«Սա ձեզ համար Սևանը չէ»․ Թուրքիայի ԱԳՆ կոշտ արձագանքը Հայաստանի հայտարարությանը
«Կարծես, Հայաստանն իր աշխարհագրական դիրքի մասին թյուր պատկերացում ունի. խոսքը ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի մասին է», — այսպես է Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել Հայաստանի ԱԳՆ հայտարարությանն Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ–ն հայտարարությամբ էր հանդես եկել, որի մեջ ասվում է, որ «Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը»։
Խոսքը Կիպրոսի և Հունաստանի բացառիկ տնտեսական գոտիներում նավթագազային ռեսուրսների սեյսմիկ հետազոտությունների մասին է, ուր Թուրքիան հետազոտող և հորատող նավեր է ուղարկում ռազմական նավերի ուղեկցությամբ։
• Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսն՝ ընդդեմ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի թուրք թեկնածուի
• Կարծիք․ ի՞նչ են նշանակում թուրք–ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում Հայաստանի համար
Թուրքիայի արձագանքը
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ «Հայաստանը, փորձելով կարծիք ներկայացնել Արևելյան Միջերկրականի վերաբերյալ, պատկերացում չունի աշխարհագրության և դրանում իր տեղի մասին»․
«Արևելյան Միջերկրականի մասին վերջինիս կարծիքը անսահման անպատասխանատվության հերթական օրինակն է»։
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ Թուրքիայի դեմ «գաղտնի» դաշինք է գործում և Միացյալ Արաբական Էմիրություններից և Ֆրանսիայից հետո «դեպի ծով ելք չունեցող Հայաստանը կարծում է, որ իրավունք ունի խոսելու տարածաշրջանի մասին»։
«Անկախ ամեն ինչից, Թուրքիան պաշտպանելու է իր և Կիպրոսի թուրքերի իրավունքները Արևելյան Միջերկրականում, որոնք բխում են միջազգային իրավունքից: Ոչ մի դաշինք կամ չարիք չի կարող խանգարել դրան: Նրանք, ովքեր հակառակն են մտածում, պատմությունից դասեր չեն քաղել», — հավելել է Աքսոյը։
Բացի այդ, թուրքական ԱԳՆ մամուլի քարտուղարը հերթական անգամ հիշեցրել է, որ իր երկիրը «ողջ կարողությամբ կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին»։
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը
«Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողություններն», — ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Ավելին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսել է այն մասին, որ Թուրքիային զսպելու համար նոր ձևաչափ է պետք և դրանցից մեկը Միջերկրածովյան տարածարջանում ձևավորվող կոալիցիան է։
Ավելի վաղ Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը հայտարարել էին նոր եռակողմ ձևաչափի ձևավորման մասին։ Երկրների ղեկավարների և կառավարությունների մակարդակով առաջին գագաթաժողովը պետք է կայանար 2020 թ–ի հունվարին Հայաստանում, սակայն հետաձգվեց։
Սևրի պայմանագիրը
Թուրքական կողմի վրդովմունքն, ըստ թուրքական ԱԳՆ խոսնակի, առաջացրել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արված հայտարարությունները Սևրի պայմանագրի ստորագրման հարյուրամյակի առթիվ։
Այն ստորագրել են 1920 թ–ին Թուրքիան և Առաջին աշխարհամարտում հաղթած դաշնակցային պետությունները։
Փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան հայտարարում էր, որ «ճանաչում է Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն, ինչպես արդեն արել են դաշնակից տերությունները»։
Հայաստանի Հանրապետությանն էին անցնում Թուրքիայի որոշ վիլայեթների տարածքներ։ Արբիտր նշանակված նախագահ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշմանն էր ներկայացվում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների որոշումն ու Հայաստանի ելքը դեպի ծով ապահովելուն ուղղված միջոցների ձեռնարկումը։ Ըստ Սևրի պայմանագրի՝ Հայաստանի տարածքը կազմելու էր 150 հազար քառակուսի կիլոմետր (ներկայիս գրեթե 30 հազար քառ․ կմ փոխարեն)։ Սակայն պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ։
Չնայած այն բանին, որ արդեն հարյուր տարի է անցել, «Սևրի խաղաղության պայմանագիրը շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ», նշել էր Հայաստանի վարչապետը Սևրի պայմանագրի ստորագրման 100–ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին հասցեագրված իր ուղերձում։
«Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին և զրկանքներին…
Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը», – ասված էր Նիկոլ Փաշինյանի ուղերձում։