Թբիլիսիում այրվել է «Բազրոբա Էլիավան»
Երեք ժամ շարունակ մոտ 30 հրշեջ-փրկարարական խումբ և 150 հրշեջ ու փրկարար պայքարում էին հրդեհի դեմ, որը գիշերը համակել էր Թբիլիսիի առևտրային կենտրոնը՝ «Բազրոբա Էլիավան»:
Զոհեր չկան: Թեթև վնասվածքներ է ստացել հրշեջներից մեկը: Հրդեհը ոչնչացրել է 2500 քառակուսի մետր առևտրային մակերես:
Էլիավայում տոնավաճառը ձևավորվել է 1990-ականների կեսերին: Սկզբում դրանք ինքնաշեն վաճառակետեր էին և փոքր խանութներ, որտեղ շինանյութ, մեքենաների պահեստամասեր, ամենօրյա օգտագորման ապրանք էր վաճառվում:
Հրդեհը բռնկվել է այն հատվածում, որտեղ պահեստամասեր էին վաճառում: Կրակը միանգամից տարածվել է զգալի տարածքի վրա: Իրավիճակը վատթարացել է նրանով, որ տոնավաճառում շատ է շուտ բռնկվող ապրանքը՝ անվադողեր, ներկեր, յուղեր, պլաստմասա: Փրկարար ծառայությունները հրդեհի մասին հաղորդում են ստացել 21.16: Այդ ժամին տոնավաճառի խանութների մեծ մասը փակ է եղել:
Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն: Ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել ՔՕ 187-րդ հոդվածով, որը այլոց գույքի ոչնչացում է ենթադրում:
Վերջին կես տարում սա երկրորդ հրդեհն է խոշոր առևտրային օբյեկտում: Հունվարին Թբիլիսիում այրվել է «Մանկական աշխարհը»՝ մեծ հանրախանութը, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին, որտեղ էր գտնվում նաև «ոսկու բորսան » և վաճառվում էին ոսկե իրեր: Առևտրականները զգալի վնասներ կրեցին: Մինչ այսօր նրանք Թբիլիսիի քաղաքապետարանից փոխհատուցում են պահանջում և ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպում: Այրված շենքը մինչև հիմա չի ապամոնտաժվել: Եվ հայտնի չէ, թե ինչ է կառուցվելու դրա փոխարեն: