Թուրքական զենք Արցախում և 80 լրագրող մարտերի գոտում․ իրավիճակը 2020 թ-ի նոյեմբերի 5-ի դրությամբ
Թուրքիայի ժամանակակից զենքը ղարաբաղյան հակամարտությունում վճռորոշ դեր է խաղում՝ ըստ Երևանի։
Բաքվում հիշեցնում են, որ հիմնական սպառազինությունն Ադրբեջան է գալիս Ռուսաստանից, այն ձեռք է բերվում նաև այլ երկրներից։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստանում է արցախյան մարտերի գոտում գտնվող 80 լրագրողների ճակատագրի համար։
Հայկական ու ադրբեջանական բանակները սեպտեմբերի 27-ից դաժան մարտեր են վարում ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զրահատեխնիկայի, հրետանու և դրոնների կիրառմամբ։ Արդեն մի քանի հազար զինվորական և խաղաղ բնակիչ է զոհվել երկու կողմից։ Այս ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին, 18-ին և 26-ին հրադադարի պայմանագիր է կնքվել, սակայն ամեն անգամ այն միանգամից խախտվել է։ Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարը չպահպանելու մեջ։
• Զոհեր խաղաղ բնակչության շրջանում․ Արցախ, մարտեր, իրավիճակը 2020 թ-ի նոյեմբերի 4-ի դրությամբ
• Ադրբեջանում մերժում են բուրգերները, պիցան ու շամպունները․ ինչի՞ց է ամեն ինչ սկսվել
Վերջին իրադարձությունները՝ 2020 թ-ի նոյեմբերի 5-ի դրությամբ
Տեղեկություններ Բաքվից
• Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ադրբեջանական կողմից զոհվել է 92 մարդ, 404-ը վիրավորվել է։
• Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայ զինվորականները հրետակոծում են Ադրբեջանի Տերտերի և Աղդամի շրջանները, սակայն հերքել է հայկական կողմի հաղորդագրություններն՝ ադրբեջանական բանակի կողմից Մարտունու և Շուշիի հրետակոծության վերսկսման մասին։
• «Թուրքիայից ոչ մի ռազմական օգնություն չի գալիս, Բաքուն պարզապես Անկարայից ժամանակակից սպառազինություն է ձեռք բերում», — հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում։
• «Հիմնական սպառազինությունն Ադրբեջան է գալիս Ռուսաստանից։ Մենք զենք ենք գնում նաև այլ երկրներից։ Սակայն, չգիտես ինչու, բոլորը խոսում են միայն Թուրքիայի մասին», — հայտարարել է Ալիևը։
• «Հայաստանի վարչապետի հետ հանդիպելն իմաստ չունի։ Վերջին երկու տարվա ընթացքում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նրա հետ, սակայն դրանք անօգուտ էին՝ բացառությամբ առաջին հանդիպումների», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Տեղեկություններ Երևանից
• Հայաստանը Եվրամիությանն առաջարկել է սառեցնել Ադրբեջանի հետ Արևելյան գործընկերության ծրագիրը։
• Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու շուրջ Ռուսաստանի հետ խորհրդակցություններն անցկացվում են «հույժ գաղտնի» ռեժիմով, մանրամասներ դեռ չեն լինելու, հայտարարել է փոխարտգործնախարարը։
• Արցախի շուրջ 33 հազար սովորող և Հայաստանի սահմանամերձ գյուղերի մոտ 10 հազար դպրոցական անցել է հեռավար ուսուցման՝ պատերազմի պատճառով, ասել է Հայաստանի կրթության փոխնախարարը։
• Ադրբեջանն ԱԹՍ-ներ է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի չորս գյուղերի դեմ։ Բոլոր սարքերը ոչնչացվել են, քրեական գործ է հարուցվել։
• «Համաշխարհային առաջնորդները թերագնահատում են հակամարտությունում Թուրքիայի դերը։ Խոսքը թուրքական տեխնոլոգիաների՝ ժամանակակից ԱԹՍ-ների, F-16 կործանիչների, Թուրքիայում պատրաստված զինվորականների մասին է, որոնք, ըստ էության, ղեկավարում են ռազմական գործողությունները», — ասել է Հայաստանի նախագահը Շվեդիայի Sveriges Radio AB հանրային ռադիոյին տված հարցազրույցում։
Երրորդ կողմերի հայտարարությունները
• Մոսկվան կրկին մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում «ծայրահեղական վարձկաններ Մերձավոր Արևելքից, որոնք ջիհադի գաղափարախոսությանն են դավանում»։
«Հարավային Կովկասում նոր ահաբեկչական անկլավի ի հայտ գալն ակնհայտ է», — ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
• Արցախում 80 լրագրող կա, որոնք չեն կարողանում Հայաստան մեկնել․ փակ են Լաչին-Շուշի և Վարդենիս-Քարվաճառ ճանապարհները։ Այս մասին Թվիթերում հաղորդել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։