Թե ինչպես է ուկրաինացին Վրաստան եկել մի քանի օրով և այստեղ մնացել ընդմիշտ։ Բլոգ
Ուկրաինացի Մարինա Պոնոմարչուկի պատմությունը, որն անսպասելիորեն նոր կյանք և նոր բիզնես է սկսել Վրաստանում։
Երբ առաջին անգամ Բաթում եկա, հայտնաբերեցի, որ ծովափով քայլում եմ բացարձակ միայնակ։ Նախորդ օրերի անձրևոտ եղանակն ամայացրել էր փողոցները՝ մարդկանց տեղափոխելով հարմարավետ թանկ կամ ոչ այնքան թանկ հյուրանոցներ։
Ոչ մեծ սրճարանն ինձ փրկեց անձրևից։ Դրա մուտքի մոտ վրացերենով գրված է՝ «Կավա գի՞նդա», ինչը նշանակում է «Սուրճ ուզո՞ւմ ես»։ Իսկ ես ուզում եմ։
Տեղն իրականում շատ փոքր է, բայց ինձ ողջունող աղջկա ժպիտի շնորհիվ ինձ հարմարավետ եմ զգում այստեղ։ Ես կապուչինո եմ պատվիրում տեղում խմելու համար, և, քանի որ տեղը շատ փոքր է լռության մեջ նստելու համար, Մարինան, կաթը փրփրացնելով, սկսում է իր պատմությունը պատմել։
«Անունս Մարինա Պոնոմարչուկ է, ծնունդով Ուկրաինայից եմ, 35 տարեկան եմ։ Չորս տարի առաջ Վրաստան եկա որպես զբոսաշրջիկ և մնացի այստեղ։ Բաթումում մի տղամարդու հանդիպեցի, և չորս օր շփվելուց հետո նա ինձ առաջին անգամ առաջարկություն արեց։ Իհարկե, ես ասացի՝ ոչ։ Բայց մեկ տարի անց, երբ նա անընդհատ առաջարկություն էր անում, ասացի՝ այո, և ոչ մի անգամ չեմ ափսոսել։ Հիմա մենք երկու որդի ունենք՝ Նիկոն ու Իլյան, և ես ոչ մեծ սրճարան ունեմ Բաթումի Զուրաբ Գորգիլաձեի փողոցում՝ «Կավա գի՞նդան»։
Սրճարան ունենալը միշտ իմ երազանքն է եղել։ Այժմ ես ինձ կարող եմ միայն այսպիսի փոքր սրճարան թույլ տալ, բայց հույս ունեմ, որ շուտով մշտական հաճախորդների թիվը կավելանա, և ավելի մեծ ու գեղեցիկ տեղ կգտնեմ։ Ես այն բացել եմ ընդամենը չորս ամիս առաջ, և դեռևս սրճարանը շատ լավ է աշխատում։ Այն Բաթումի լավագույն վայրերից մեկն է սուրճի սիրահարների համար։ Ես պատրաստում եմ իտալական Goriziana սուրճ։ Սուրճի իմ ամենասիրած բաղադրատոմսը կապուչինոն է՝ մեծ քանակությամբ կաթով և փրփուրով, բայց կարողանում եմ ինը տեսակի սուրճ պատրաստել, այդ թվում՝ լատե, լիկյորով սուրճ, մակիատո և vanilla route։
Իմ սրճարանում աշխատում եմ բարի գործեր անել։ Մենք հոգ ենք տանում էկոլոգիայի համար, այդ պատճառով էլ հաճախորդներին առաջարկում ենք վեգանների համար նախատեսված կաթ ընտրել, ինչպես նաև օգնում ենք բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է Բաթումում թափառական շների և կատուների ստերջացմամբ։ Մենք վաճառում ենք բաժակներ, իսկ հասույթը տրամադրում հիմնադրամին, որը զբաղվում է կենդանիների ստերջացմամբ և հոգ է տանում նրանց համար։ Աղջիկներից մեկը, որն ինձ մոտ է աշխատում, նաև կամավոր է։ Ստերջացումից հետո նա շներին երկու շաբաթով տուն է տանում, որ հոգ տանի։ Ես կուզեի մեկին վերցնել, բայց դեռևս երկու երեխաների հոգսը շատ է։
Ինձ դուր է գալիս Վրաստանում ապրելը, որովհետև կյանքն այստեղ շատ հանգիստ է։ Քույրս ապրում է Նյու Յորքում, և կյանքն այնտեղ շատ հագեցած է։ Լավ կլիներ, որ միասին ապրեինք քրոջս ընտանիքի, ծնողներիս հետ միասին, որոնք այժմ Ուկրաինայում են։ Ծնողներս Վրաստանն ավելի շատ են հավանում, որովհետև նրանց հանգիստ կյանք է պետք, բայց, մյուս կողմից, աշխատավարձերը Նյու Յորքում ավելի բարձր են, այնպես որ, հնարավոր է, հաջողվի փոխզիջում գտնել․ աշխատել Նյու Յորքում և հանգստանալ Վրաստանում։
Որպես ուկրաինացի՝ ես ինձ լավ եմ զգում Վրաստանում։ Բաթումում սլավոնացի աղջիկների մեծ համայնք կա․ մենք Տելեգրամում նույնիսկ խումբ ունենք՝ «Ռուս աղջիկներ», որտեղ կիսվում ենք գաղափարներով, ցանկացած օգնություն խնդրում։ Բաթումում այդպիսի ավելի քան վեց հազար աղջիկ կա։ Բացի այդ, Բաթումում մայրերի համար առանձին խմբեր կան։ Իհարկե, ես բոլորին չեմ ճանաչում, բայց եթե ինձ մի բան պետք լինի, գիտեմ, որ կօգնեն։
Այդ խմբի աղջիկներից ոմանք նաև անգլերենի ակումբներ են առաջարկում ցանկացողների համար։ Նրանք հանդիպում են և որոշ թեմաներ անգլերենով քննարկում։ Շատ եմ ուզում գնալ, բայց դեռ չեմ կարող։ Երկու երեխաների ու բիզնեսի պարագայում ժամանակ չկա։ Երեխաներս միայն ռուսերեն են խոսում, քանի որ այդ լեզվով եմ հաղորդակցվում ամուսնուս հետ։ Բայց ապագայում ուզում եմ, որ նրանք վրացական դպրոց գնան՝ լեզուն սովորելու համար»։