Թե ինչպես էր փոխվում Սվանեթին
Թե ինչպես էր փոխվում Սվանեթին
Եթե մի օր որոշեք Սվանեթիում լինել, ստիպված կլինեք հեքիաթների հերոսների ուղին անցնել՝ կտրելով յոթ ծով ու սար:
Մայրաքաղաքից Սվանեթի միկրոավտոբուսներ են գնում: Կարելի է ինքնաթիռով տեղ հասնել, որը Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Նատախտարի օդանավակայանից է թռնում: Կարելի է գնացքով հասնել Զուգդիդի, իսկ այնտեղից մեքենայով՝ Սվանեթի, ճանապարհը մոտ երկու ժամ է կազմում:
Շատ զբոսաշրջիկներ հենց այդպես են վարվում: Ինչո՞ւ ոչ, եթե նշանակության կետ կարելի է հասնել՝ այցելելով ևս մեկ անծանոթ քաղաք: Եթե Զուգդիդիում ուսապարկով մարդ տեսնեք, պետք չէ կասկածել. նա սարեր է գնում:
Վրաստանի իշխանությունները զբոսաշրջությունը հայտարարել են որպես երկրի զարգացման գլխավոր առաջնահերթություն: Սվանեթին ամենահետաքրքիր երթուղիներից մեկն է նրանց համար, ովքեր Վրաստան են պատրաստվում:
Վրաստանի այս լեռնային տարածաշրջանը սահմանակից է Ռուսաստանին և վարչական սահմանով բաժանված է Աբխազիայից:
Ես ու տեսաօպերատոր Դաթոն Սվանեթի մեկնելու համար հենց այս երթուղին ընտրեցինք: Մենք միմյանց հանդիպեցինք Զուգդիդիում և նրա մեքենայով դուրս եկանք սարի շուրջ օձի պես փաթաթվող ճանապարհ: Տեսարաններից մարդու շունչը կտրվում է: Սվանեթիի միջնադարյան քարե աշտարակները վեր են խոյանում լեռներում կարծես ֆուրշեթի կանապեների մեջ տնկված փայտիկներ լինեն:
Սվանեթիի առաջին գյուղը Խաիշին է, որը Զուգդիդիից 70 կմ հեռավորության վրա է գտնվում:
Ուսապարկերով զբոսաշրջիկներ ճանապարհին մեզ չհանդիպեցին, չնայած որ Խաիշիի մուտքի մոտ գտնվող կամրջի մոտ՝ երփներանգ աշնանային անտառների ֆոնին, երկու վառ շրթներկով աղջիկների հանդիպեցինք: Նրանք նստել էին ճամփեզրին՝ թռուցիկների ստենդի մոտ: Դրանցից մեկը կոչվում էր «Որտե՞ղ է Աստծո թագավորությունը»: «Իմ կարծիքով, այստեղ՝ Սվանեթիում», — մտածեցի ես՝ տեսնելով բնության աննկարագրելի գեղեցկությունը:
«Նրանք Եհովայի վկաներ են: Սամեգրելոյում և Սվանեթիում շատ են Եհովայի վկաները», — բացատրում է Դաթոն, որն ինքը ծնունդով Զուգդիդիից է և տեղի իրավիճակներն ինձնից ավելի լավ գիտի:
Մթնում էր արդեն, երբ հասանք Մեստիա: Մառախուղում հասցրինք ևս մի քանի զբոսաշրջիկ նկատել, որոնք շտապում էին պատսպարվել տաք ու լուսավոր հյուրանոցում:
Մենք նրանց օրինակին հետևեցինք և կանգ առանք առաջին պատահած հյուրանոցում: Բավականին ընդարձակ բակում զրուցասեր մի երեխա պատմեց, թե ինչպես է իր օրն անցնում. «Առավոտյան մայրս ինձ մանկապարտեզ է տանում: Այնտեղ խաղում եմ: Հետո ետ է բերում տուն: Երբեմն լալիս եմ»:
Առավոտյան իմացանք, որ հյուրանոցը, որում կանգ ենք առել, գրեթե պատմական է. դրա փոխարեն տարիներ առաջ, երբ Սվանեթիով խիզախություն էին ունենում ճամփորդել միայն խենթ զբոսաշրջիկները, տեղակայված էր առաջին հյուրատունը: Այժմ «Սվանեթի» հյուրանոցը 21 համար ունի: Բակում շոգեբաղնիք է կառուցվում:
Առավոտյան վազքից երեք ուկրաինուհիներ են վերադառնում: Նախաճաշին մի քանի հնդիկների նկատեցինք:
«Չենք բողոքում: Կարծես թե ամեն ինչ լավ է», — ասում է հյուրանոցի տիրուհին՝ Նինո Ջափարիձեն:
Այն հյուրանոցի պատմությունը, որը Նինոն պատմում է, հիշեցնում է այն ճանապարհը, որն անցել է Սվանեթի շրջանը վերջին տասնամյակների ընթացքում՝ նախքան քրեական էլեմենտների համար հարմար միջավայրից զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր վայրերից մեկը դառնալը:
Նինոն պատմում է, որ «բիզնեսը սկսել է 1998 թ-ին»: Դա այն ժամանակահատվածն է, երբ Սվանեթին վրացական լրատվամիջոցների տեղեկատվության մեջ հիշատակվում էր միայն քրեական տեսանկյունից. «Սվանեթիում ավտոբուս է թալանվել», «Սվանեթիում ավտոբուս է առևանգվել», «Քրեական հեղինակությունը պատսպարվել է Սվանեթիի սարերում»: Սրանք վրացական մամուլի 1990-ականների վերնագրերն են:
Հյուրանոցի շինարարությունը ձգձգվեց երկար տարիներ: Այն կառուցել են վերաներդրման հաշվին: Հետո որոշել են ընդլայնվել և դիմել են բանկ.
«Բանկում մեզ անթաքույց զարմանքով էին նայում, երբ իմանում էին՝ ինչի համար է մեզ վարկ անհրաժեշտ և հատկապես՝ թե որտեղ ենք հյուրանոցը կառուցում: Մեստիայո՜ւմ: Եվ միանգամից մերժում էին մեզ»:
Միայն 2007թ-ին է Նինոն կարողացել առաջին վարկը ստանալ: Այդ ժամանակ զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն ավելացավ, նոր պլաններ ու հեռանկարներ հայտնվեցին:
Դա այն փուլն էր, երբ 2003թ-ին «վարդերի հեղափոխությունից» հետո իշխանության եկած երիտասարդ կառավարությունը Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ շատ արմատական փոփոխություններ իրականացրեց: Այդ թվում՝ ոստիկանականն ու հակակոռուպցիոնը:
Այդ ժամանակահատվածում այնպիսի օր չկար, որ լրատվամիջոցները ձեռնաշղթաներով բիզնեսմենների և պաշտոնյաների ցույց չտային, որոնք Շևարդնաձեի ղեկավարման տարիներին տնտեսությունն էին վերահսկում; կամ միջին, ցածր օղակի պետական ծառայության աշխատակցի, որին բռնել էին կաշառք ստանալու պահին; ուղիղ եթերում ցուցադրում էին քրեական հեղինակությունների կալանավորումը:
2004թ-ին սկսված ոստիկանական բարեփոխումներն առանց աշխատանքի թողեցին մոտ 13 հազար ավտոտեսուչների: Նրանց տեղը զբաղեցրին մրցույթում հաղթած երիտասարդ կադրերը:
Փոփոխվեց մաքսային ծառայությունը, արդարադատության տներ հայտնվեցին, որոնցում անձնագիր կամ ցանկացած այլ փասթաթուղթ ստանալը շատ արագ է և առանց կաշառքի:
Այդ ամենն օգնեց աշխուժացնել տնտեսությունը: 2006թ-ին բյուջեն 2003թ-ի բյուջեի համեմատ աճեց 8 անգամ, իսկ արտասահմանյան ուղղակի ներդրումները 2007թ-ին գերազանցեցին 2 մլրդ-ը:
Սակայն սա Սահակաշվիլիի բարեփոխումների միայն մի կողն է: Հակառակ կողմում ձեռներեցներն են, ովքեր իշխանություններին մեղադրում էին իրենց բիզնեսների ճնշման և օտարման համար; մարդու իրավունքների կոպտագույն խախտումները; վերահսկվող արդարադատությունն ու լրատվամիջոցները: Չնայած որ այս ամենն այլ հոդվածի թեմա է:
Այսպես թե այնպես, փաստը մնում է փաստ, որ Սահակաշվիլիի կառավարման առաջին տարիները փոխեցին երկիրը:
Հետո պատերազմ սկսվեց:
Երբ 2008թ-ի օգոստոսին՝ զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին, Հարավային Օսիայում պատերազմ սկսվեց, Ցխինվալից 400կմ-ի վրա գտնվող Մեստիայում Նինոյի հյուրանոցը լիքն էր զբոսաշրջիկներով: Համարներն ամրագրված էին անգամ հաջորդ մի քանի շաբաթվա համար:
Սակայն այդ տարի սեզոնը ձախողվեց: Ո՞վ զբոսաշրջության ժամանակ ուներ:
«Թվում էր, թե ամեն ինչ ավարտվել է: Երբեմն պատկերացնում էինք, որ վերադառնալու ենք այն մութ ժամանակները, որից այդքան մեծ դժվարությամբ էինք դուրս եկել», — հիշում են Սվանեթիում: Պատերազմից հետո զբոսաշրջիկների հոսքն էլ, ներդրումներն էլ կրճատվեցին: Այնուամենայնիվ «մութ ժամանակահատված» երկիրը չվերադարձավ:
2010թ-ին Մեստիա այցելելության ընթացքում Սահակաշվիլին խոստացավ կարճ ժամկետներում Սվանեթին վերածել կովկասյան Շվեյցարիա: Սվանեթիում լեռնադահուկային սահքուղիների շինարարություն սկսվեց: Նույն տարում նոր օդանավակայան բացվեց: Եվ որ ամենագլխավորն էր, նույն այդ ժամանակահատվածում վերակառուցվեց Զուգդիդի-Մեստիա ավտոմոբիլային ճանապարհը, որը կառուցվել էր 1950թ-ին, սակայն այդ ժամանակից ի վեր ոչ մի անգամ չէր վերանորոգվել: Այդ ժամանակ էլ ակտիվ գովազդային արշավ սկսվեց. Սվանեթիի մասին բազմաթիվ իմիջային տեսահոլովակներ նկարահանվեցին, որոնք զբոսաշրջության սիրահարներին հրավիրում էին անպայման այցելել այդ բացառիկ վայրը:
Պատմական կերպարներով հարուստ սվանյան ֆոլկլորում տեղ գտավ նաև Սահակաշվիլին. Մեստիայի կենտրոնից դեպի օդանավակայան տանող կամուրջն անվանում են «Միշայի կամուրջ»:
Կես միլիոն զբոսաշրջիկ, ինչպես կանխատեսում էր Սահակաշվիլին, Սվանեթին դեռևս չի տեսել և Շվեյցարիային հասնելու դեռ երկար ճանապարհ ունի:
Սվանեթիի մասին սնդուսափայլ հոլովակներում տեղ չգտան բազմաթիվ խնդիրները. մարդիկ այստեղ ապրում են ծանր սոցիալական պայմաններում:
Հատկապես բարդ է ձմեռային սեզոնին, երբ ձյունը շրջանը կտրում է արտաքին աշխարհից:
Սվանեթիի բնակիչները բողոքում են, որ գեղեցիկ բնությունը բարիքի հետ մեկտեղ նաև վատ ծառայություն է մատուցում:
Նինոն ասում է, որ Սվանեթիում՝ Վրաստանի՝ ավանդույթներով հարուստ այս անկյունում, ենթակառուցվածքային խնդիրներից բացի տեղացիները ստիպված են հաղթահարել նաև իրենց մտածելակերպի և հեգաբանական խնդիրներ:
«Ես մեծացել եմ հյուրընկալ ընտանիքում, բոլորն ամառներն այստեղ եմ անցկացրել, շատ էին ընտանիքին մոտ մարդիկ: Երբ հյուրանոցային բիզնեսն սկսեցի, ամենադժվարը թերևս հյուրերից փող վերցնելն էր: Դժվար էր նաև մատուցողուհու և հավաքարարի դերը, որը նույնպես երբեմն ինձ վրա էի վերցնում: Այդ խոչընդոտն ինձ՝ խորհրդային մտածողություն ունեցող բժշկիս համար, ծանր էր հաղթահարել», — պատմում է Նինոն, որն այսօր ոչ թե դեմքն է ծամածռում հյուրերին սպասարկելու մտքից, այլ ընդհակառակը, մտածում է, թե ինչպես նրանց համար առավելագույն հարմարություններ ստեղծի:
«Ցանկանում եմ կաթի վերամշակման արտադրություն բացել: Ուզում եմ հյուրերիս սեփական բնական մթերք հյուրասիրել», — ասում է նա:
Սպտեմբերին՝ նախընտրական արշավի ընթացքում Սվանեթի ժամանած վարչապես Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ շուտով 38 կմ երկայնքով և 6 կմ թունելով ճանապարհ կկառուցվի, որոնք կկապեն Մեստիան և Լենտեխին, ինչը կբարելավի Սվանեթիի բնակչության կենսական պայմանները և տարածաշրջանի տեսարժան վայրերն ավելի հասանելի կդարձնի զբոսաշրջիկներին:
Այստեղ Թամարան նժույգն էր կապում
Մեստիայում հսկա շներ են հանդիպում: Դրանք բարեսիրտ են, սակայն եթե այնուամենայնիվ դրանցից շատ եք վախենում, պետք է կախարդական բառեր ասել. «Այստեղով Թամարան է անցել»: Այդ ժամանակ ոչ մի շուն չի մոտենա:
Մի՛ մտածեք, թե Թամարան տեղացի ամազոնուհի է, որի անունն արտասանելիս շունը կաթվածահար է լինում: Խոսքը թագուհու մասին է, որը Վրաստանը թագավորել է 12-րդ դարում: Պարզապես Սվանեթիում դա առանձնահատուկ նշանակություն չունի: Այստեղ սահմանը դարերի և ժամանակաշրջանների միջև ջնջվել է և պատմական դեմքերի մասին այստեղ այնպես են խոսում, ինչպես հարևանների մասին:
Եթե ձեզ պատմությունն է հետաքրքրում, ապա Սվանեթին հենց այն վայրն է, ուր պետք է գնալ: Այստեղ ամեն ինչ միահյուսվել է՝ հին քարե աշտարակները, միջնադարյան ավանդույթները, հեթանոսական սովորույթներն ու քրիստոնեական սրբավայրերը:
Զեմո Սվանեթին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված համաշխարհային ժառանգության հուշարձան է. այն մի հսկայական թանգարան է բաց երկնքի տակ: Այստեղ հայտնված զբոսաշրջիկը հոլիվուդյան կոմեդիայի հերոս է հիշեցնում, որի ներկայությունից ցուցանմուշները սկսում են կենդանանալ:
Սվանեթիի պատմության և ազգագրության թանգարանում ձեզ կպատմեն, որ մ.թ.ա. երրորդ հազարամյակում Սվանեթիում հանքեր են գործել, որտեղ պղինձ և երկաթ են արդյունահանել: Արգոնավորդների մասին ասքը կապված է Սվանեթիի հետ: Այստեղի գետերի ջրերը ստորին ավազան ոսկի են քշում, և Ստրաբոնի նկարագրած ոսկու արդյունահանումը հանդիպում է միայն Սվանեթիում:
Մեստիայում ևս մեկ թանգարան կա, որը ղեկավարում են Մարգիանի ամուսինները: Այդ թանգարանում վերստեղծվել են այն պայմանները, ավանդույթներն ու սովորույթները, որոնցով դարեր առաջ ապրել են սվանները:
Թանգարանի գիդը ուկրաինացի Լարիսա Մարգիանին է: Նա ռուսերեն է խոսում և ոգևորված պատմում է, թե ինչպես են նախկինում ապրել սվանները: Լարիսան մեզ ցույց է տալիս այն վայրը, որտեղ սովորաբար համայնքի ավագն էր նստում, որի խոսքը հասարակությունում որոշիչ է եղել; պատմում է, որ երկու բորջգալիները (հնագույն վրացական խորհրդանիշներից մեկը, սվաստիկայի տեսակ, որը սուրբ պտղի, անմահության, տիեզերական էներգիայի, բերքի և այլնի խորհրդանիշ է), որոնք միմյանց հակառակ ուղղություններով են պտտվում, անորսալի և կանգ չառնող ժամանակն են խորհրդանշում; ցույց է տալիս այն զնդանը, ուր նետում էին հանցագործներին; պատմում է արյան վրեժի օրենքների մասին:
«Այս պատմությունները մի փոքր վախեցնում են զբոսաշրջիկներին, հատկապես արյան վրեժի հատվածը… Սակայն երբ ինձ ողջ ու առողջ են տեսնում, հանգստանում են», — ծիծաղում է Լարիսան:
Նա այնպես է փոխում զրույցի թեման, որ երբեմն միանգամից չես էլ հասկանում, թե որտեղ է սկսվում նրա անձնական պատմությունը, որտեղ՝ թանգարանի ցուցանմուշի հետ կապված պատմությունը:
«Ես սիրով եմ ամուսնացել: Սկզբում Ռուսաստանում էինք ապրում, ամուսինս՝ Մուրադն, ինձ շատ էր պատմում այստեղի ավանդույթների մասին, և դա ինձ մի փոքր վախեցնում էր: Սկզբում ծանր էր այստեղ ապրելը, սակայն շուտով հասկացա, որ իմ տունն այստեղ է», — ասում է նա և ցույց տալիս իր բոլոր 3 երեխաների լուսանկարները:
Լարիսան ու Մուրադն այս տարի սեփական հյուրանոցն են բացել: Դրա բոլոր սենյակները տարբեր գույների են՝ մանուշակագույն, կանաչ, երկնագույն…
Հարևանությամբ պատշգամբով սրճարանն է, որտեղ Սվանեթիի ավանդական ուտեստներ են հյուրասիրում:
Ուտեստների մասին իհարկե ավելի լավ է խոհարարի հետ խոսել: Նա հոգնած է, գիշերը չի քնել, հարևաններին օգնել է հարսանիքին նախապատրաստվել:
Արկածների սիրահարները
Զբոսաշրջային տեղեկատվության ծառայության աշխատակից Դաթո Խերգիանիին հարցնում եմ, թե ինչպես կարելի է բնորոշել Սվանեթի եկող զբոսաշրջիկին:
«Դա ուսապարկով երիտասարդ է: Սիրում է ոտքով քայլել, նրան էքստրիմն է հետաքրքրում, սուր զգացողությունները, տարբեր երկրների սովորույթները», — պատասխանում է նա:
Դաթոն թբիլիսցի է, մասնագիտությամբ զբոսաշրջային օպերատոր է: Արդեն մի քանի տարի է, ինչ հրաժարվել է քաղաքային կյանքից և ընտանիքի հետ միասին տեղափոխվել Սվանեթի: Ասում է, որ այս տարի հյուրերը հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Գերմանիայից, Ֆրանսիայից էին: Վերջին ժամանակներս լեհերն են շատ գալիս.
«Վերջերս ամերիակցի բայքերներ էին եկել: Նրանք այսպիսի կազմակերպություն ունեն՝ Տրանսկովկասյան մայրուղի: 3000 կմ նրանց մոտ Կովկասի քարտեզում է նշված, մոտ 20 արգելոց են պլանավորել 3 ամսում այցելել: Ուժեղ և հետաքրքիր տղաներ էին»:
Սվանեթիում ամենատարածված երթուղին Մեստիա-Ուշգուլին է: Ասում են՝ Ուշգուլին Եվրոպայի ամենաբարձրադիր բնակավայրն է: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2200մ բարձրության վրա:
Այն, որ Սվանեթիի գրավչությունը ներկա պահին հաշվարկված է միայն երիտասարդների համար, շատ խնդիրներ է մատնանշում, ասում է Դաթոն:
«Տարեցները խուսափում են Սվանեթի գալ: Դա նշանակում է, որ ծառայությունները պետք է լավացնել: Տարեցներին ավելի շատ հարմարավետություն է պահանջվում, սակայն նրանք փողն էլ են շատ ծախսում: Այդ պատճառով էլ պետք է անպայման այնպես անել, որ նրանք սկսեն հետաքրքրվել շրջանով», — կարծում է նա:
Լեռնային զբոսաշրջության ալգորիթմի սվանյան տարբերակն ավարտված չէ. ենթակառուցվածքներն այստեղ դեռ նոր են ստեղծվում: Միակ ճոպանուղին աշխատում է Խացվալի սարի վրա: Այնտեղ են տեղակայված 3 լեռնադահուկային սահքուղիները: Ձմեռային սեզոնին ծրագրվում է ևս 4 ճոպանուղի սարքել:
Սվանեթին դրախտ է ոչ միայն լեռնադահուկային զբոսաշրջության սիրահարների համար, այլ նաև լեռնագնացների: Այստեղ է գտնվում հայտնի Ուշբան՝ գաղտնիքներով պատված Սվանյան Կովկասի քառագլուխ գագաթը: Բարձրությունը 4700 մ է: Ուշբան վրացի լեռնագնացներն այսօր էլ են լեռնագնացության ոլորտում վարպետության չափանիշ համարում: Դրա զառիթափ լանջերին է ավարտվել բազմաթիվ փորձառու լեռնագնացների կյանքը: Ուշբային հինգերորդ՝ բարդության բարձրագույն կարգ, է շնորհված: Սվանեթիում այժմ մտածում են, թե ինչպես ընդլայնել Ուշբայի օգտագործումը:
Մալխազն այնպես, ինչպես Նինո Ջափարիձեն ու Դավիթ Խերգիանին, Սվանեթի է տեղափոխվել Թբիլիսիից: Հայրական տունը նա հյուրանոց է դարձրել: Այստեղ գրեթե կլոր տարի զբոսաշրջային սեզոն է, ասում է նա: Նրա «Չուբու» հյուրանոցը սկսել է եկամուտ բերել առաջին իսկ ամռանը:
«Այժմ Վրաստանում մենք 50-րդ տեղն ենք զբաղեցնում «ոսկե վարկատուների» ցանկում: «Մեզ հիշատակում են «Մարիոթի» հետ մեկտեղ: Մտածում եմ ընդլայնվելու մասին», — հպարտանում է Մալխազը:
Սրճարան «Լաիլա»
«Լաիլա» սրճարանը տեղակայված է «Մեստիայի» կենտրոնում: Երեկոյան այստեղ ազատ տեղեր չեն լինում: Այցելուների մեծ մասը զնոսաշրջիկներ են:
Սեղաններից մեկը զբաղեցնում են դեռահաս պարողները, որոնք Մեստիայում ելույթ են ունեցել ինքնաշեն բեմի վրա:
Զբոսաշրջիկների զրույցներն եմ լսում՝ ցանկանալով նրանց կարծիքն իմանալ: Թոմասն ու Ռենատան Հունգարիայից են եկել, Վրաստանում ընդամենը երկու օր են.
«Ճամփորդությունը հաջողվել է, բախտներս բերել է, որ այստեղ ենք եկել: Այս երեկոն մեզ համար կարևոր է. վաղը պլանավորում ենք Ուշգուլի մեկնել և հույս ունենք անմոռանալի տպավորություններ ստանալ…»:
Ուշադրությունս միջին տարիքի երկու տղամարդիկ են գրավում: Մեկն անգլերեն է խոսում, երկրորդը նրան ռուսերեն է պատասխանում: Երբեմն ժեստերի լեզվով են խոսում: Անգլախոսը բարձրաձայն շարունակում է. «Երկու տարի է՝ այս շրջանում եմ ապրում, դուրս բացարձակապես ամեն ինչ գալիս է՝ հյուրընկալությունը, ուտելիքը, գինին, մարդիկ, ավանդույթները, հարաբերությունները… Ամեն ինչ հավանում եմ մի բանից բացի. տրանսպորտը կատաստրոֆիկ է աշխատում:».
Երկրորդն՝ Անատոլին, ռուս է, Սվանեթիով ճամփորդում է.
«Վրաստանում արդեն երկրորդ անգամ եմ: Առաջին անգամ այստեղ եմ եկել 3 տարի առաջ՝ Կազբեգի, իսկ հետո երեք տարի երազել եմ Սվանեթիի մասին: Երազանքս իրականացել է, և ես այստեղ եմ արդեն տասներորդ օրը: Ամեն ինչ դուրս գալիս է՝ բնությունը, մարդիկ: Իսկական դրախտ է»:
Ես նրանց հետ կարմիր գինի եմ խմում, շնորհակալություն հայտնում և դուրս գալիս տեղացող ձյան տակ: