդհանուր տրամաբանության մեջ, որ չհամաձայնվենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք: Մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք իրականում մեր երկրի պետական ու ազգային շահերն անընդհատ դավաճանում ենք»,- հայտարարել էր նա:
Անկարայում լրագրողների հետ զրույցում խորհրդարանի նախագահը նշել էր, որ չի ուզում, որ հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ ոչ բարիդրացիական քայլ: Ալեն Սիմոնյանը վստահեցրել էր՝ հարաբերությունների կարգավորման իր մղումների մեջ Հայաստանը բացարձակ անկեղծ է․
«Պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է հարաբերությունները վատացնելու պատճառներ, առիթներ գտնել: Ես էլ կարող էի 1000 տարբեր պատճառ գտնել Թուրքիայի չժամանելու համար: Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»:
Փորձագիտական կարծիք
Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանն ասում է՝ Թուրքիան «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրումն օգտագործում է որպես առիթ:
«Իրականում չի ուզում և չի պատրաստվում սահմանները բացել և ունենալ նորմալ, խաղաղ հարաբերություններ Հայաստանի հետ»,- ընդգծել է նա:
Factor TV-ի եթերում Արզումանյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին՝ չհաշվարկելով Անկարայի իրական մոտիվները․
«Չլինի Նեմեսիսը, կերևա ուրիշ պատմություն: Թուրքիան ասում է՝ պատրաստ եմ Հայաստանի հետ հարաբերություններ ձևավորել, եթե հայկական պետականությունը լրիվ հրաժարվում է իր էությունից և մոտեցումներից»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ թուրքական կողմն ուզում է, որ Հայաստանը հրաժարվի իր անցյալից, այդ թվում՝ Ցեղասպանության հիշողությունից, Մեծ Եղեռնի հետևանքները՝ որպես կարմիր գիծ ընդունելուց:
«Հայաստանին պարզ ասում են՝ պիտի քո կարմիր գծերը չունենաս: Իմ կարծիքով՝ եթե չունես կարմիր գծեր, որոնք անցնելը քեզ համար անթույլատրելի է, որպես ժողովուրդ վերանում ես, որպես պետություն քո գոյությունը դառնում է անհասկանալի: Եթե պատրաստ ես հրաժարվել Նեմեսիսից, Եղեռնից, որպես ժողովուրդ ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունես ապրելու»,- նկատել է նա:
Արզումանյանի գնահատմամբ՝ խիստ մոտեցումն ու պահանջները վկայում են այն մասին, որ Թուրքիան մինչ օրս վախենում է Հայաստանից, սպառնալիք է տեսնում:
Ասում է՝ 80 մլն-անոց պետության համար հայերը ոչ թե քանակական, այլ որակական սպառնալիք են: Ըստ նրա՝ մինչև չպատասխանենք հարցին, թե հայի որակի մեջ ինչն է սպառնում Թուրքիային, չենք կարողանա կառուցել «իրական հարաբերություններ»:
Այն, որ այս պահին Անկարան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, ըստ փորձագետի, Թուրքիայի ընտրությունն է, ոչ թե Երևանի սխալ քաղաքականության արդյունք: Բայց նաև նկատում է՝ «պետք է ուժեղանանք, որ պատրաստ լինեն մեզ լսել»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թուրքիայի արձագանքը «Նեմեսիս» հուշարձանի բացմանը